Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.06.2008

«Կիկերս Օֆենբախ» - Հայաստանի հավաքական 3:4

Հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը գերմանական Օֆենբախ քաղաքի «Բիբերեր Բերգ» մարզադաշտում ընկերական խաղում ուժերը չափեց տեղի «Կիկերս Օֆենբախ» ակումբի հետ: Արդեն 30-րդ րոպեին մեր տղաներն առջևում էին 2:0 հաշվով: Նախ 19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռոբերտ Արզումանյանը, իսկ այնուհետև էլ այն կրկնապատկեց Գևորգ Ղազարյանը: Դեռ առաջին կեսում տանտերերին հաջողվեց կրճատել տարբերությունը: Աչքի ընկավ Վոյցեխ Պոլոկը: Հարկ է նշել, որ պահեստայինների նստարանին էին մնացել Հայաստանի հավաքականի մի քանի առանցքային խաղացողներ: Գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը խաղալու հնարավորություն էր տվել այն ֆուտբոլիստներին, ովքեր Մոլդովայի ու Հունաստանի հետ ընկերական մրցավեճերին չէին մասնակցել: Իսկ ինչ վերաբերում է Բելառուսում հանդես եկող լեգիոներներին` Աղվան Մկրտչյանին, Ալեքսանդր Թադևոսյանին ու Արթուր Ոսկանյանին և Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Սամվել Մելքոնյանին, ապա նրանք ընդհանրապես հայտավորված չէին այս խաղին, քանզի վերադարձել էին իրենց թիմերի շարքեր: Երկրորդ կեսի սկզբնամասում Հայաստանի ընտրանին անդադար գրոհում էր: 71-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո իր հաշվին դուբլ գրանցեց Արզումանյանը: Իսկ 5 րոպե անց հաշիվը 4:1 դարձրեց փոխարինման դուրս ելած Լևոն Պաչաջյանը: Սակայն վերջին 10 րոպեների ընթացքում «Կիկերսը» երկու գոլ խփեց: 81-րդ րոպեին հեղինակը Պատրիկ Հոֆմանն էր, իսկ 87-րդ րոպեին Դոմինիկի Լյուսի 11-մետրանոցից կատարած հարվածից հետո մեր դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Լյուիսը, այնուամենայնիվ, հաշիվը 3:4 դարձրեց: Սա հանդիպման վերջին գոլն էր: Հայաստանի ազգային հավաքականը տարավ հաղթանակ: Հունիսի 6-ին վաղ առավոտյան հայկական պատվիրակությունը կվերադառնա հայրենիք:

Հայաստանի հավաքական` Գրիգոր Մելիքսեթյան, Վահագն Մինասյան, Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան (Մարկոս Պիզելի, 46), Արա Հակոբյան (Էդգար Մանուչարյան, 64), Կարլեն Մկրտչյան (Լևոն Պաչաջյան, 64), Գևորգ Ղազարյան (Համլետ Մխիթարյան, 75), Արթուր Մինասյան, Կարեն Ալեքսանյան:

Գլխավոր մարզիչ` Յան Պոուլսեն

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel