Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.08.2008

Հայաստան – Թուրքիա. երիտասարդական հավաքականներ 2:1

Օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին Երևանի «Հրազդան» մարզադաշտում 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում ընդունեց Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականին: Թուրքերի համար այս հանդիպումը մրցաշարային առումով չափազանց մեծ նշանակություն ուներ, իսկ մեր թիմը, ճիշտ է կորցրել է հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորությունները, միևնույն է ներդրեց իր ողջ ուժերն ու հիանալի հաղթանակ տարավ:
Ունենալով բավական մեծ առավելություն ամբողջ առաջին կեսի ընթացքում Վարուժան Սուքիասյանի սաներին, այնուամենայնիվ, չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:

Երկրորդ կեսում պատկերը մի փոքր փոխվեց և թուրքերին հաջողվեց խաղը տեղափոխել մեր թիմի կիսադաշտ: 67-րդ րոպեին Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Միխեիլ Սիմոնյանի անփույթ խաղից հետո, թուրքերը շատ արագ գրոհ կազմակերպեցին ու երեք հոգով դուրս եկան մեր դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի դեմ: Մրցակցի առաջին հարվածից հետո Մելիքսեթյանը ետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Աբդուլլա Դուրակը երկրորդ փորձից գրավեց մեր թիմի անպաշտպան դարպասը:
Ընթանում էր մրցավեճի 89-րդ րոպեն և թվում էր Թուրքիային կհաջողվի գործը հասցնել իր հաղթական ավարտին: Բայց դրվագներից մեկում մրցակցի տուգանայինի մատույցներում մեր տղաները տուգանային հարվածի իրավունք ստացան: Գնդակին մոտեցան այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Հովհաննես Գոհարյանը, ում համար սա առաջին հանդիպումն էր Հայաստանի երիտասարդական ընտրանու կազմում: Նրա փայլուն փոխանցումից հետո Կառլեն Մկրտչյանը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Օնուր Կիվրակի դարպասը: Իսկ քիչ անց Հենրիխ Մխիթարյանը, պատ խաղարկելով նույն Գոհարյանի հետ, մենա մենակ մնաց թուրք դարպասապահի հետ ու սառնասրտորեն օգտագործեց փայլուն հնարավորությունը: 2:1` Հայաստանի երիտասարդական հավաքականը դժվարին հաղթանակ տարավ սկզբունքային մրցակցի նկատմամբ:

Վարուժան Սուքիասյան, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ`


Շնորհավորում են բոլորին` հավաքականի տղաներին, լրագրողներին և ամբողջ հայ ժողովրդին: Սա պատմական հաղթանակ էր: Տղաներն ամեն ինչ արեցին` դրական արդյունքի հասնելու համար: Միխեիլ Սիմոնյանի սխալից հետո մենք գոլ բաց թողեցինք, սակայն այնուհետև, հավաքելով մեր ողջ ուժերը, կարողացանք հաղթանակ տանել զորեղ մրցակցի նկատմամբ: Ճիշտ է նրանց կազմում բացակայում էր այս ընտրանու գլխավոր աստղ` Նուրի Շահինը, այնուամենայնիվ, մրցակցիը լավ տպավորություն գործեց: Մասնավորապես ակտիվ էր նրանց հարձկվող Բատդալը, ում հետ շատ դժվար էր պայքարել երկրորդ հարկում:
Ինչևէ, մենք հաղթեցինք և այդ կապակցությամբ ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր թիմի ֆուտբոլիստներին:

Մուֆիթ Էրկասապ, Թուրքիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ`


Երկու թիմերն էլ հաղթելու մեծ ցանկություն ունեին: Մենք սպասում էինք, որ մրցակիցն այսպիսի ագրեսիվ ոճով հանդես եկավ, և ցավոք մեր սպասելիքներն արդարացան: Սա այնպիսի խաղ էր, որտեղ յուրաքանչյուրը կարող էր առավելության հասնել: Ճիշտ է մենք պարտվեցինք, սակայն չենք կորցրել եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունները:

Հայաստանի երիտասարդական հավաքական`
Գրիգոր Մելիքսեթյան, Կարեն Վ. Խաչատրյան, Արթուր Ստեփանյան (Հայկ Չիլինգարյան, 76'), Միխեիլ Սիմոնյան , Արտակ Անդրիկյան, Արթուր Եդիգարյան, Նորայր Սահակյան (Գևորգ Նռանյան, 81'), Հովհաննես Գոհարյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Արսեն Բալաբեկյան, 64'), Կառլեն Մկրտչյան:


Թուրքիայի երիտասարդական հավաքական` Օնուր Կիվրակ, Այկուտ Դեմիր, Ֆերհաթ Օզթուրուն (Վոլկան Շեն, 46'), Էրեն Գյունգոր, Օրհան Սամ, Աբդուլլա Դուրակ, Թունայ Թորուն, Զաֆեր Յելեն (Ջեմ Փոլ Կարաչան, 54'), Մեհմեթ Բաթդալ, Իլհան Փարլակ (Մուրատ Դուրուեր, 81'), Ալպարսլան Էրդեմ:

Գոլեր` Աբդուլլա Դուրակ, 68, Կառլեն Մկրտչյան, 89, Հենրիխ Մխիթարյան, 90+2

Զգուշացումներ` Հովհաննես Գոհարյան, 48, Այկուտ Դեմիր, 51, Թունայ Թորուն, 54, Մեհմեթ Բաթդալ, 88

Գլխավոր մրցավար` Միքայել Սվենդսեն (Դանիա)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel