Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.04.2009

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը

Այսօր` ապրիլի 1-ին, որոշ էստոնական լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը մեղադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ոչ պարկեշտ պահվածքում: Իրավիճակը պարզաբանելու համար ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն իր մեկնաբանությունը տվեց ՀՖՖ պաշտոնական կայքէջին:

«Դժվար է պատկերացնել, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է իրեն այսպիսի հայտարարություններ թույլ տալ, առավել ևս, որ մենք միշտ լավ, կարելի է ասել, ընկերական հարաբերություններ ենք ունեցել Էստոնիայի ֆեդերացիայի հետ: Իրականում եղել է այսպես, Հայաստանի հավաքականի Տալին ժամանելուն պես, Էստոնիայի ֆեդերացիայի ներկայացուցչուհին հայտնեց մեզ, որ նախորդ օրը Տալինում անձրևային եղանակ էր, հնարավոր է «Ա Լե Կոկ» մարզադաշտը, որտեղ պետք է տեղի ունենա Էստոնիա-Հայաստան հանդիպումը, գտնվում է վատ վիճակում և, հնարավոր է, հարկ լինի նախախաղային մարզումն անցկացնել այդ մարզադաշտի հարևանությամբ գտնվող արհեստական խոտածածկով դաշտում: Ինչպես և նախատեսված էր, տեղի ժամանակով 17:00-ին, Հայաստանի հավաքականը ժամանեց «Ա Լե Կոկ» մարզադաշտ: Եղանակը բարենպաստ էր ամբողջ օրվա ընթացքում, և, մեր կարծիքով, խաղադաշտը նախախաղային մարզում անցկացնելու համար գտնվում էր նորմալ վիճակում: Մեզ թույլատրեցին այնտեղ մարզում անցկացնել, սակայն, խնդրելով, որքան հնարավոր է քիչ վարժություններ անել գնդակով: Չհասցրեցին ֆուտբոլիստները դուրս գալ խաղադաշտ, երբ տրիբունաներից մեր պատվիրկաության վրա հարձակվեց մի մարդ` վանկարկելով անպարկեշտ խոսքեր, բառացիորեն եմ ասում` негодяи, сволочи: Ինչպես պարզվեց քիչ անց, դա Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակն էր: Մեր բազմաթիվ խնդրանքներին չշարունակել հայհոյանքներն ու դրսևորել ավելի պարկեշտ պահվածք, ինչը բնորոշ է յուրաքնաչյուր կիրթ մարդու, առավել ևս ցանկացած ֆեդերացիայի նախագահի, նա շարունակեց հարձակվել ֆուտբոլիստների վրա: Միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հաջողվեց նրան հանգստացնել, և ՀՖՖ ղեկավարությունը որոշեց դաշտից դուրս բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին:
Ինչ վերաբերում է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի` մեր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ապա դրանք, պարզապես, դատարկ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Իսկ Այվար Պոհլակի այն հայտարարությանը. «նրանք սպառնում էին, թե ինչ է լինելու մեզ հետ, եթե վիճակահանության արդյունքում մենք ևս մեկ անգամ ընկնենք միևնույն խմբում», ապա ես կցանկանամ ավելացնեմ, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ մեր երիտասարդական և կանանց հավաքականները հայտնվել են միևնույն խմբում և մենք, հակառակը, էլ ավելի լավ ընդունելություն կկազմակերպենք, որպեսզի նա հասկանա, թե որն է իսկական հյուրընկալությունը: Իսկ, թե ինչպես են դիմավորում հյուրերին Հայաստանում, մենք ցուցադրեցինք էստոնացիներին Երևանում:
Ի դեպ, թե ով է սխալ, իսկ ով` ճիշտ այս պատմությունում, փաստում են նաև այն բազմաթիվ ներողությունները, որոնք մեզ հնչեցրեցին մեր էստոնական գործըներները: Նրանց համար իրենց նախագահի այսպիսի պահվածքը նույնպես անակնկալ էր: Եվ ընդհանրապես, ինչի մասին կարելի է խոսել, եթե այս մարդը բոլորին է հայտնի իր ոչ ադեկվատ պահվածքով: Հատկանշական է, որ Պոհլակն այժմ ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ներողություն խնդրել նրանից:
Կցանկանայի ավելացնել, որ այս տհաճ միջադեպից և Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի այսպիսի պահվածքից զատ, Էստոնիայի ֆեդերացիայի մյուս բոլոր աշխատակիցների կողմից մեզ ցուցաբերվել է պատշաճ մակարդակի ընդունելություն, ինչի համար ես նրանց հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel