Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.10.2011

ԵՎՐՈ-2012. Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա 4:1

Հաղթարշավը շարունակվում է: Հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը տոնեց երրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Պետական օրհներգերը հնչեցնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը պարգևատրվեց ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված հուշամեդալով և հուշանվերով, որպես ազգային հավաքականի կազմում 100 խաղ անցկացրած ֆուտբոլիստ: Պարգևները Սարգսին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ այսօր Հովսեփյանի 124-րդ հանդիպումն է Հայաստանի հավաքականի կազմում:

Մրցակիցը` ՆՀՀ Մակեդոնիայի ազգային ընտրանին խաղասկզբից բավականին հաջող էր դիմադրում մեր տղաների գրոհներին մինչև 28-րդ րոպեն: Յուրա Մովսիսյանը ձեռնարկեց անհատական անցում, խաբս տվեց երեք մրցակցի և փախանցում կատարեց Մարկոսին, ով մոտ տարածությունից հարվածով բացեց հանդիպման հաշիվը: 6 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ հեռահար հարվածով ստիպեց Մարտին Բոգատինովին կրկին գնդակը հանել դարպասի միջից: Հյուրերը ժամանակ առ ժամանակ փորձեր էին կատարում հետ բերել կորցրածը, սակայն 53-րոպեին մնացին տաս հոգով: Երկրորդ դեղին քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Վելիչե Շումուլիկոսկին: 69-րդ րոպեին Մովսիսյանը աջ եզրում կրկին խաբս տվեց երկու մրցակիցների և փոխանցում կատարեց Գևորգ Ղազարյանին, ով ընթացքից հարվածելով, երրորդ գնդակն ուղարկեց ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի դարպասը: Խաղավերջում հյուրերի ձեռնարկած ճնշումը պսակվեց հաջողությամբ: Անկյունայինի խաղարկումից հետո Վանչե Շիկովը հաղթեց օդային մենամարտում մեր պաշտպաններին և կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը: Երեք գնդակի առավելությունը վերականգնեց Արթուր Սարկիսովը հինգ րոպե անց: Ստանալով գնդակը Մովսիսյանից, Արթուրը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի առջև և արձանագրեց իր երկրորդ գոլը այս ընտրական մրցաշարում:
Հաղթելով 4:1 հաշվով Հայաստանի ընտրանին շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ

Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel