Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.07.2011

Հայաստանի ակումբները պարտվեցին Եվրոպայի Լիգայի մեկնարկում

Երևանի «Բանանցը» մեկնարկեց 2011-2012թթ. Եվրոպայի լիգայի մրցաշարում: Հունիսի 30-ին երևանցիները Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էին վրացական Ռուստավի քաղաքի «Մետալուրգի» թիմին: Տանտերերը ակտիվ սկսեցին հանդիպումը, տիրեցին տարածքային առավելությանը, սակայն շատ շուտ վրաց ֆուտբոլիստները շտկեցին իրավիճակը և «Բանանցի» ֆուտբոլիստներին չէր հաջողվում սուր գրոհներ կազմակերպել: Հիմնականում խաղն անցնում էր դաշտի կենտրոնական մասում և առաջին խաղակեսում միակ ռեալ գոլային պահը չիրացրեցին հյուրերը: Տուգանային հրապարակ կատարված փոխանցումից հետո, «Մետալուրգիի» ֆուտբոլիստը կատարեց գլխով հարված և միայն Նեպոգոդովի հուսալի խաղի շնորհիվ թիմերը գնացին հանգստի 0:0 հաշվի ներքո:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը բացեցին խաղի հաշիվը: Անկյունայինի խաղարկումից հետո գնդակին առաջինը հասավ Իրակլի Կոբալիան և անկասելի հարվածով գրավեց մեր թիմի դարպասը: Առաջ անցնելով ասենք, որ 0:1 հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը: «Բանանցը» փորձում էր պատասխան գնդակը խփել, սակայն հակառակորդի դարպասի մոտ սրություն էր առաջանում միայն տուգանային և անկյունային հարվածների իրացման ժամանակ: Մեր տղաներին չօգնեց նաև գոլի հեղինակի հեռացումը խաղադաշտից: Խաղալով ամբողջ երկրորդ կեսը 10 հոգով «Մետալուրգիին» հաջողվեց կարևոր հաղթանակ տանել: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Վրաստանում:

Երևանյան հանդիպումից հետո Բուդապեշտի «Ալբերտ» մարզադաշտում սկսվեց «Ֆերենցվարոշ»-«Ուլիս» հանդիպումը, որը նույնպես դրական ավարտ չունեցավ Հայաստանի ներկայացուցչի համար: Առաջին խաղակեսի 31-րդ և 33-րդ րոպեներին «Ուլիսը» երկու անգամ ստիպված էր խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Երկու գնդակն էլ հայտնվեցին Մալկովի պաշտպանած դարպասում ստանդարտ իրավիճակների խաղարկումից հետո: Առաջին դեպքում ճակատագրական դարձավ տուգանային հարվածը, երկրորդում` անկյունայինը: Հաշվի մեջ եղած տարբերությունը կրճատելու հիանալի առիթ ունեցավ «Ուլիսը» առաջին խաղակեսի վերջում: Արտյոմ Ադամյանը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Երկրորդ կեսում հաշիվը դարձավ 3:0 և «Ֆերենցվարոշը» զգալի առավելություն ձեռք բերեց Երևան ժամանելուց առաջ: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին «Հրազդան» մարզադաշտում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel