Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.10.2008

Կարծիքներ Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան խաղից հետո

2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին Զենիցայի «Բիլինո Պոլյե» մարզադաշտում 1:4 հաշվով պարտվեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն։ Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն ու թիմի հարձակվող Ռոբերտ Զեբելյանն իրենց կարծիքները հայտնեցին անցած հանդիպումների մասին ՀՖՖ պաշտոնական կայքին։

Յան Պոուլսեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Բոսնիան այս խաղի ժամանակ մի գլուխ բարձր էր մեզանից, հատկապես առաջին կեսում: Կոպիտ սխալները ստիպեցին մեզ երկու անգամ գնդակը հանել սեփական դարպասից, ինչից հետո շատ դժվար էր վերադասավորվել ու հավասար պայքարել էմոցիոնալ վերելք ապրող բոսնիացիների հետ:

Եթե համեմատենք Բոսնիայի ու Բելգիայի հավաքականներին, ապա այստեղ առկա են երկու տարբեր ոճեր: Բոսնիացիներն ավելի հարձակվողական են, կազմակերպված: Բելգիան երիտասարդ, բայց արագ թիմ է: Բացի այդ տարբերություն կա Բոսնիան տանն է խաղում, թե դրսում:

Ինչևէ, համաձայնվենք, որ չափազանց դժվար խաղացանկ էր: Ընդամենը մեկ խաղ տանը, այն էլ Թուրքիայի հետ և երեք անընդմեջ արտագնա հանդիպում ուժեղ մրցակիցների հետ: Չեմ արդարանում և համոզված եմ, որ պետք է ճիշտ հետևություններ անել, դասեր քաղել այս պարտություններից ու շարժվել առաջ:


Ռոբերտ Զեբելյան, Հայաստանի հավաքականի հարձակվող

Սեփական խաղից դժգոհ եմ: Անընդհատ վնասվածքներ ունեի ամբողջ մրցաշրջանի ընթացքում, վերջինն էլ ստացա Թուրքիայի հետ խաղից հետո մարզման ժամանակ։ Երկար ժամանակ չէի մարզվում, ու այս պահին դա է պատճառը, որ ես օպտիմալ մարզավիճակում չեմ։ Ինչ վերաբերում է իմ փոխարինմանը, ապա չեմ կարող ասել, արդյո՞ք դա կապված է վնասվաքիցս հետ, բայց խաղից հետո էլ ձեռքս ուռել է և բավական ցավում է։

Այսօր մեզ մոտ չէր ստացվում երկրորդ տեմպով խաղալ, նրանք, օրինակ, Ռահիմիչը, տիրում էին բոլոր գնդակներին և արագ գրոհներ էին սկսում։ Առջևի գծում, նաև ինձ մոտ, շարժումն Էր պակասում, իսկ առանց լավ շարժման դժվար է որևէ բան անել։ Մրցակցի կազմում շատ էին ուժեղ ֆուտբոլիստները, Ջեկոն հատկապես լավ խաղաց, անընդհատ ընդունում էր գնդակը, ու գերազանց էր գործում անհատապես։

Մենք արդեն խաղացինք բոլոր ուժեղների հետ, այն էլ երեք խաղ մրցակցի հարկի տակ։ Տանը, կարծում եմ, կարող ենք հաջողությամբ հանդես գալ թե՛ Բելգիայի, թե՛ Բոսնիայի հավաքականների դեմ։ Մենք կարող ենք շտկել մեր խաղը, պետք է պարզապես ճիշտ հետևություններ անել մեր անցած հանդիպումներից։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel