Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.10.2010

Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարները որակազրկված են

Հոկտեմբերի 7-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի շտաբ-բնակարանում հանդիպում ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ: Նպատակը մրցավարության ոլորտում առկա խնդիրների քննարկումն էր:
Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ դժգոհ է Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից: Նա ակումբների ղեկավարներին տեղեկացրեց, որ նկատի ունենալով առաջացած բարդ իրավիճակը` որոշում է կայացվել հրաժարվել Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարներից և այսուհետ նրանց չվստահել` վարելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղերը: Որպեսզի մրցաշարը վտանգի տակ չհայտնվի, նա առաջարկեց հանդիպումների սպասարկման գործը վստահել մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարներին` հույս հայտնելով, որ վերջիններս, բնականաբար, կձգտեն առավելագույնս անաչառ վարել խաղերը` մրցավարական կարիերայում առաջընթացի բացառիկ հնարավորությունը լավագույնս օգտագործելու համար և խնդրեց ակումբի ղեկավարներին աջակցել երիտասարդ մրցավարներին:
Քանի որ Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական առաջնությունը մոտենում է եզրագծին, և որոշ հանդիպումների նշանակությունը մրցաշարային առումով շատ բարձր է, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց անհրաժեշտության դեպքում և ակումբների ցանկությամբ դրանք վստահել արտասահմանցի մրցավարներին:
Ավելացնենք, որ ՀՖՖ Գործկոմի առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի մրցավարության մակարդակի բարձրացման հարցը, կնախանշվեն այն ուղղությունները, որոնց իրականացումը թույլ կտա կատարելագործել մրցավարների մասնագիտական որակները:
Բոլոր ակումբների ղեկավարները հավանություն տվեցին ներկայացված առաջարկներին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel