Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.10.2008

Յան Պոուլսեն. «անհնարին ոչինչ չկա»

Հոկտեմբերի 3-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցած մամուլի-ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակեց Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների ընդլայնված կազմը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին և 15-ին կայանալիք Բելգիայի և Բոսնիայի հավաքականների հետ ՖԻՖԱ 2010 Աշխարհի Գավաթի ընտրական փուլի հանդիպումներին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:45-ին, իսկ չորս օր անց մեր թիմը կմրցի բոսնիացիների հետ, Զենիցա քաղաքի «Բիլինո Պոլյե» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:15-ին:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`

Դարպասապահներ`

Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան)
Գևորգ Կասպարով («Ուլիս»)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Ալեքսանդր Թադևոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)
Հրայր Մկոյան («Արարատ»)
Հովհաննես Գրիգորյան («Բանանց»)
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Վահագն Մինասյան («Արարատ»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Լեւոն Պաչաջյան («ԳԱԻՍ», Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Կարեն Ալեքսանյան («Տորպեդո», Ժոդինո, Բելառուս)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Հարձակվողներ`

Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Ռոբերտ Զեբելյան («Բալտիկա», Ռուսաստան)
Արսեն Բալաբեկյան («Բանանց»)
Նարեկ Բեգլարյան («Միկա»)

Ընդլայնված կազմը հրապարակելուց հետո, մարզիչը մի փոքր մեկնաբանեց այն. «Էդգար Մանուչարյանի բացակայությունը ցուցակում պայմանավորված է նրա վնասվածքով: Այս անգամ ես հրաժարվեցի Ռոմիկ Խաչատրյանի ու Կարեն Դոխոյանի ծառայութնուններից: Ես նրանց հետ արդեն փոքրիկ զրույց եմ ունեցել և բացատրել` հավաքական չհրավիրելու պատճառները: Աշխարհի Գավաթի ընտրական փուլի առաջին երկու հանդիպումներից հետո, որոնք մեզ համար պարտությամբ ավարտվեցին, այժմ շատ դժվար է լուծել հիմնական փուլ դուրս գալու խնդիրը: Եկել է երիտասարդներին փորձարկելու ժամանակը: Իսկ Ռոմիկն ու Կարենը, ճիշտ է, շատ փորձառու են, սակայն կորցրել են իրենց արագությունը: Փորձառու ֆուտբոլիստներից մնացել են Սարգիս Հովսեփյանն ու Համլետ Մխիթարյանը: Վերջինս Թուրքիայի հետ մրցավեճում իր լավագույն խաղը չանցկացրեց, բայց դա այն ժամանակ, կարծում եմ, պայմանավորված էր նրա խաղային պրակտիկայի պակասի հետ: Այժմ Համլետը մշտապես խաղում է իր թիմի կազմում և այդ իսկ պատճառով կրկին հրավեր է ստացել ազգային հավաքական: Խաղային պրակտիկայի պակասի խնդիր ունի մեր առանցքային կիսապաշտպաններից մեկը` Արարատ Առաքելյանը, ով չի խաղում Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Եվ դա էլ ավելի է բարդացնում մեր խնդիրը»:
Պոուլսենը անդրադարձավ նաև սեպտեմբերին կայացած Թուրիքիայի ու Իսպանիայի հետ հանդիպումներին «Այդ խաղերն այնպես չընթացան, ինչպես մենք ակնկալում էինք: Ցանկությունը բոլորիս մոտ անչափ մեծ էր: Սակայն ճնշումը ֆուտբոլիստների վրա հսկայական էր: Իհարկե, մեզանից պահանջում են անընդհատ բարձրակարգ ֆուտբոլ խաղալ, բայց պետք է իրատես լինել: Կարող են լինել լավ արդյունքներ, ինչպես Պորտուգալիայի, Լեհաստանի կամ, ասենք, Հունաստանի հավաքականների հետ մրցավեճերում: Բայց շատ դժվար է 10-ը հանդիպում անընդմեջ նույն մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Պետք է հասկանալ, որ մենք մրցում էին Եվրոպայի ուժեղագույն հավաքականների շարքին դասվող ընտրանիների հետ: Պետք է լինել համբերատար: Երբ տուն ես կառուցում, ապա սկսում ես ոչ թե տանիքից, այլ հիմքից: Նույնը պետք է լինի հայկական ֆուտբոլում: Անհրաժեշտ է սկսել մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլի զարգացումից: Մարիզչներ կրթելուց, պայմանները բարելավելուց: Հայկական ֆուտբոլի խնդիրներից մեկն այն է, որ Երևանից դուրս այն զարգացում գրեթե չի ապրում: Կան իհարկե բացառություններ, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը այդքան էլ լավ չէ: Ես ընդունում եմ քննադատություն, սակայն չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր մինչև Թուրքիայի հետ հանդիոպւմը, մոտենում էին ինձ ու ասում, որ շատ գոհ են մեր կատարած աշխատանքից, քանզի երբևիցե չէր եղել այնպիսի դեպք, երբ անցկացրած 6 խաղից Հայաստանի ազգային հավաքականը պարտվի ընդամենը մեկում: Իսկ վերջին երկու պարտությունից հետո սկսվեց խոսվել այն մասին, որ հայկական ֆուտբոլն անհույս վիճակում է: Դա արդարացի չէ, առաջին հերթին, ֆուտբոլիստների նկատմամբ»:
Դանիացի մասնագետը նաև նշեց, որ վերջին ժամանակաշրջանում դրական քայլեր են արվել հայկական ֆուտբոլի զարգացման գործընթացում. «Մենք դարձել ենք մասսայական ֆուտբոլի ընտանիքի անդամ և այժմ կարող ենք աջակցություն ունենալ այդ բնագավառում ՈՒԵՖԱ-ից: Մենք նաև B կարգի մարզչական դասընթացներ անցկացնելու իրավունք ենք ստացել, ինչը նույնպես ես շատ եմ կարևորում»:
Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը խոսեց նաև հոկտեմբերի 11-ին ու 15-ին կայանալիք Բելգիայի ու Բոսնիայի հետ հանդիպումների մասին. «Երկուսն էլ լավ մակարդակի եվրոպական թիմեր են: Կարևոր է մեր խաղը նրանց թելադրել ու այդ ժամանակ կլինեն հաջողություններ: Իհարկե շատ դժվար է լինելու, առավել ևս, որ մենք հանդես ենք գալու մրցակիցների հարկի տակ: Սակայն հեշտ հանդիպումներ չկան: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Իսկ, ինչ վերաբերում է հիմնական փուլ դուրս գալուն, ապա ասեմ, որ դա իրատեսական չէ, սակայն անհնարին ոչինչ չկա»,- ահա այսպես ավարտեց իր ելույթը Յան Պոուլսենը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel