Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.10.2008

Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան 4:1

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր չորրորդ հանդիպումը 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարի խմբային փուլի շրջանակներում և կրեց իր չորրորդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ մեր թիմը Զենիցա քաղաքի «Բիլինո Պոլյե» մարզադաշտում մրցեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ:

Խաղն ավելի ակտիվ սկսեցին տանտերերը, ովքեր դեռ առաջին րոպեներին մի քանի անգամ անհանգստացրեցին մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Աստիճանաբար մեր տղաները փոխեցին խաղի ընթացքն ու սկսեցին ակտիվորեն հակագրոհել: Դրվագներից մեկում Արման Քարամյանի հարվածից հետո բոսնիացիների դարպասապահ Գորան Բրասնիչին հարկ եղավ ցուցադրել իր ողջ վարպետությունը, իսկ այնուհետև` անկյունայինի խաղարկումից հետո, սխալվեց Բերեզովսկին, և Սպահիչին մնում էր գրավել գրեթե անպաշտպան դարպասը: Առաջին կեսի ավարտից վեց րոպե առաջ գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Էդին Ջեկոն կրկնապատկեց հաշիվը, և թիմերը գնացին ընդմիջման տանտերերի երկու գնդակի առավելությամբ: Երկրորդ 45 րոպեները բոսնիացիները կրկին ակտիվորեն սկսեցին, և մեկնարկում փոխարինման դուրս ելած Զլատան Մուսլիմովիչը խփեց իր թիմի երրորդ գնդակը` փարատելով հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները: Մեր տղաներին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել, որն ի դեպ առաջինն էր 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարի խմբային փուլում: Աչքի ընկավ արարատցի Վահագն Մինասյանը: Իսկ հանդիպման վերջակետը դրեց Մուսլիմովիչը` խփելով այս մրցավեճում իր երկրորդ գնդակը:

5-րդ խմբի մյուս մրցավեճերում գրանցվեցին հետևյալ արդյունքները` Էստոնիա – Թուրքիա 0:0, Բելգիա – Իսպանիա 1:2 (Գոլերը` Ուեսլի Սոնկ, 7 (Բելգիա); Անդրես Ինիեստա, 36, Դավիդ Վիլյա, 88 (Իսպանիա): Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 12 միավրով գլխավորում են իսպանացիները: Թուրքերը 8 միավորով երկրորդն են, Բելգիան` երրորդը (7 միավոր), Բոսնիան` չորրորդը (6 միավոր), Էստոնիան` հինգերորդը (1 միավր), իսկ 0 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Հայաստանի ազգային հավաքականը:

Զենիցա, «Բիլինո Պոլյե» մարզադաշտ

Գլխավոր մրցավար` Ասաֆ Կենան (Իսրայել)

Բոսնիա և Հերցեգովինա – ՀԱՅԱՍՏԱՆ 4:1

Գոլեր` Սպահիչ, 31; Ջեկո, 39; Մուսլիմովիչ, 56; Մինասյան, 84; Մուսլիմովիչ, 89

Զգուշացումներ` Սպահիչ, 32; Քարամյան, 75



Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքական` Գ. Բրասնիչ, Է. Սպահիչ (Վ. Վասիլիչ, 68), Դ. Դամյանովիչ, Ա. Մրավաց, Է. Ռահիմիչ, Ս. Մուրատովիչ, Ջ. Բերբերովիչ (Ա. Վլադավիչ, 62), Ս. Սալիհովիչ, Զ. Միսիմովիչ, Է. Ջեկո, Վ. Իբիշևիչ (Զ. Մուսլիմովիչ, 46):

Պահեստայիններ` Բ. Տրիպիչ, Մ. Բարտոլովիչ, Ս. Իբրիչիչ, Մ. Պյանիչ,:

Գլխավոր մարզիչ` Միրոսլավ Բլաժևիչ

Հայաստանի հավաքական` Ռ. Բերեզովսկի, Ս. Հովսեփյան, Ռ. Արզումանյան, Ա. Թադևոսյան, Ա. Մկրտչյան, Ա. Եդիգարյան (Վ. Մինասյան, 60), Ս. Մելքոնյան (Ա. Առաքելյան, 42), Ա. Ոսկանյան, Լ. Պաչաջյան, Արմ. Քարամյան, Ռ. Զեբելյան (Ա. Հակոբյան, 73):

Պահեստայիններ` Գ. Կասպարով, Հ. Մկոյան, Հ. Մխիթարյան, Գ. Ղազարյան

Գլխավոր մարզիչ` Յան Պոուլսեն

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel