Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.10.2008

Կարծիքներ Բելգիա – Հայաստան խաղից հետո

2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն։ Մեկ օր անց, երբ արդեն բոլոր կրքերը հանդարտվել են և կարելի է ավելի իրատեսական գնահատել իրավիճակը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն ու թիմի դարպաապահ Ռոման Բերեզովսկին իրենց կարծիքները հայտնեցին անցած և առաջիկա հանդիպումների մասին ՀՖՖ պաշտոնական կայքին։

Յան Պոուլսեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Երբեք գոհ չես կարող լինել, երբ պարտվում ես։ Ես կիրակի առավոտյան դիտեցի հանդիպումը ևս մեկ անգամ Վարդան Մինասյանի հետ միասին։ Ցանկանում եմ ասել, որ առաջին խաղակեսում մենք, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված էինք խաղում, կոմպակտ։ Սակայն, ցավոք սրտի, երկու պարզագույն սխալ գործեցինք։ Հարկ է նշել, որ ոչ թե բելգիացիները ստեղծեցին այդ պահերը, այլ մենք նրանց նվիրեցինք այդ գոլերը։

Ընդմիջման ընթացքում հանդերձարանում ես տղաներին ասացի, որ պետք է ավելի ագրեսիվ գործենք, սակայն երկրորդ խաղակեսում դա երբեմն ստացվում էր։ Իհարկե, մրցակիցը երկու–երեք հակագրոհ անցկացրեց, որոնք չափազանց վտանգավոր էին, ու մենք նման պահեր երկրորդ կեսում չունեցանք, սակայն արդեն հատկանշական է այն փաստը, որ Բելգիան սեփական հարկի տակ նաև հակագրոհում էր, այլ ոչ թե գրոհում։ Ամեն դեպքում, մեր ֆուտբոլիստները աշխատեցին, հատկապես առաջին քսան րոպեների ընթացքում լավ տպավորություն ստեղծեցին։ Իհարկե, բոլորս էլ հիասթափված ենք խաղի արդյունքից, սակայն մենք հասկանում ենք, որ նույն ֆուտբոլիստները չէին ցանկանում այդ սխալները գործել։ Այս մակարդակի խաղերում մրցակիցը միշտ պատժում է ու, նման սխալներ գործելով, հաղթելը շատ դժվար է։ Այն հարցին, թե արդյո՞ք կլինեն փոփոխություններ կարող եմ ասել, որ մենք միշտ քննարկում ենք տարբեր հնարավորություններ, ու դա հնարավոր է։

Հաջորդ հանդիպման մասին կարող եմ ասել հետևյալը՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը բավական լավ թիմ է։ Կա մեծ տարբերություն, երբ բոսնիացիները խաղում են տանը և դրսում. եթե չեմ սխալվում, նրանք վերջին երկու–երեք տարվա ընթացքում ընդամենը երկու հաղթանակ են տարել մրցակցի հարկի տակ։ Այդ առումով նրանք մեզ նման են, քանի որ Հայաստանի հավաքականն էլ շատ ավելի լավ է խաղում սեփական հարկի տակ։ Բոսնիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ առաջնություններում, որոշները եղանակ են ստեղծում իրենց ակումբներում։ Մեզ նույնպես շատ բարդ հանդիպում է սպասվում։
Ինչ վերաբերում է ավելի հարձակվողական կազմ ընտրելու հարցին, ապա կասեմ, որ մենք արդեն փոխել ենք որոշ բաներ Բելգիայի հետ խաղում, ու ավելի հարձակվողական կազմ ընտրելու հնարավորություն ես տեսնում եմ։

Ռոման Բերեզովսկի, Հայաստանի հավաքականի դարպասապահ

Առաջին երկու hանդիպումների hամեմատ տղաներն ավելի լավ խաղացին, սակայն արդյունք չկա, իսկ ժամանակակից ֆուտբոլում կարևորը հենց դա է։ Իհարկե, բաց թողած գոլերի դեպքում տեղի ունեցավ զգոնության կորուստ, ընդամենը մեկ ակնթարթ, բայց մրցակիցը պատժեց մեզ։ Հաջորդ խաղում կարող ենք պայքարել, ինչ վերաբերում է երիտասարդ ֆուտբոլիստներին, ապա ես տեսնում եմ, որ նրանց աչքերը վառվում են, լուրջ ցանկություն կա և դա հաճելի է, լավ է, որ կա թարմ արյուն։
Համաձայն եմ, որ կազմը Իան Պորտերֆիլդի ժամանակից գրեթե չի փոխվել։ Ես ասել եմ հարցազրույցներից մեկում և ևս մեկ անգամ կարող եմ կրկնել, որ այն ժամանակ ստեծվել էր հատուկ իրավիճակ, երբ մարզիչը հիվանդ էր, ու յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ամբողջ թիմը ցանկանում էր նրան աջակցել, օգնել, յուրաքանչյուրը գործում էր ուժերի գերլարումով ու դա արդյունք բերեց մի քանի խաղերում։ Բոսնիայում մենք կպայքարենք և հուսանք՝ ավելի լավ արդյունքի կհասնենք։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel