Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.04.2009

Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար

Ապրիլի 9-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ հերթական (N 3) նիստը: ՀՖՖ գործադիր կոմիտեի 17 անդամներից նիստին ներկա էին 15-ը` Ռ. Հայրապետյանը, Կ. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Վ. Դալլաքյանը, Ա. Մնացականյանը, Ռ Սինոյանը, Մ. Զաքարյանը, Թ. Գրիգորյանը, Լ. Հասրաթյանը, Հ. Վարյանը, Տ. Մարգարյանը, Է. Ղազարյանը, Ս. Ավետիսյանը, Ս. Իսրայելյանը, Կ. Հարությունյանը, ինչպես նաև ՀՖՖ գործադիր տնօրեն Ա. Մինասյանը:
Նիստը նախագահում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Օրակարգում դրված էր հետևյալ հարցը`
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության քննարկում:

Հարցը ներկայացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով իր ելույթի ժամանակ պարզաբանեց Հայաստանի ազգային հավաքականի 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլում անհաջող ելույթների և գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին պաշտոնանկ անելու պատճառները: Այնուհետև, ՀՖՖ նախագահը առաջարկեց քննարկել մինչև ընտրական փուլի ավարտը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Իվո Շուշակի թեկնածությունը, ով ունի այդպիսի աշխատանքի փորձ, և ավելացրեց, որ կարելի է նրան ընձեռել հնարավորություն ու հաջող աշխատանքի պարագայում, իհարկե, հետագայում քննարկել ավելի երկարաժամկետ պայմանագրի հարցը: Ծավալվեցին աննախադեպ բուռն քննարկումներ և, ըստ էության, արտահայտվեցին գործադիր կոմիտեի գրեթե բոլոր ներկա անդամները: Հնչեցին ամենատարբեր տեսակետներ, որոնցում գերիշխում էր այն կարծիքը, որ ավելի նպատակահարմար է տալ հնարավորություն տեղի մասնագետներին, որ վերը նշված թեկնածուն ևս պետք է ստանա հնարավորություն ՀՀ առաջնությունում իրեն դրսևորելու, որ աննպատակահարմար է այս փուլում օտարերկրյա մարզիչ հրավիրել, այլ անհրաժեշտ է Վարդան Մինասյանին վստահել, ով, ըստ էության, բոլորից լավ է ծանոթ ֆուտբոլիստների հնարավորություններին և ամենօրյա աշխատանք է տանում նրանց մեծամասնության հետ:
Շուրջ երկու ժամ տևած քննարկումների արդյունքում առաջարկվեց քվեարկության դնել ՀՖՖ նախագահի` Իվո Շուշակին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու և մյուս` Վարդան Մինասյանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու առաջարկները:

  Քվեարկության արդյունքում գործադիր կոմիտեն`
   1. կողմ`5, դեմ` 10 ձայնով որոշեց մերժել Իվո Շուշակին Հայաստանի ազգային    հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու առաջարկը
   2. կողմ`12, դեմ`3 ձայնով որոշեց ընդունել Վարդան Մինասյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու առաջարկը:

Վարդան Մինասյանը կկատարի այդ պարտականությունները մինչև 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի ավարտը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel