Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.03.2009

Հայաստանի ազգային հավաքականը Տալինում է

Հայաստանի ազգային հավաքականն այսօր` մարտի 31-ին, ժամանեց Տալին և հանգրվանեց «Մերիթոն» հյուրանոցում: Երևանի ժամանակով 19:00-ին մեր ընտրանին անցկացրեց մարզում: Մարզմանը մասնակցեցին բոլոր 18 ֆուտբոլիստները, ովքեր ժամանել են Տալին` պատրաստվելու Էստոնիայի ազգային հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպմանը։ Բոլորը կազմ և պատրաստ են մասնակցելու վաղվա խաղին: Վնասվածքներ չկան:




Կարծիքներ Էստոնիայի հավաքականի հետ խաղից առաջ`

Լևոն Պաչաջյան, կիսապաշտպան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա)

Էստոնիայի հավաքականի հետ առաջին հանդիպման արդյունքը համարում եմ և′ դրական, և′ բացասական: Փորձեմ բացատրել, թե ինչու: Խաղից առաջ, իհարկե, մենք միայն հաղթանակ էինք ակնկալում, բայց հանդիպումն այնպիսի ընթացք ստացավ, որ մենք միայն վերջին րոպեներին կարողացանք հավասարեցնել հաշիվը: Այնուամենայնիվ, անբավարար արդյունքի մեղավոր եմ համարում հենց մեզ: Մենք չցուցադրեցինք մեր ողջ կարողությունները, կաղում էր թիմային խաղը: Գալիք մրցավեճից առաջ, ես հավատում եմ մեր հաղթանակին: Այդուհանդերձ, մեզ դժվար խաղ է սպասվում: Խաղադաշտը լավ վիճակում չէ, բացի այդ, հանդես ենք գալու մրցակցի հարկի տակ: Ըստ իս, վաղը մենք ավելի լավ ելույթ կունենանք, քան Երևանում: Էստոնիան առաջին խաղում էլ առանձնահատուկ տպավորություն չթողեց, և միայն մեր անհաջող խաղի շնորհիվ նրանք կարողացան միավորներ տանել Երևանից:

Էդգար Մանուչարյան, հարձակվող («Այաքս», Հոլանդիա)

Էստոնիայի հետ առաջին մրցավեճում մենք այդքան էլ վատ հանդես չեկանք և ես համարում եմ, որ վերջնական արդյունքը չի համապատասխանում խաղին: Մենք գոլ խփելու մի քանի ռեալ պահ բաց թողեցինք և չկարողացանք տանել մեր առաջին հաղթանակը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլում: Շատ եմ ցավում, որ չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին, բայց, հուսով եմ` մենք դասեր կքաղենք այդ խաղից, անհրաժեշտ հետևություններ կանենք և արդեն վաղն ավելի հաջող հանդես կգանք: Մենք Տալին ենք եկել միայն հաղթանակի ակնկալիքով: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է խաղադաշտ դուրս գա միայն մեկ նպատակով` հաղթել: Համարում եմ` ունենք իրական շանս` ռևանշի հասնելու համար:

Հենրիխ Մխիթարյան, կիսապաշտպան («Փյունիկ»)

Էստոնացիների հետ առաջին հանդիպումը գնահատում եմ` անբավարար: Մենք կարող էինք հաղթել և միայն մեր սխալների պատճառով մրցավեճն ավարտվեց ոչ ոքի: Ես նույնիսկ կասեմ, որ մենք վատ խաղացինք: Միայն դրվագներով էինք ցուցադրում այն ֆուտբոլը, որը մեզանից սպասում էին, իսկ այդպես հասնել հաղթանակի շատ դժվար է: Ահնաջող արդյունքի գլխավոր պատճառը հենց մենք ենք` ֆուտբոլիստներս: Շատ էինք չարաշահում անհատական խաղը: Էստոնիայի հավաքականը թողեց միջին տպավորություն: Իհարկե, մեր ընտրանուց միայն հաղթանակ էին ականկալում, բայց ինչպես հայտնի է ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը հենց այդ պահին է ավելի ուժեղ գտնվում: Մեր հավաքականն արդեն մի քանի անգամ ապացուցել է դա ուժեղ մրցակիցների հետ խաղում: Կփորձենք առաջին խաղի սխալները չկրկնել: Մենք եկել ենք Էստոնիա միայն հաղթելու նպատակով;

Հիշեցնենք , որ Էստոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում: Խաղը կսկվի Երևանի ժամանակով 20:00-ին: Մրցավեճը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական բրիգադը` Սիրիլ Ցիմերմանի գլխավորությամբ: 2010 թվականի Աշխարհի գավաթի որակավորման փուլի 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է Իսպանիայի ընտրանին: Նրան հաջորդում է Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը, որը վաստակել է 9-ը միավոր: Երրորդը` Թուրքիան է (8 միավոր), չորրորդը` Բելգիան (7 միավոր): 5-րդ հորիզոնականում է ընթանում Էստոնիայի ընտրանին, որն իր ակտիվում ունի 2 միավոր: 1 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Հայաստանի հավաքականը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel