Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.07.2009

Տեղի ունեցավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

Ս/թ հուլիսի 31-ին տեղի ունեցավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Նախագահ Ռ. Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին Գործադիր Կոմիտեի անդամներ Ռ. Հայրապետյանը, Վ. Առաքելյանը, Թ. Գրիգորյանը, Մ. Զաքարյանը, Ս. Իսրայելյանը, Վ. Դալլաքյանը, Լ. Հասրաթյանը, Կ. Հարությունյանը, Կ. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Տ. Մարգարյանը, Ա. Մնացականյանը, Ռ. Սինոյանը, Հ. Վարյանը, Է. Ղազարյանը:
Ներկա էին նաև ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը` խորհրդակցական ձայնի իրավունքով: Հրավիրված էին «Արարատ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ա. Անդրիասյանը և իրավաբան Գևորգ Չաիմիշյան:

Օրակարգում դրված էր երկու հարց`

1. Արտոնագրման կոմիտեի ս/թ հունիսի 30-ի նիստում ընդունված որոշման և «Արարատ» ակումբի վարքագծի քննարկում;
2. Բողոքարկման կոմիտեի կազմում փոփոխության հաստատում:

Նիստը բացեց ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը, ով օրակարգը ներկայացնելուց հետո դիմեց «Արարատ» ակումբի ներկայացուցիչներին` արդյոք նրանք ծանոթ են հարցին և կցանկանային արդյոք որևէ պարզաբանում ներկայացնել մինչև հարցի քննարկումը: Ի պատասխան` Ա. Անդրիասյանը խնդրեց առաջին հերթին քննարկել արտոնագրման հետ կապված հարցը և լսել իրենց բացատրությունները:
Ելույթ ունեցավ ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը, ով հակիրճ ներկայացրեց Արտոնագրման կոմիտեի որոշումը, դրա հիմնավորումները, ինչպես նաև Արտոնագրման բաժնի զեկույցն ակումբի կողմից արտոնագրման կադրային չափանիշների բազմաթիվ խախտումների մասին:

Գործկոմի անդամ Վ. Դալլաքյանը հարցրեց` արդյոք «Արարատ» ակումբը համաձայն է ներկայացված փաստերի հետ: «Արարատ» ակումբի ներկայացուցիչ Ա. Անդրիասյանը համաձայնվեց Արտոնագրման կոմիտեի որոշման մեջ արձանագրված խախտումների հետ` նշելով, որ այդ խախտումները տեղի են ունեցել ակումբի որոշ աշխատողների անփութության հետևանքով, ինչի համար այդ աշխատողները հեռացվել են աշխատանքից:
Բացի այդ Ա. Անդրիասյանն ավելացրեց, որ ոչ թե ակումբն է մեղավոր ստեղծված իրավիճակում, երբ մանկապատանեկան թիմերը դուրս են մնացել առաջնություններից, այլ մանկապատանեկան թիմերի մարզիչ Ա. Հովհաննիսյանը, ով ինքնակամ որոշում է կայացրել մանկապատանեկան թիմերի մրցաշարերին չմասնակցելու վերաբերյալ:

Նիստը նախագահող Ռ. Հայրապետյանը նշեց, որ եթե անգամ մի պահ ենթադրենք, որ որևէ աշխատակից կամ մարզիչ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, ապա միևնույն է` ցավալի է, որ պրոֆեսիոնալ ակումբի համար նման ճակատագրական հարցեր կարող են կախված լինել անհատներից, իսկ ակումբի ղեկավարությունն ուներ բավարար ժամանակ և կարող էր շտկել իրավիճակը: «Միևնույն է` մեր նպատակը հայկական ֆուտբոլի և հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, և այսօր մեծ ցավ է քննարկել մի իրավիճակ, երբ կանոնակարգերի համաձայն` դրված է Բարձրագույն խմբի առաջնությանն ակումբի հետագա մասնակցության հարցը: Եթե որևէ մեկը կարող է կարծել, որ «Արարատ»-ի «թշնամին» եմ, կամ եղել եմ «թշնամի», ապա չարաչար սխալվում է: Իմ նպատակն է տեսնել «Արարատ»-ին այնպիսին, ինչպիսին այն մեր բոլորիս լավագույն հիշողություններում է: Այս տեսանկյունից ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ խնդրանքով` կողմ դնել բոլոր տեսակի ամբիցիաները, սկսել «նոր տողից», համագործակցել ֆեդերացիայի հետ, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, շտկել ակումբում տեղ գտած թերությունները, միասին գտնել լուծումներ ստեղծված իրավիճակից և, վերջիվերջո, ծառայել հայկական ֆուտբոլին: Այս իմաստով կարող եք ակնկալել բոլորիս և իմ անձնական աջակցությունը: Դուք պատրա՞ստ եք»,-ավելացրեց Ռ. Հայրապետյանը:

«Այո, պատրաստ եմ: Համաձայն եմ, որ միայն այդպես կարող է լինել զարգացում: Այս պահին թեև այդ թիմերը չեն մասնակցել մրցաշարերին, սակայն «Արարատ» ակումբն Աբովյան քաղաքում ստեղծում է մանկապատանեկան մարզադպրոց, որում գործելու է 9 թիմ»-, պատասխանեց Ա. Անդրիասյանը: Նա պատրաստակամություն հայտնեց այսուհետ սերտ համագործակցել ՀՖՖ-ի հետ կանոնակարգային պահանջները ժամանակին ապահովելու համար: Միաժամանակ պատասխանելով Հայրապետյանի հարցին` խնդրեց ժամկետ մինչև սեպտեմբեր ամիս մանկապատանեկան դպրոցի հետ կապված առկա խնդիրները լուծելու համար:

Ելույթներ ունեցան Գործկոմի անդամներ Ռ. Դալլաքյանը, Վ. Առաքելյանը, Լ. Հասրաթյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը և «Արարատ» ակումբի իրավաբան Գևորգ Չաիմիշյանը, ովքեր, ի թիվս խնդրո առարկա շահագրգիռ քննարկումների, ողջունեցին նախաձեռնությունը և նշեցին ձեռք բերված համաձայնության կարևորությունը:

Ծավալված բուռն քննարկումների արդյունքում Գործադիր կոմիտեն միաձայն որոշեց մանկապատանեկան թիմերի հարցը լուծելու համար «Արարատ» ակումբին տրամադրել ժամկետ մինչև ս/թ նոյեմբերի 1-ը` պայմանով, որ մանկապատանեկան դպրոցի ստեղծման մասին իրատեսական ծրագիրը և ընթացիկ փաստաթղթերը բողոքարկման հետ միասին կներկայացվեն Արտոնագրման Բողոքարկման կոմիտեին սահմանված ժամկետներում, ինչպես նաև սեղմ ժամկետներում կլուծվեն ակումբի առջև ծառացած մյուս փաստաթղթային և կադրային խնդիրները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel