Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.12.2008

ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2009/2010 թվականների ակումբների արտոնագրման մրցաշրջանի համար

Հարգելի տիկնայք և պարոնայք

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հայտարարությամբ սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի 6-րդ մրցաշրջանի աշխատանքները, որոնք վերաբերում են ՀՖՖ-ի 2009 թվականի և ՈՒԵՖԱ-ի 2009/10 թվականների մրցաշրջաններին։

Այս անգամ, ինչպես և նախորդ մրցաշրջանում, արտոնագրման ընթացակարգին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները և ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից բոլոր 8 թիմերի մայր-ակումբները։ Արտոնագրերն իրավունք կընձեռեն ակումբներին մասնակցել վերոնշյալ մրցաշարերին։

Ակումբների արտոնագրման գործընթացը, լինելով բավական բարդ և տքնաջան աշխատանք պահանջող համակարգ, նախորդ տարիների ընթացքում անցել է ինքնահաստատման, կայունացման և ամրապնդման դժվարին ճանապարհ և այժմ հանդիսանում է ՀՖՖ գործունեության զարգացմանը նպաստող կարևորագույն ստորաբաժանումներից մեկը։

Այդ կապակցությամբ ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ իրենց մասնակցությունն են ունեցել ՀՖՖ արտոնագրման համակարգի կայացման գործում։

Գալիք մրցաշրջանը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին մասնակցության իրավունք ստացած ակումբների համար։ Ինչպես հայտնի է, 2009/2010թթ-երի մրցաշրջանից ՈՒԵՖԱ-ի գավաթը վերանվանվելու է Եվրոպայի լիգայի, ինչը ենթադրում է նոր կանոնների կիրառում և նոր պատասխանատվություն է ենթադրում այդ ակումբների համար։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` եվրոպական մրցասպարեզում հանդես եկող ակումբները պետք է դրսևորեն առավել զգոնություն և աչալրջություն։

Արտոնագրման նոր մրցաշրջանի նախօրեին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թույլ է տալիս հուսալ, որ աշխատանքները կընթանան բնականոն հունով։ Այն է` ս.թ. սեպտեմբերի 24-ին կայացած հավաստագրային ստուգման ընթացքում, որն իրականացվեց աշխարհահռչակ շվեյցարական »SGS« ընկերության կողմից, պարզ դարձավ, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի եւ համակարգի գործունեությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ համապատասխանում է ներկայացվող բոլոր միջազգային ստանդարտներին։ Դրա արդյունքում մոտ օրերս ՀՖՖ Արտոնագրման բաժինը կարժանանա ծառայությունների մատուցման որակի միջազգային հավաստագրի հաստատմանը։

Հիմնվելով նախորդ տարվա դրական փորձի վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նախորդ մրցաշրջանի տարեկան ծրագրային հայտարարությունում շարադրված քաղաքականությունն ու նպատակային խնդիրները իրենց արդարացումն ու արդիականությունն են գտել համակարգի գործունեության մեջ, ճիշտ եմ համարում նույն քաղաքականության շարունակությունը, որն իր մեջ կներգրավի նույն նպատակային խնդիրները։

Ավելորդ չեմ համարում նշել, որ 2009/10 թվականների մրցաշրջանում արտոնագրման գործընթացին մասնակից ակումբները կարող են ակնկալել ՀՖՖ Արտոնագրման բաժնի մասնագետների բազմակողմանի աջակցությունը` արտոնագրման համակարգի պահանջների իրականացման հարցում։

ՀՖՖ Նախագահ
Ռ. Հայրապետյան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel