Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.10.2008

Բելգիա – Հայաստան 2:0

Հոկտեմբերի 11-ին Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց իր երրորդ հանդիպումը 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մրցակիցը Բելգիայի ընտրանին էր:

Չնայած երկու թիմերի կազմերում տարբեր պատճառներով բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, հանդիպումն անցավ բավական լարված պայքարում: Հայաստանի ընտրանին ակտիվ սկսեց խաղը` առաջին րոպեներին շատ ժամանակ անցկացնելով մրցակցի կիսադաշտում: Մրցակիցը սկզբնամասում հակագրոհում էր: Եվ 21-րդ րոպեին այդ հակագրոհներից մեկն ավարտվեց Ռոման Բերեզովսկու դարպասի գրավումով: Օգտվելով մեր պաշտպանական գծի անհամաձայնեցված գործողություններից` «Բրյուգեի» հարձակվող Ուեսլի Սոնկը մոտ տարածությունից ոչ մի շանս չթողեց մեր դարպասապահին: Ընդամենը մի քանի րոպե անց Արման Քարամյանը կարող էր վերականգնել հավասարակշռությունը, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Թվում էր` թիմերն ընդմիջման կգնան բելգիացիների նվազագույն առավելությամբ, սակայն այդ կարծիքի հետ համաձայն չէր անգլիական «Էվերթոնի» հենակետային Մարուան Ֆելաինին, ով կրկին օգտվեց մեր պաշտպանների սխալից և երկրորդ անգամ ստիպեց Բերեզովսկուն գնդակը հանել սեփական դարպասից:

Երկրորդ կեսն անցավ հավասար պայքարում: Արդյունքի հասնելու հնարավորություններ բաց թողեցին թե տանտերերը, և թե Պոուլսենի սաները: Սակայն լուսատախտակի վրա խաղավարտից հետո էլ պահպանվեց Բելգիայի առավելությունը` 2:0: Սա այս երկու հավաքականների 5-րդ մրցավեճն էր պատմության ընթացքում և 5-րդ անգամ անընդմեջ Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց գրավել բելգիացիների դարպասը: Բացի այդ մեր տղաները կրեցին իրենց երրորդ անընդմեջ պարտությունը 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարում:

5-րդ խմբի մյուս երկու մրցավեճերում գրանցվեցին հետևյալ արդյունքները` Էստոնիա – Իսպանիա 0:3 և Թուրքիա – Բոսնիա 2:1: Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են իսպանացիները, որոնք իրենց ակտիվում ունեն 9 միավոր: 7-ական միավորով նրանց հետապնդում են թուրքերն ու բելգիացիները: Բոսնիան ունի 3 միավոր, իսկ 0 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի ու Էստոնիայի ընտրանիները:

Հոկտեմբերի 15-ին տեղի կունենան 5-րդ խմբի 4-րդ տուրի հանդիպումները: Մեր հավաքականն արտագնա խաղում ուժերը կչափի Բոսնիայի ընտրանու հետ: Մրցավեճը տեղի կունենա Զենիցա քաղաքի «Բիլինո Պոլյե» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:15-ին:


Բրյուսել, «Ռուա Բոդուեն» մարզադաշտ

Գլխավոր մրցավար`
Պետեր Ռասմուսեն (Դանիա)

ԲԵԼԳԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ 2:0

Գոլեր` Սոնկ, 21; Ֆելաինի, 37

Զգուշացումներ` Թադևոսյան, 31; Ալեքսանյան, 55

Հայաստանի հավաքական` Ռ. Բերեզովսկի, Ս. Հովսեփյան, Ռ. Արզումանյան, Ա. Թադևոսյան, Ա. Մկրտչյան, Կ. Ալեքսանյան (Ա. Հակոբյան, 64), Ա. Առաքելյան, Ա. Ոսկանյան, Լ. Պաչաջյան, Արմ. Քարամյան (Հ. Մխիթարյան, 87), Ռ. Զեբելյան (Ս. Մելքոնյան, 81):

Պահեստայիններ` Գ. Կասպարով, Վ. Մինասյան, Հ. Մկոյան, Ա. Եդիգարյան

Գլխավոր մարզիչ` Յան Պոուլսեն

Բելգիայի հավաքական` Ս. Ստեյնեն, Տ. Սիմոնս, Վ. Կոմպանի, Գ. Ժիլ, Յ. Վան Դամ, Յ. Ֆերտոնգեն, Մ. Ֆելաինի, Ս. Դեֆուր (Ս. Հույսեգեմս, 73), Ա. Վիտսել, Ու. Սոնկ (Տ. Դե Սուտեր, 88), Մ. Դեմբելե:

Պահեստայիններ` Ս. Պրոտո, Ֆ. Դամս, Դ. Վան Բյույտեն, Մ. Դե Ման, Ա. Վանդեն Բորե:

Գլխավոր մարզիչ` Ռենե Վանդերէյկեն

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel