Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.01.2011

ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2011/2012թթ-երի ակումբների արտոնագրման մրցաշրջանի համար

Հարգելի տիկնայք եւ պարոնայք

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր ակումբների արտոնագրման համակարգի 8-րդ մրցաշրջանը, որին կմասնակցեն ՀՀ Բարձրագույն խմբի 2011թ. առաջնությանը մասնակից թիմերի մայր ակումբներն և ՈՒԵՖԱ-ի 2011/2012թթ. մրցաշրջանի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները:

Նորընծա մրցաշրջանը տարբերվում է նախորդներից նրանով, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը հոբելյանական 20-րդն է եւ այն սկիզբ է առնելու համեմատաբար ավելի վաղ, ինչի պատճառով արտոնագրային գործընթացը սովորականից ավելի կարճ է տեւելու:

Ինչեւիցէ, իմ կողմից տրվել են համաապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին եւ կասկածից վեր է, որ մեր արտոնագրողներն, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունն ապահովելու համար: Ասեմ ավելին` այդ աշխատանքներն արդեն իսկ սկսվել են եւ 2010թ-ի հոկտեմբերից մինչ օրս Բարձրագույն խմբի աշխատակիցների համար անցկացվել է 4 սեմինար-հանդիպում, որոնցից մեկը` ՈՒԵՖԱ-ի Արտոնագրման բաժնի մասնագետի մասնակցությամբ:

Միաժամանակ ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատասխանատվություն կդրսեւորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ:

Ընթացիկ մրցաշրջանը յուրահատուկ է նաեւ այն իմաստով, որ դրանում 1-ին անգամ կկիրառվի 2010թ. հոկտեմբերի 15-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի կանոնակարգը, որը հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման եւ ֆինանսական արդար խաղի կանոնակարգի վրա: Այս փաստաթուղթը ներկայացնում է նոր պահանջներ, որոնք համեմատաբար ավելի բարդ են եւ պահանջում են զգալի աշխատանք:

Շարունակելով ձեւավորված ավանդույթը եւ հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա` ստորեւ ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի հիմքերը.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նկատմամբ ակումբների կարիքների եւ ակնկալիքների բավարարում, օժանդակում ակումբների գործունեության բարելավման հարցերում եւ նրանց իրավունքների պաշտպանություն;

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արդյունավետության մշտական բարելավում եւ մասսայականացում;

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում;

- ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների անշեղորեն պահպանում;

- Ակումբների արտոնագրման շրջանակներում եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրում, կիրառում եւ միջազգային կապերի զարգացում;

- Ակումբների եւ ՀՖՖ-ի ենթակառուցվածքների զարգացում ըստ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի պահանջների;

- ՀՀ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման պայմանների բարելավում;

- Բազմակողմանի աջակցություն ակումբներին` մարզչական կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցերում;

- Բազմակողմանի աջակցություն ակումբներին` ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական Արդար Խաղի դրույթների կիրառման հարցում:

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

- Արտոնագրերի շնորհում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության եւ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերի մասնակից ակումբներին;

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի զարգացման ուղիների մշակում;

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի կառավարում, գործունեության կոորդինացում, զարգացման ծրագրերի հստակեցում եւ դրանց իրագործման վերահսկում;

- Աջակցություն ՀՖՖ ակումբներին` նրանց մասնագետների (մարզիչներ, բժիշկներ, մամուլի քարտուղարներ եւ այլն) պատրաստման եւ վերապատրաստման հարցերում;

- Արտոնագրերի շնորհում ակումբների մարզիչներին եւ այն մասնագետներին, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան թույլտվություն համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի կանոնների;

- Բազմակողմանի աջակցություն միջազգային մրցաշարերում հանդես եկող ՀՖՖ ակումբներին;

- Շփումների կազմակերպում, պահպանում եւ համագործակցություն այլ ասոցիացիաների, ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի հետ` ակումբների արտոնագրման համակարգի ներդրման հարցերում;

- Մասնակցություն ՀՖՖ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման եւ գործնական կիրառման հարցերում

- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Կանոնակարգի, ՀՖՖ հրամանների եւ այլ արձանագրությունների, ինչպես նաեւ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նմանատիպ փաստաթղթերի պահանջների կատարման վերահսկում;

- ՀՖՖ ակումբների փաստաթղթերի եւ արխիվային նյութերի հաշվառման եւ վիճակագրության վարում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունների թողարկում;

- Մշտական կապի պահպանում ՀՀ ԶԼՄ-ների եւ միջազգային սոցիալական ցանցերի հետ` ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի մասսայականացման ապահովման համար;

- Առաջարկների ներկայացում մարզական օբյեկտների կառուցման եւ վերակառուցման, նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնակցություն այդ նախագծերին` ինքնուրույն, ինչպես նաեւ պետական եւ տեղական մարմինների եւ մասնավոր ընկերությունների հետ համատեղ;

- Տեղեկատվական, մեթոդաբանական եւ խորհրդատվական աջակցության տրամադրում ակումբներին` ֆինանսական, իրավական, կադրային, մարզական եւ այլ հարցերի վերաբերյալ:

Ահա այսպիսին կլինեն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի խնդիրները գալիք 3 մրցաշրջանների համար:
Կասկածից վեր է, որ ըստ նշված քաղաքական կետերի եւ նպատակային խնդիրների` տարվող աշխատանքները կնպաստեն ոչ միայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի զարգացմանը, այլ նաեւ ակումբների ֆինանսական, կադրային, ենթակառուցվածքային, իրավական եւ մարզական բնագավառներում տարվող աշխատանքների բարելավմանն ու եվրոպական նվազագույն պահանջներին համապատասխանելիությանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է իր ծրագրերի եւ ընտրած ուղու ճշմարտության մեջ եւ շարունակելու է լինել հետեւողական ու խստապահանջ իր սկզբունքների իրականացման հարցում եւ ակումբների արտոնագրումը հանդիսանում է այդ ծրագրերի բաղկացուցիչ մաս:

ՀՖՖ Նախագահ Ռ. Հայրապետյան                                  Երևան 10 հունվարի 2011թ.

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel