Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.06.2010

Մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի 2010 թվականի դասընթացի երրորդ փուլը

Այսօր` հունիսի 18-ին, ՀՖՖ շտաբ-բնակարանում մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի 2010 թվականի դասընթացի երրորդ փուլը: Այն կտևի մեկ շաբաթ և կավարտվի ս.թ. հունիսի 24-ին: Դասընթացն իր մեջ ներառում է թե տեսական, թե գործնական պարապմունքներ: Դասընթացի ամառային մեկշաբաթյա փուլի օրակարգին առավել մանրամասն ծանոթացրեց ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Ֆլեմինգ Սերիցլևը: Դասընթացի մեկնարկային օրը մարզչական Ա արտոնագրի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով ներկայացրեց ազգային հավաքականում իր գործադրած խաղաոճը` համեմատական եզրեր անցկացնելով «Փյունիկ» ՖԱ-ի խաղաոճի և մարտավարության հետ: Մինասյանն անդրադարձավ հավաքականի խաղաոճին հարձակման և պաշտպանության ժամանակ, մատնանշեց որոշակի յուրահատկություններ, ինչպես նաև խոսեց առաջիկա խաղերին կիրառվելիք մարտավարական մտահաղացումների մասին:
Այնուհետև դասընթացի առաջին օրը շարունակեց Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ՖԱ-ի ֆիզիկակական պատրաստականության մարզիչ Ռոդրիգո Ռոլդանը, ով խոսեց ֆիզիկական պատրաստականության յուրահատկությունների, իր կողմից կիրառվող վարժությունների մասին:
Օրը եզրափակվեց «Փյունիկ» մարզադպրոցում, որտեղ ժամը 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դասընթացի մասնակիցներին գործնականում ցուցադրեց իր խաղաոճի յուրահատկությունները:
Վաղը` հունիսի 19-ին, Երևան կժամանի ՈՒԵՖԱ-ի «Ջիրա» ծրագրի մասնագետ Էրիկ Ռութեմյոլլերը, ով ամբողջ շաբաթվա ընթացքում կհետևի դասընթացի աշխատանքներին և իր գնահատականը կներկայացնի ՈՒԵՖԱ-ին: Նշենք, որ նախորդ այցի ընթացքում պարոն Ռութեմյոլլերը առավել քան դրական տպավորություններով էր լքել Երևանը, ինչը միանշանակ բարձրացնում է ՀՖՖ մարզչական կրթության վարկանիշը:
Հիշեցնենք, որ դասընթացի նախորդ երկու փուլերը տեղի էին ունեցել ս.թ. փետրվար և մարտ ամիսներին: Մասնավորապես մարտյան փուլը անցկացվել էր Դոնեցկում` «Մետալուրգ» և «Շախտյոր» ակումբների մարզաբազաներում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel