Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.08.2010

Ռուբեն Հայրապետյան. «Յուրան ավելի բարձր է դասել իր երկրի հավաքականը»»

Օգոստոսի 11-ին կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, դանիական «Ռանդերս» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ասւլիսին ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Յուրա Մովսիսյանը ծնվել է Բաքվում, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ։ Մեր խնդրանքով և մեծ ցանկությամբ ժամանել է Հայաստան, որպեսզի հանդես գա մեր հավաքականում։ Մեր բոլորի կարծիքով, Յուրան այն ֆուտբոլիստն է, ով կարող է ուժեղացնել Հայաստանի հավաքականը»,– բացման խոսքով հանդես եկավ Ռուբեն Հայրապետյանը, որից հետո Վարդան Մինասյանի հետ միասին Մովսիսյանին հանձնեցին Հայաստանի հավաքականի 11-րդ համարի մարզաշապիկը։

«Շատ ցանկալի է Յուրա Մովսիսյանի ժամանումը։ Այն, որ նա լավ ֆուտբոլիստ է, վկայում են իր արդյունքները ակումբային հանդիպումներում։ Հուսով եմ, որ հավաքականի խաղաոճին նա արագ կմերվի», - ընդգծեց Վարդան Միանսյանը։

«Ես շատ եմ հետաքրքրվել հայկական ֆուտբոլով և Հայաստանի հավաքականով։ Ռոբերտ Արզումանյանի հետ խաղում ենք միևնույն ակումբում և իրար հետ շատ ենք խոսել այս թեմայի շուրջ։ Ես կարծում եմ, որ կարող եմ ուժեղացնել Հայաստանի հավաքականը։ Միասին պետք է լավ արդյունքնի հասնենք»,– ասաց Յուրա Մովսիսյանը ։

Մովսիսյանը նշեց, որ կարող էր հանդես գալ նաև ԱՄՆ–ի հավաքականում. «ՀՖՖ նախագահի հետ խոսելուց հետո ես որոշեցի, որ պետք է խաղամ իմ հայրենիքի թիմում»։

«Ազգային հավաքականը` երկրի խորհրդանիշն է, երկրի հպարտությունը: Մենք շարունակական աշխատանքներ ենք տանում արտերկրում մեր հայրենակիցներին ազգային հավաքականներ հրավիրելու ուղղությամբ: Ես ուրախ եմ, որ Յուրան, ունենալով այլընտրանք, ավելի բարձր է դասել իր երկրի հավաքականը», – նկատեց Ռուբեն Հայրապետյանը։

«Ազգային հավաքականը ակումբային թիմ չէ, որին, հրավեր ստանալու դեպքում, կարելի է մերժել: Խոակին Բոգոսյանի հետ բանակցությունները շարունակվում են և իմ կարծիքով, նա ուղղակի լավ չի պատկերացնում թե ինչ է Հայաստանը: Ժամանակը կգա և կորոշվի, կամ այո, կամ ոչ», - շարունակեց ՀՖՖ նախագահը:

«Թող Յուրան օրինակ ծառայի մեր բոլոր ֆուտբոլիստների համար, ովքեր ապրում են արտասահմանում: Ցանկանում եմ Յուրային մեծ հաջողություններ, շնորհավորում եմ բոլորիս և մեր ազգային հավաքականին ցանկանում եմ հաջողություններ», - եզրափակեց մամուլի ասուլիսը Ռուբեն Հայրապետյանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel