Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.12.2007

Տեղի ունեցավ Հայաստանի 16-րդ առաջնության հանդիսավոր մրցանակաբաշխությունը

Երեկ, դեկտեմբերի 5-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի 16-րդ ազգային առաջնության մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը։ Երեկոյի հանդիսավար` Մարկ Սաղաթելյանը շնորհավորեց ֆուտբոլիստներին, մարզիչներին, բոլոր ներկաներին 2007թ մրցաշրջանի ավարտման կապակցությամբ եւ բեմ հրավիրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։

Պարոն Հայրապետյանը ողջունեց բոլոր ներկաներին, շնորհավորեց բոլորին մրցաշրջանի ավարտի կապակցությամբ, նշելով որ այս տարին «հայկական ֆուտբոլի ծննդյան տարին է» եւ հույս հայտնեց, որ ապագայում էլ մեր ֆուտբոլիստները կկարողանան ուրախացնեն երկրպագուներին կայուն եւ գեղեցիկ խաղով։

Այնուհետեւ, առաջին անգամ մրցանակաբաշխության պատմության մեջ, մեծարվեցին ֆուտզալի չեմպիոն թիմը, ֆուտզալի լավագույն ֆուտբոլիստը եւ մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վահան Սարգսյանը «Ամիկ» թիմից, ով այժմ հանդես է գալիս «Թալ Գրիգ» ակումբում, իսկ լավագույն ռմբարկուի կոչումը բաժին հասավ «Ադանայի» հարձակվող Արմեն Գյուլամբարյանին, ով այժմ հանդես է գալիս Կիպրոսում։ Չեմպիոնի գավաթը եւ ոսկե մեդալները ստացան «Պոլիտեխնիկի» ֆուտբոլիստները:

Հաջորդը բեմ հրավիրվեցին Հայաստանի առաջնության առաջին խմբի ոսկե մեդալակիրները` «Փյունիկ-2» թիմի ‎ֆուտբոլիստները, մարզիչները, ակումբի ղեկավարները։ Չորրորդ անգամ անընդմեջ առաջին խմբի հաղթող ճանաչված «Փյունիկ»-2 ֆուտբոլիստները պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով, ինչպես նաեւ «Արդար խաղի» առաջին խմբի մրցույթի հաղթողի դիպլոմով եւ վերջում թիմին հանձնվեց առաջին խմբի փոխանցիկ գավաթը։

Շնորհավորանքներ ընդունեց եւ դիպլոմով պարգեւատրվեց «Կիլիկիա» ակումբը «Արդար խաղի» բարձրագույն խմբի մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ։

Այնուհետեւ եկավ ժամանակը հանձնելու անհատական պարգեւները, որոնք սահմանել էին լրատվամիջոցները։
«Լավագույնը գոլ+փոխանցում» մրցանակը հանձնվեց «Արարատի» հարձակվող Մարկոսին։ Նրա փոխարեն բեմ բարձրացավ «Արարատի» մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը։ Մարկոսը 26 միավորով ճանաչվել էր հաղթող «Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ Սենիկ Կարա Պողոսյանի կողմից։
«Տարվա գլխավոր հայտնություն» պարգեւը բաժին հասավ «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանին։ Պարգեւը հանձնեց «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը։
«Ամենահուսալի երիտասարդ պաշտպան» մրցանակը «Հյումել» ընկերության կողմից ստացավ «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։

ՀՖՖ մրցավարական կոմիտեի որոշմամբ տարվա լավագույն մրցավար ճանաչվեց Արարատ Ճաղարյանը։

Հայաստանի 2007թ. առաջնության լավագույն ռմբարկուի պարգեւին արժանացավ Մարկոսը, եւ կրկին մրցանակը հանձնվեց Ռազմիկ Գրիգորյանին։

Մինչ բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների մեծարումը տեղի ունեցավ եւս մեկ նշանակալից իրադարձություն` լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրումը։ 2007թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը։

Այնուհետեւ բեմ հրավիրվեցին առաջնության բրոնզե մեդալակիրները` «Միկան», որին միայն վերջին տուրում հաջողվեց շրջանցել «Արարատին» եւ նվաճել երրորդ տեղը։ Ֆուտբոլիստները, մարզիչները եւ ղեկավարները պարգեւատրվեցին բրոնզե մեդալներով եւ դիպլոմներով։

Բեմ հրավիրվեցին նաեւ Հայաստանի փոխչեմպիոնները։ Ինչպես եւ անցած մրցաշրջանում արծաթե մեդալները բաժին հասան «Բանանցին»։ Ֆուտբոլիստները, մարզիչները եւ ղեկավարները պարգեւատրվեցին արծաթե մեդալներով եւ դիպլոմներով։

Պարգեւատրման հանդիսությունը եզրափակեցին Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» ղեկավար եւ մարզչական կազմը, ‎ֆուտբոլիստները։ 2007 թվականին` 7-րդ անգամ անընդմեջ, Երեւանի «Փյունիկն» արժանանում է Հայաստանի չեմպիոնի կոչմանը։
Ֆուտբոլիստներին, մարզիչներին եւ ակումբի ղեկավարությանը մեդալները, դիպլոմները եւ փոխանցիկ գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel