Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.01.2012

Վարդան Մինասյան. «Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելը առաջընթաց է Մարկոսի համար»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնվում է Իսպանիայում, որտեղ ներկա է գտնվել ռուսական «Կուբան» ակումբի ուսումնամարզական հավաքին: Sportbox.ru-ի հետ զրույցում Մինասյանն անդրադարձել է ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչ փուլի վիճականահության արդյունքներից, կրասնոդարյան ակումբի և իր հետագա պլանների մասին:

- Վարդա'ն, դուք չեք թաքցնում, որ այստեղ եք եկել սովորելու համար: Այդպիսի բան հազվադեպ կարելի է լսել ազգային հավաքականի մարզչի պարագայում:

- Սովորել միշտ էլ պետք է: Նա, ով դա չի անում, չի կատարելագործվում: Վստահեցնում եմ ձեզ, նույնիսկ Կապելոն, ով արդեն համարյա 70 տարեկան է, շարունակում է սովորել: Ֆուտբոլը չի մնում իր տեղում, այն մշտապես փոփոխվում է, որին պետք է մշտապես հետևել:

- Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց Դան Պետրեսկուին:

- Որովհետև արդեն հիմա ես նրան համարում եմ Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը: Վաղուց հետևում եմ նրա աշխատանքին, և չեմ կարող չասել, որ «Կուբանը» նրա ղեկավարությամբ բուռն առաջընթաց է ապրել: Ոչ միշտ կտեսնես այդպիսի կազմակերպված ու կարգապահ թիմեր, որոնց ֆուտբոլիստները մշտապես պայքարում են անհրաժեշտ արդյունք ապահովելու համար:

- Եթե խոսենք այլ մարզիչներից, ու՞մ աշխատանքին եք նույնպես ուշադիր հետևում:

- Երկու մարզիչ կա, որոնց ֆուտբոլային փիլիսոփայությունը հարազատ է ինձ: Մեկը Խոսեպ Գվարդիոլան է, մյուսը` Արսեն Վենգերը: Ինձ դուր է գալիս նրանց թիմերի ցուցադրած ֆուտբոլը: Չի կարելի մոռանալ նաև Ժոզե Մոուրինյոյին, ով տարբեր առաջնություններում, տարբեր թիմերի հետ աշխատելով անհրաժեշտ արդյունք է ապահովում: Կնշեմ նաև Մարսելո Բիելսային, նրա աշխատանքին վաղուց եմ հետևում: Միայն այն, թե ինչպես է նա իր թիմերի համար անհրաժեշտ մարտավարություն մշակում, հարգանքի է արժանի:

- Վերջին երկու մարզիչների թիմերի հետ ռուսաստանյան ակումբները շուտով պետք է հանդիպեն: ԲԿՄԱ-ն կհանդիպի Մոուրինյոյի «Ռեալի», իսկ «Լոկոմոտիվը» Բիելսայի «Ատլետիկի» հետ:

- Ինչ արած, նրանց դժվար փորձություն է սպասվում:

- Վերադառնանք Պետրեսկուին: Դուք հավատու՞մ եք, որ նրա «Կուբանը» կարող է Պրեմիեր լիգայում էլ ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել:

- Երբեք չեմ զբաղվել գուշակություններով, բայց վստահ կարող եմ ասել, որ այդ թիմն անընդհատ առաջադիմում է, և պատճառ չեմ տեսնում, որ այդ առաջընթացը կարող է ընդհատվել:

- Վերջերս “Կուբանը” պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկի` Մարկոս Պիզելիի հետ: Նա ի վիճակի՞ է ռուսական առաջնությունում էական դեր խաղալ:

- Ինչու՞ ոչ: Մարկոսը արագ ու տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Նա շատ լավ է տեսնում դաշտը, տիրապետում է լավ փոխանցումների և հարվածների: Բացի այդ այս վերջին կես տարին, երբ նա հանդես եկավ Դոնեցկի «Մետալուրգում», նա էականորեն բարելավեց իր ֆիզիկական տվյալները, սկսեց ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել խաղադաշտում: Անժխտելի է, որ ռուսական առաջնություն տեղափոխությունը դա առաջընթաց է Մարկոսի համար: Վստահ եմ, որ նա կօգտվի իրենց ընձեռված այդ հնարավորությունից և իր մասին Ռուսաստանում խոսել կտա:

- Սկզբունքորեն նա իր մասին արդեն խոսել տվել է, երբ «Պետրովսկիում» գրավեց Ռուսաստանի հավաքականի դարպասը: Իմիջիայլոց, Դուք ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ռուսաստանի մրցակիցներն են Հունաստանի, Լեհաստանի և Չեխիայի հավաքականները: Վերջինիս հետ ձեր հավաքականը կխաղա արդեն ԵՎՐՈ-ից հետո:

- Դժվար թե նոր բան կարելի է ասել: Բոլորն էլ հասկանում են, որ ձեր թիմի բախտը բերել է, մնացած խմբերում ավելի լուրջ մրցակիցներ են հավաքվել: Բայց ուրախանալ դեռ վաղ է, պետք է անհրաժեշտ արդյունքի հասնելուց հետո ուրախանալ: Ռուսաստանի հավաքականի հաջողություններ եմ մաղթում: Ինչ վերաբերվում է Չեխիայի հավաքականին. այս պահին թիմում սերնդափոխություն է կատարվում, և առաջին պլան են դուրս գալիս երիտասարդ ֆուտբոլիստները, այդ թվում Չեխիայի չեմպիոն Վիկտորիա Պլզեն թիմից:

- Հայաստանի հավաքականը ընտրական փուլը կսկսի երկու արտագնա հանդիպումներով` Մալթայի և Բուլղարիայի հավաքականների հետ: Երկու խաղերում Ձեզ չորս միավորը կբավարարարի:

- Չո՞րս: Այդ մասին ասեք Հայաստանում: Մեզանից այս հաջողություններից հետո միմիայն հաղթանակ են պահանջում: Այդպիսին է հայկական բնավորությունը կամ ամեն ինչ, կամ ոչինչ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel