Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.05.2008

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշար. 3-րդ տուր

Մայիսի 27-ին տեղի ունեցան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի վերջին տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականն Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Իսպանիայի հավաքականի հետ և երրորդ անգամ այս մրցաշարում պարտություն կրեց: Առաջին կեսում հայ ֆուտբոլիստներն առավելություն ունեին և 21-րդ րոպեին կարողացան այն վերածել գոլի: Իր երկրորդ գնդակն այս մրցաշարում խփեց փյունիկցի Տիգրան Ոսկանյանը: Այնուհետև, մեր տղաները հաջողությունը զարգացնելու մի քանի ռեալ գոլային հնարավորություններ բաց թողեցին, սակայն առաջին կեսի մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին կրկնապատկեցին հաշիվը: Այս անգամ անհատական վարպետությամբ աչքի ընկավ «Բանանցի» հարձակվող Սարգիս Նասիբյանը: Ընդամենը մեկ րոպե անց իսպանացիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Սանտանդերի «Ռասինգի» հարձակվող Իվան Բոլադոն: Ի դեպ, դա Բոլադայի երկրորդ գոլն էր այս մրցաշարում: Երկրորդ կեսի 5-րդ րոպեին Դանիել Ակուինոյի ձախ եզրից կատարած փոխանցումը փորձեց կասեցնել մեր ընտրանու պաշտպան Արտակ Անտոնյանը, գնդակը փոխեց իր ուղղությունը և հայտնվեց ապակողմնորոշված Գևորգ Պրազյանի դարպասում: Այնուհետև խաղը վերահսկում էին արդեն իսպանացիները և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ֆրան Մերիդան երկու անգամ գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը: Առաջին դեպքում` հեռահար հարվածով, իսկ երկրորդում` Ֆրանը հստակորեն իրացրեց ազատ հարվածը: Արդյունքում Իսպանիան տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակն այս մրցաշարում և ապահովեց իր մասնակցությունը Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին:

Խմբի մյուս մրցավեճում, որը տեղի ունեցավ Երևանի «Միկա» մարզադաշտում հանդիպեցին ուկրաինացիներն ու թուրքերը: Ամբողջ խաղի ընթացքում Ուկրաինան բավական մեծ առավելություն ուներ և, խփելով երեք անպատասխան գնդակ, վստահ հաղթանակ տարավ: Երկու անգամ արդյունքի հասավ Կիևի «Դինամոյի» հարձակվող Արտյոմ Կրավեցը (17, 76), իսկ մեկ անգամ էլ` Կիևի «ԲԿՄԱ»-ի պաշտպան Ալեքսեյ Դովգիյը: Ի դեպ, խաղավարտից մի քանի րոպե առաջ Կրավեցը, չկարողանալով հստակորեն իրացնել 11-մետրանոց հարվածը, բաց թողեց իր հաշվին հեթ-թրիկ գրանցելու փայլուն հնարավորությունը:
Այսպիսով Իսպանիան վաստակեց 9 միավոր, Ուկրաինան`6, թուրքերը` 3, իսկ Հայաստանի ընտրանին պարտություն կրելով իր բոլոր հանդիպումներում չկարողացավ ձեռք բերել և ոչ մի միավոր:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel