Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.10.2008

Հայաստանի հավաքականը Բրյուսելում է

Խաղից առաջ

Հայաստանի ազգային հավաքականը երեկ` հոկտեմբերի 9-ին, ժամանեց Բրյուսել և տեղավորվեց «Մարիոթ» հյուրանոցում։ Մեր թիմն իր առաջին մարզումն անցկացրեց «Սենտ Ժիլ» ֆուտբոլային ակումբի «Ժոզեֆ Մարիան» մարզադաշտում։ Առաջին մարզմանը մասնակցեցին բոլոր 20 ֆուտբոլիստները, ովքեր ժամանել են Բրյուսել՝ պատրաստվելու Բելգիայի ազգային հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպմանը։

Իսկ արդեն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի ազգային ընտրանին «Ռուա Բոդուեն» մարզադաշտում, որտեղ էլ հենց կկայանա վերը նշված հանդիպումը, նախախաղյա մարզում անցկացրեց։ Մարզման ընթացքում թիմերը մոտ 15 րոպե տևողությամբ երկկողմանի հանդիպում անցկացրեցին՝ բաժանվելով պայմանական Ա և Բ թիմերի։ 1:0 հաշվով հաղթեց Բ թիմը, իսկ միակ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը։ Բոլոր 20 ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցելու հոկտեմբերի 11-ին կայանալիք խաղին։ Վնասվածքներ չկան։ Յան Պոուլսենը միայն վաղը կընտրի այն 18 ֆուտբոլիստներին, ովքեր կընդգրկվեն Բելգիա–Հայաստան մրցավեճի հայտում։

Մարզումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը պատասխանեց լրագրողների հարցերին, որտեղ նշեց, որ մեր թիմի առաջիկա մրցակցին՝ Բելգիայի հավաքականին, համարում է դժվար մրցակից. «Բելգիան բարձրակարգ հավաքական է։ Պարզ է, որ նրանք անընդհատ փորձելու են հարձակվել, որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել մրցակցի կիսադաշտում։ Բայց նրանց դեմ կարելի է պայքարել և ես իմ տղաներին ասել եմ, որ կարևորը ինքնավստահ լինել և առանց վախի խաղադաշտ դուրս գալն է։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեր լավագույն որակները դրսեվորելու ու հաջող արդյունքի հասնելու համար»։

Կարծիքներ Բելգիայի հավաքականի հետ խաղից առաջ՝

Լևոն Պաչաջյան, կիսապաշտպան («ԳԱԻՍ», Շվեդիա).
«Դժվար հանդիպում է սպասվում։ Վերջին անհաջող խաղերից հետո մենք ապացուցելու շատ բան ունենք։ Եվ ընդհանուր առմամբ, ես գալիք երկու խաղերից առնվազն երկու միավորի ակնկալիք ունեմ։ Մինիմում երկու միավոր վաստակելու դեպքում միայն կլինեմ քիչ թե շատ բավարարված։ Բելգիայի ընտրանուն ես ավելի բարձրակարգ թիմ եմ համարում, քան Բոսնիային։ Ճիշտ է, ես նրանց վերջին խաղերը չեմ տեսել, բայց արձագանքներից ու լրատվամիջոցներից ստացած տեղեկատվությունից,կարող եմ ենթադրություն անել, որ այս տարի նրանք ավելի ուժեղ են, քան նախորդ մրցափուլում։ Բելգիան պատմականորեն մեզ համար շատ անհարմար մրցակից է։ Մենք նրանց հետ բավական լավ ֆուտբոլ ենք խաղում, սակայն ամեն անգամ պարտվում։ Այս տարի ակնկալիքները լրիվ այլ են։ Բացի այդ, ես շատ եմ ուզում, որպեսզի մենք վերջապես գրավենք բելգիացիների դարպասը. գոլը մեզ համար ընդհանրապես առաջինը կլինի այս ընտրական փուլում»։

Սարգիս Հովսեփյան, պաշտպան («Փյունիկ»).
«Գալիք խաղերից ակնկալիքներս շատ են։ Դրական մթնոլորտ է ստեղծվել, որը պետք է պահպանվի նաև առաջին խաղից հետո։ Բելգիան լավ հավաքական է։ Այդպիսի ենթադրություններ անելու համար հեռու գնալ պետք չէ։ Հերիք է միայն վերհիշել, որ ընդամենը մեկ ամիս առաջ նրանք հավասար պայքար մղեցին 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Թուրքիայի ընտրանու դեմ արտագնա խաղում, երբ մրցակիցը միայն երկրորդ կեսի միջնամասում կարողացավ խուսափել պարտությունից։ Ինձ համար բավարար կհամարեմ, եթե առաջիկա երկու մրցավեճում, մենք առնվազն երկու միավոր վաստակենք, քանզի արտագնա խաղերում երկու ոչ ոքին կարելի է դրական արդյունք համարել։ Բելգիայի ընտրանու կազմում ոչ մի ֆուբոլիստի չեմ առանձնացնի։ Նրանց ուժը՝ կոլեկտիվ խաղն է։ Ինձ մոտ էլ այնպիսի զգացողություն կա, որ բելգիացիների հետ խաղում մենք անպայման գոլ ենք խփելու։ Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր, նույնիսկ առանց հաղթանակների շարք, հատկություն ունի ավարտվելու»։

Ալեքսանդր Թադևոսյան, պաշտպան («Վիտեբսկ», Բելառուս)
«Թե՛, Բելգիան, թե՛ Բոսնիան բավական բարդ մրցակիցներն են, սակայն նրանց հետ խաղերում դրական արդյունք ապահովելն իրատեսական է։ Ինձ համար նույնպես երկու միավորը կարելի է բավարար համարել գալիք խաղերում։ Բելգիայի ընտրանին գուցեև ավելի ավելի ուժեղ է, սակայն չեմ համարում, որ այստեղ կան գերաստղեր։ Նույն Դանիել Վան Բյույտենը, ով հանդես է գալիս այնպիսի գերակուկբի կազմում, ինչպիսին է Մյունխենի «Բավարիան», միևնույն է չի կարող համարվել առաջին մեծության աստղ։ Վստահ եմ, որ արդեն բելգիացիների հետ մրցավեճում կխփենք մեր առաջին գոլը 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարում։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Համենայն դեպս սպասելիքները մեծ են»։

Աղվան Մկրտչյան, պաշտպան («Գոմել», Բելառուս)
«Իհարկե, ըստ ՖԻՖԱ–ի դասակարգման աղյուսակի, երկու ընտրանիներն էլ մեզանից ավելի բարձր տեղ են զբաղեցնում, սակայն դա չի նշանակում, որ մենք շանսեր չունենք։ Նրանց դեմ կարելի է պայքարել և ասեմ ավելին, ես նրանց հետ մրցավեճերում չորս միավորի ակնկալիք ունեմ։ Այսօր անպարտելի մրցակիցներ չկան, չկան նաև ընտրանիներ, որոնց դեմ անհնար է պայքարել։ Իհարկե, նրանց կազմերում խաղում են ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս եվրոպական առաջատար առաջնություններում, սակայն պետք է ինքնացստահ լինել, դուրս գալ խաղադաշտ դրական տրամադրվածությամբ ու պայքարել։ Ես, ինչպես նաև իմ խաղընկերները, գոլ խփելու ակնկալիք ունենք արդեն Բելգիայի ընտրանու հետ մրցավեճում։ Գիտեմ, որ նրանց հետ խաղերում շատ ցավալի վիճակագրություն ունենք՝ 4 խաղում 8 բաց թողած և ոչ մի խփած գնդակ։ Բայց մենք ամեն ինչ կանենք՝ այդ տխուր ավանդույթը խախտելու համար»։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel