Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.12.2009

ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2010/2011 թվականների ակումբների արտոնագրման մրցաշրջանի համար

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հայտարարությամբ սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի թվով 7-րդ մրցաշրջանի աշխատանքները, որոնք վերաբերում են ՀՖՖ-ի 2010 թվականի և ՈՒԵՖԱ-ի 2010/11 թվականների մրցաշրջաններին:
Այս անգամ, ինչպես և նախորդ երկու մրցաշրջանում, արտոնագրման ընթացակարգին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբներն ու ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից բոլոր 8 թիմերի մայր-ակումբները: Այս մրցաշրջանում արտոնագրման գործընթացին առաջին անգամ կմասնակցի Դիլիջանի «Էրեբունի-Դիլիջան» ակումբը, որի «Իմպուլս» թիմը իր նորամուտն է նշելու ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում: Արտոնագրերն իրավունք կընձեռեն ակումբներին` մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին և ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը:
Ակումբների արտոնագրման գործընթացը բավական բարդ և տքնաջան աշխատանք պահանջող համակարգ է: Նախորդ տարիների ընթացքում այն անցել է ինքնահաստատման, կայունացման և ամրապնդման դժվարին ճանապարհ և այժմ հանդիսանում է ՀՖՖ գործունեության զարգացմանը նպաստող կարևորագույն ստորաբաժանումներից մեկը:
Այդ կապակցությամբ ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ իրենց մասնակցությունն են ցուցաբերել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի կայացման գործում:
Նախորդ մրցաշրջանի վերջնամասում ՀՖՖ Արտոնագրման բաժինը կրկին բարեհաջող անցավ շվեյցարական SGS ընկերության կողմից իրականացվող ամենամյա աուդիտը: Անցկացված ստուգումը կրկին ապացուցեց ՀՖՖ արտոնագրման բաժնի և արտոնագրման համակարգի բարձր կարգն ու որակական հատկանիշները, ինչպես նաև համակարգի ձգտումը միջազգային ստանդարտներին:
Հիմնվելով արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների վրա, ճիշտ եմ համարում արտոնագրման համակարգի շրջանակներում ՀՖՖ` նախորդ տարիների ընթացքում սահմանված քաղաքականության իրականացման շարունակությունը, այն է`

Արտոնագրման համակարգի նկատմամբ ակումբների կարիքների և ակնկալիքների բավարարում,

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արդյունավետության մշտական բարելավում,

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում,

ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների անշեղորեն պահպանում:

Բնականաբար, տարվող ցանկացած քաղաքականություն ենթադրում է իր շրջանակներում առկա որոշակի նպատակային խնդիրներ, որոնց լուծման ճանապարհները դրված են ՀՖՖ Արտոնագրման բաժնի և համակարգի առջև: Այդ նպատակային խնդիրներն են`

Բազմակողմանի օժանդակություն արտոնագրվող ակումբներին` ՀՖՖ Ուղեցույցի (Տարբերակ 3.0) պահանջների կատարման հարցում, ինչը թույլ կտա նրանց մասնակցել ինչպես 2010 թվականի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի 2010/2011 թթ. մրցաշրջանի ակումբային պաշտոնական մրցաշարերին,

ՈՒԵՖԱ-ի կողմից հրատարակված ակումբների արտոնագրման Կանոնակարգի տեղայնացում և համապատասխանեցում ակումբների արտոնագրման ազգային համակարգին,

ՈՒԵՖԱ-ի որակի Ստանդարտի (Տարբերակ 2.0) պահանջների անշեղորեն կատարում, ինչը թույլ կտա 2010 թվականին ևս հաջողությամբ անցնել շվեյցարական SGS ընկերության կողմից անցկացվող ստուգումը,

Սերտ համագործակցություն ՀՖՖ Ուսումնամեթոդական բաժնի հետ` Հայաստանում համաեվրոպական մարզչական կոնվենցիայի դրույթների իրականացման հարցում,

Նախապատրաստական աշխատանքների իրականացում` մոտ ապագայում (մոտավորապես 2011թ.) աշխատանքներն ամբողջովին ISO-9001:2008 միջազգային ստանդարտին համապատասխանեցնելու նպատակով, ինչը թույլ կտա առավել բարձրացնել հայկական ֆուտբոլային մենեջմենթի վարկանիշը Եվրոպայում,

ՀՀ ֆուտբոլային մարզակառույցների արդիականացում, ինչը թույլ կտա դրանք դարձնել հնարավորինս հարմարավետ և անվտանգ,

ԶԼՄ-ներում արտոնագրման համակարգի, նրա խնդիրների և նպատակների առավել լայնածավալ լուսաբանում` այն ավելի հասկանալի դարձնելու համար ֆուտբոլային հանրությանը,

Աշխատանքների լիակատար վերահսկում, դրանց մշտական բարելավում և անհրաժեշտ փոփոխությունների կիրառում` համակարգի բնականոն և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
Կարևոր եմ համարում նշել, որ 2010/11 թվականների մրցաշրջանում արտոնագրման գործընթացին մասնակցող ակումբները կարող են ակնկալել ՀՖՖ Արտոնագրման բաժնի մասնագետների բազմակողմանի աջակցությունը` արտոնագրման համակարգի պահանջների կիրառման և իրականացման հարցում:

ՀՖՖ Նախագահ
Ռ. Հայրապետյան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel