Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.04.2010

Երիտասարդական ընտրանին հաղթեց ազգային թիմին

Ազգային հավաքական-երիտասարդական հավաքական` 0:1 (0:1)
Ազգային հավաքական- Ստեփան Ղազարյան (Մայիս Ազիզյան, 31), Էդգար Կակոսյան, Հրայր Մկոյան, Ալեքսանդր Թադևոսյան (Վահագն Մինասյան, 31), Աղվան Մկրտչյան, Արմեն Պետրոսյան (Արարատ Առաքելյան, 31), Արտակ Գրիգորյան, Դավիթ Գրիգորյան, Սամվել Մելքոնյան, Մարկոս Պիզելի, Նարեկ Բեգլարյան (Գևորգ Նռանյան, 31):
Երիտասարդական հավաքական- Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արտաշես Առաքելյան, Արթուր Յուսպաշյան, Գագիկ Դաղբաշյան (Արտակ Անդրիկյան, 38), Էդգար Մալաքյան, Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան (Հայկ Մկրտչյան, 43), Գևորգ Ղազարյան, Զավեն Բադոյան, Սարգիս Կարապետյան (Արամ Բարեղամյան, 52):
Ք. Երևան, 28 ապրիլի 2010 թ., «Հանրապետական» մարզադաշտ:
Գոլը` Զավեն Բադոյան, 2 (0:1):
Մրցավար` Վահան Մինասյան:
Զգուշացում` Արտակ Գրիգորյան (38):

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից պատրաստվում է ձևավորել երկրորդ հավաքական, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի մեր ակումբների հետ: Նպատակը ֆուտբոլիստների հնարավորություններին ավելի լավ ծանոթանալն է:
Մեր ակումբային ընտրանին ապրիլի 27-28-ն ընկած ժամանակահատվածում ուսումնամարզական առաջին հավաքն անցկացրեց Երևանում, իսկ այսօր «Հանրապետական» մարզադաշտում մրցակցեց երիտասարսդական թիմի հետ, որը մայիսի 20-ին Եվրոպայի 2011 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Էստոնիայում պետք է հանդիպի այդ երկրի հասակակիցների հետ:
Արդեն խաղասկզբում երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր խաղային համագործակցության առումով խնդիրներ գրեթե չունեին, հաջողության հասան: Զավեն Բադոյանն իր նորամուտը երիտասարդական հավաքականի կազմում նշանավորեց գոլով: Էդգար Կակոսյանի սխալի արդյունքում նա տիրեց գնդակին, մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ և հարված կատարեց: Գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից, սակայն Զավենը երկրորդ հարվածով այն ուղարկեց դարպասը:
Նշենք, որ թիմերը նախօրոք պայմանավորվել էին խաղալ ոչ թե 90, այլ 60 րոպե: Ողջ հանդիպման ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստները նկատելի առավելություն ունեին և կարող էին նույնիսկ խոշոր հաշվով հաղթել: 15-րդ րոպեին Էդգար Մալաքյանը գերազանց փոխանցումով գրոհի նետեց Գևորգ Ղազարյանին, սակայն Ստեփան Ղազարյանին հաջողվեց հետ մղել վերջինիս դիմահար հարվածը: 27-րդ րոպեին Զավեն Բադոյանը կրկին հայտնվեց կրակագծում. մոտ 30 մետրից նա ուժեղ հարված կատարեց, բայց դարպասապահին հաջողվեց չեզոքացնել սպառնալիքը: Իսկ մեկ րոպե անց գոլ խփելու լավ հնարավորությունը չօգտագործեց Կառլեն Մկրտչյանը: Դավիթ Մանոյանի հաշվենկատ փոխանցման արդյունքում նա ստացավ գնդակը և մոտ տարածությունից հարվածեց, սակայն Ստեփան Ղազարյանը կրկին իր բարձրության վրա էր:
Երկրորդ կեսում Գևորգ Ղազարյանի հարվածից հետո Մայիս Ազիզյանին հրաշքով հաջողվեց հանել դեպի դարպասի հեռավոր անկյունը սլացող գնդակը: Իսկ 55-րդ րոպեին Արտակ Անդրիկյանը մոտ տարածությունից բարձր հարվածեց:
Ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնցից շատերն առաջին անգամ էին միասին խաղում, գրեթե ոչնչով աչքի չընկան: Դա, անշուշտ, սպասելի էր, քանի որ խաղային համագործակցությունը թույլ էր, և ֆուտբոլիստները միմյանց չէին հասկանում: Այդուհանդերձ, աստիճանաբար նրանք կսկսեն հարմարվել միմյանց, այլ կերպ ասած` խաղալ այն ոճով, որով գործում է Հայաստանի ազգային հավաքականը: Եվ պաշտոնական հանդիպումներից առաջ հնարավոր համալրումները խնդիրներ չեն առաջացնի` կապված համագործակցության հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel