Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.04.2009

2010թ. Աշխարհի Գավաթ. Էստոնիա – Հայաստան 1:0

Ունենալով բացահայտ առավելություն 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Էստոնիայի հետ Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում կայացած մրցավեճում` Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ իր առաջին հաղթանակը տանել այս ընտրարշավում: Ավելին, մեր տղաները վերջին րոպեներին գնդակ ընդունեցին սեփական դարպասն ու երեք միավոր կորցրեցին: Առաջին կեսում Վարդան Մինասյանի տղաները հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ ստեղծեցին, բայց Էդգար Մանուչարյանի, Արթուր Եդիգարյանի, Լևոն Պաչաջյանի, Արտավազդ Քարամյանի հարվածներից հետո կամ փայլուն էր գործում էստոնացիների դարպասապահ Սերգեյ Պարեյկոն, կամ գնդակը մի փոքր շեղությամբ էր ընթանում: Էստոնացիներն առաջին կեսում մեկ-երկու սուր հակագրոհ կազմակերպեցին, որոնք կարող էին ավարտվել գոլով, բայց մեր թիմի դարպասապահ Գևորգ Կասպարովն ամեն անգամ կասեցնում էր մրցակցի փորձերը գրավել մեր դարպասը: Երկրորդ կեսն ընթացավ գրեթե նույն սցենարով. սկզբնամասում Հայաստանի հավաքականը շատ ակտիվ էր, բայց չէր կարողանում առաջ անցնել հաշվի մեջ: Իսկ էստոնացիները կարողացան օգտագործել երկրորդ կեսում իրենց միակ ռեալ հնարավորությունը: Դարպասապահի ու պաշտպանների անհամաձայնությունը բերեց նրան, որ Սանդեր Պուրիի հարվածից հետո Ռոբերտ Արզումանյանը, փորձելով հեռացնել գնդակը, այն ուղարկեց սեփական դարպասը: Հաշիվը հավասարեցնելու ժամանակ գրեթե չէր մնացել: 0:1` Հայաստանի ազգային հավաքականը կրում է իր 5-րդ պարտությունն այս որակավորման փուլում և մեկ միավորով եզրափակում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Գլխավորում են այն իսպանացիները (18 միավոր), որոնք արտագնա խաղում Ալբերտ Ռիերայի` հիմնական ժամանակի վերջին րոպեին խփած գոլի շնարհիվ, 2:1 հաշվով առավելության հասան Թուրքիայի նկատմամբ: Բոսնիա – Բելգիա հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` Բոսնիայի հաղթանակով: 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակին կարող եք ցանոթանալ այստեղ


ԷՍՏՈՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 1:0 (0:0)

Տալին, 1 ապրիլի 2009թ. «Ա Լե Կոկ» մարզադաշտ, 5200 հանդիսական:

Գոլը`
Ռոբերտ Արզումանյան, 83, ինքնագոլ (1:0):

ԷՍՏՈՆԻԱ` Սերգեյ Պարեյկո, Տավի Րյահն, Ռայո Պիրոյա, Ալեքսանդր Դմիտրիև, Սանդեր Պուրի, Վլադիմիր Վոսկոբոյնիկով (Մարտին Վունկ, 87), Տարմո Կինկ (Յոել Լինդպերե, 69), Կոնստանտին Վասիլև, Ռագնար Կլավան, Էնար Յագեր, Կրիստեն Վիկմյաե (Սերգեյ Զենև, 61):

ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Արթուր Եդիգարյան (Արման Քարամյան, 84), Աղվան Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արտավազդ Քարամյան (Գևորգ Ղազարյան, 89), Լևոն Պաչաջյան, Էդգար Մանուչարյան:

Զգուշացումներ` Աղվան Մկրտչյան (87), Սերգեյ Պարեյկո (90):

Մրցավար` Սիրիլ Ցիմերման (Շվեյցարիա):

Օգնականներ` Բյունո Ցյուրբրուեգ (Շվեյցարիա), Ժան Պոլ Ռեմի (Շվեյցարիա):
4-րդ պաշտոնյա` Ժերոմ Լապերյեր (Շվեյցարիա):

Խաղից հետո

Վարդան Մինասյան, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար

Մենք խաղացինք, իրենք հաղթեցին: Իհարկե, հիասթափեցնում է, երբ ստեղծում ես մի շարք հնարավորություններ, իսկ մրցակիցը օգտագործում է իր սակավաթիվ շանսերից մեկը: Միշտ չէ, որ հաշիվը համապատասխանում է խաղի ընթացքին: Ամեն դեպքում, մենք ավելի լավ հանդես եկանք, քան Երևանում, և ես խաղից հետո բոլոր տղաներին շնորհակալություն եմ հայտնել ցուցադրած խաղի, նվիրվածության և պայքարելու համար: Բացի այդ, այն խոտածածկը, որի վրա մենք այսօր խաղում էինք, խայտառակ վիճակում էր: Սա արդարացում չէ, պարզապես ես փաստում եմ: Ես դեռ հստակ չգիտեմ, թե որքան ժամանակ կաշխատեմ` որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար: Դժվարություններ այսօր ես չեմ ունեցել, քանզի 4 տարի է աշխատում եմ հավաքականում և բոլոր տղաներին շատ լավ եմ ճանաչում: Այդուհանդերձ, պատասխանատվությունն այսօր շատ էր: Ինչ վերաբերում է մեր նպատակներին այս որակավորման փուլում, ապա կարևոր չեմ համարում, թե որ տեղն արդյունքում կզբաղեցնենք: Կարևորը, լավ պատրաստվել առաջիկա խաղերին և նրանցից յուրաքանչյուրում ցուցադրել հնարավորինս բարձրակարգ ֆուտբոլ:

     
 

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel