Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.01.2012

Վարդան Մինասյան. "Ցանկանում եմ "Կուբանին" միայն հաղթանակներ"

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնվելով Իսպանիայում հարցազրույց է տվել ռուսական "Կուբան" ակումբի պաշտոնական կայքին:

- Ժամանել եմ Իսպանիա' "Կուբանի" ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածությամբ: Առաջին հերթին ցանկանում եմ հետևել հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելիին, ով վերջերս 3 տարով պայմանագիր կնքեց ձեր թիմի հետ: Համոզված եմ, որ նրա մասնակցությունը Ռուսաստանի առաջնությանը օգուտ կտա և՛ ակումբին, և՛ Հայաստանի հավաքականին:

Իմ այցի երկրորդ պատճառը հանդիսանում է հենց "Կուբան" ակումբը, որը Դան Պետրեսկուի գլխավորությամբ հիանալի մրցաշրջան է անցկացնում: Մեկ անգամ չէ, որ թիմի խաղին հետևել եմ հեռուստացույցով եւ միշտ նկատել եմ կրասնոդարյան ակումբի խաղացողների բարձր խաղային կարգապահությունը եւ կազմակերպվածությունը: Այդ որակները` գումարած ֆուտբոլիստների ինքնանվիրումը, ապահովեցին ձեզ լավ արդյունք առաջնության գարնանային փուլից առաջ:

Այժմ ցանկանում եմ տեղում հետևել նախկինում հայտնի խաղացողի, իսկ այժմ հաջողակ մասնագետի ղեկավարությամբ մարզումային գործընթացին, զրուցել անձամբ Պետրեսկուի եւ նրա օգնականների հետ: Կարողանալ ստեղծել միացյալ, մարտունակ կոլեկտիվ, որն ընդունակ է լուծել իր առջև դրած խնդիրները. ահա հարց, որն արդիական է ինձ համար հավաքականի հետ աշխատանքում:

- Որքա՞ն հաճախ են Ձեզ մոտ ստացվում նման գործուղումներ:

- Նախկինում ես կատարում էի "Փյունիկի" եւ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները, ուստի նման գործուղումների հնարավորություններ չէր լինում: Այժմ ես ամբողջովին կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի աշխատանքի վրա: Այս գործուղումը առաջին է ծրագրվածներից: Թեպետ, հաճախակի այցելությունների կարիք չկա. հավաքականի բոլոր տղաներն առանց այդ էլ միշտ գտնվում են ուշադրության տակ:

- Հայաստանի հավաքականի ելույթը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում շատ մասնագետների համար բացահայտում էր: Թիմը միայն Իռլանդիայի հետ արտագնա վերջին խաղում բաց թողեց Եվրոպայի լավագույն թիմերի շարքում հայտնվելու հնարավորությունը: Ինչի՞ հաշվին հավաքականին, Ձեր գլխավորությամբ, հաջողվեց շոշափելի առաջընթացի հասնել:
- Մենք երիտասարդ եւ շատ ամբիցիոզ թիմ ունենք: Սակայն նախկինում ֆուտբոլիստների անձնական ամբիցիաները խանգարում էին, քան օգնում: Հայ ֆուտբոլիստները միշտ էլ տեխնիկապես լավ պատրաստված խաղացողների համբավ ունեն: Բայց վերջնական եւ կայուն հաջողությունը միշտ էլ որոշում է առաջին հերթին թիմային ոգին, ոչ միայն անհատապես փայլելու ցանկությունը, այլ խաղալ՝ առավելագույն օգուտ տալով ամբողջ կոլեկտիվին: Այժմ աճել են տաղանդավոր տղաներ, որոնք փորձառու են դարձել արտասահմանյան ակումբներում հանդես գալով: Եթե նախկինում արտասահմանում 3-4 խաղացող ունեինք, ապա այժմ նման ֆուտբոլիստների թիվը 13-ն է:

Եւ եվս մեկ կարևոր հանգամանք հավաքականի յուրաքանչյուր խաղացողի համար` հայրենասիրությունը: Սրտում պետք է լինեն ոչ թե փողերը, այլ երկիրը, որի համար հանդես ես գալիս: Այն ամենը, ինչ ասացի, բնութագրում է ներկայիս Հայաստանի հավաքականը: Այս ընտրական փուլում բաղձալի նպատակին հասնել չհաջողվեց. չհերիքեց փորձը: Բայց այս տղաները ներուժ և աճելու տեղ ունեն:

- Մեր երկրպագուներին դեռ լիովին ծանոթ չէ հավաքականում ձեր ներկայիս , իսկ նախկինում նաեւ ակումբի' "Փյունիկի"սան, Մարկոս Պիզելին: Ի՞նչ կարող եք ասել նրա մասին, թե՛ որպես մարդ, թե՛ խաղացող:

- Արագ, տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է, ուժեղ ձախ ոտքով, լավ եզրափակիչ հարվածով, հիանալի դրիբլինգ ունի: Իսկական պրոֆեսիոնալ է: Նրբորեն զգում է խաղընկերներին, բացի այդ նրա կարեւոր որակներից է գոլային փոխանցում կատարելու ընդունակությունը: Ինչպես եւ շատ բրազիլացիներ, նախընտրում է խաղալ հարձակվողական ֆուտբոլ: Նախկինում այնքան էլ լավ չէր օգնում պաշտպանությանը, սակայն վերջին ժամանակներս զգալիորեն ավելացրել է այդ առումով: Այս ամենը Պիզելին ամրապնդել է առաջին հերթին հավաքականում, ապա՝ Դոնեցկի "Մետալուրգում" հանդես գալով:

Ընդհանուր առմամբ շատ պատասխանատու տղա է եւ մարզչի հրահանգները ձգտում է կատարել անթերի: Որպես մարդ շատ հաճելի անձնավորություն է, բաց եւ դաստիարակված: Ձեր երկրպագուները շուտով դրանում կհամոզվեն: Անկասկած, Ռուսաստանի առաջնությունը մակարդակով եւ լարվածությամբ զգալիորեն գերազանցում է Հայաստանի եւ նույնիսկ Ուկրաինայի առաջնություններին, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ "Կուբանում" եւ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա կարող է հայտնվել առաջատար դիրքերում: Որպես հավաքականի մարզիչ ես դրանում մեծապես հետաքրքրված եմ, ուստի կհետևեմ "Կուբանի" ելույթներին հատուկ ուշադրությամբ եւ կցանկանամ թիմին միայն հաղթանակներ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel