Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.05.2009

«Փյունիկը»` 2009 թվականի գավաթակիր

Մայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ 2009 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Պատվավոր մրցանակի համար պայքարեցին Երևանի «Բանանցն» ու «Փյունիկը»: Նշենք, որ առաջին անգամ Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկում էր Իտալիայից հրավիրված մրցավարական բրիգադը` ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Չնայած նրան, որ առաջին կեսում երկու թիմերն էլ արդյունքի հասնելու մի քանի հնարավորություն ունեին, այնուամենայնիվ, նրանց հաջողվեջ անառիկ պահել սեփական դարպասները: Երկրորդ 45 րոպեները նույնպես բավական հավասար պայքարում ընթացան: Երկրորդ կեսի միջնամասում դեղին քարտ ստանալու համար դաշտից հեռացվեց փյունիկցի Էդգար Մալաքյանը: Քիչ անց թիմերի կազմերը հավասարվեցին. այս անգամ Դոնդարինին, կրկին երկրորդ դեղին քարտի համար, դաշտից հեռացրեց արդեն «Բանանցի» կիսապաշտպան Նոա Կասուլեին: Իսկ մրցավարի հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին, երբ թվում էր լրացուցիչ ժամանակն անխուսափելի է, «Փյունիկի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ պարգևեց իր թիմին: «Փյունիկը» 4-րդ անգամ իր պատմության ընթացքում նվաճեց Հայաստանի գավաթը:

«Բանանց» – «Փյունիկ» 0:1

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Պաոլո Դոնդարինի
Գոլը` Հենրիխ Մխիթարյան, 90+1

«Բանանց»`22.Ստեփան Ղազարյան, 20.Հովհաննես Գրիգորյան (12.Գրիշա Խաչատրյան, 69), 8.Արթուր Ոսկանյան, 2.Յարեմա Կավացիվ, 15.Էդուարդ Կակոսյան, 13.Նոա Կասուլե, 17.Սարգիս Կարապետյան, 9.Արտակ Դաշյան, 11.Արսեն Բալաբեկյան (10. Արտակ Օսեյան, 80), 6.Հրանտ Գևորգյան (18.Նորայր Գյոզալյան, 48), 21.Սամվել Մելքոնյան (14. Սարգիս Նասիբյան, 73)

«Փյունիկ»`1.Գրիգոր Մելիքսեթյան, 4.Սարգիս Հովսեփյան, 3.Կարեն Խաչատրյան, 16.Վահագն Մինասյան, 23.Էմանուել Մբոլա, 15.Արթուր Յուսպաշյան, 5.Արթուր Եդիգարյան, 77.Նորայր Սահակյան (14.Միհրան Մանասյան, 60), 9.Էդգար Մալաքյան, 22.Հենրիխ Մխիթարյան, 10.Գևորգ Ղազարյան

Զգուշացումներ`Նոա Կասուլե (35), Էդգար Մալաքյան (35), Հովհաննես Գրիգորյան (50), Էդգար Մալաքյան (64), Նոա Կասուլե (81), Արթուր Յուսպաշյան (89)

Հեռացումներ` Էդգար Մալաքյան (64), Նոա Կասուլե (81)

Խաղից հետո.

Արմեն Գյուլբուդաղյանց, «Բանանցի» գլխավոր մարզիչ

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել «Փյունիկին»` հաղթանակի կապակցությամբ: Իսկական գավաթային հանդիպում էր, որտեղ ավելի շատ պայքար էր, քան դիտարժանություն: Հնարավոր է` մեր թիմի խաղի վրա բացասական ազդեցություն ունեցավ մեր երկու ֆուտբոլիստի վնասվածքները, ինչի համար մենք երկրորդ կեսի միջնամասում ստիպված էինք երկու փոփոխություն կատարել: Ամեն դեպքում, ըստ իս, խաղը ստացվեց:

Վարդան Մինասյան, «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Լավ հանդիպում ստացվեց, իսկական գավաթային հանդիպում էր: Կարծում եմ, երկրպագուները գոհ մնացին մրցավեճից: Երկու թիմերի կազմերում էլ մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, ովքեր, ըստ իս, բավական բարձրակարգ խաղ ցուցադրեցին: Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա ես ողջունում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այս նախաձեռնությունը: Սա մեզ համար հաճելի անակնկալ էր:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel