Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.05.2012

ՀՖՖ աշխատակազմը` ակադեմիական եւ մագիստրոսական նոր որակավորմամբ. ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին

Եվրոպական ֆուտբոլի պրոֆեսիոնալ կառավարմանը նպաստելը միշտ էլ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ նպատակով, Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ, ՈՒԵՖԱ-ն մշակեց մի շարք կրթական ծրագրերՙ ազգային ասոցիացիաների պահանջներին համաձայն: Այդ ծրագրերն ուղղված են ամրապնդելու եւ կազմավորելու ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմի արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները, ինչպես նաև կատարած աշխատանքի ակադեմիական ճանաչում ստանալունՙ վկայականների, դիպլոմների և մագիստրոսի աստիճանի տեսքով:
ՈՒԵՖԱ-ի ակադեմիական ծրագրի առաջին աստիճանըՙ Ֆուտբոլի կառավարման հավաստագիր ծրագիրը (UEFA CFM), պաշտոնապես մեկնարկեց 2010թ-ին: Ծրագիրը ներառում է ազգային ասոցիացիայի կառավարման հիմնական ոլորտները` ֆուտբոլի կազմակերպում, ռազմավարական կառավարում և արդյունավետության վերահսկում, օպերատիվ կառավարում, միջոցառման կառավարում, մարկետինգ եւ հովանավորչություն, ներքին եւ արտաքին հաղորդակցություն: Բոլոր 53 ասոցիացիաներից ստացված բազմաթիվ դիմումների քննության արդյունքում (յուրաքանչյուր ասոցիացիա կարող էր ներկայացնել առավելագույնը 2 թեկնածու) ՈՒԵՖԱ-ն և IDHEAP-ն ընտրեցին 33 մասնակից: ՀՖՖ-ն ներկայացնում էին արտոնագրման եւ միջազգային բաժինների ղեկավարներ Առնո Սարգսյանը եւ Սաթենիկ Ամիրանյանը, ովքեր հաջողությամբ մասնակցեցին ծրագրին, հանձնեցին քննությունները եւ ստացան գերազանցության հավաստագրեր:
CFM ծրագրի հաջող ավարտին հաջորդեց ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրի երկրորդ աստիճանըՙ Ֆուտբոլի կառավարման դիպլոմ ծրագիրը (UEFA DFM): Այս ութամսյա ծրագրի նպատակն է աջակցել անդամ ասոցիացիաների մենեջերներինՙ ֆուտբոլի օպերատիվ կառավարման ոլորտում առավել մասնագիտանալու հարցում: Այն ներառում է ազգային ասոցիացիաների օպերատիվ կառավարման հետևյալ հիմնական ոլորտները` մարզադաշտերի կառավարում, մարկետինգային գործունեության կազմակերպում, հասարակության հետ կապեր եւ մեդիա, կամավոր աշխատանքների կազմակերպում: Ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմումՙ մեկ ներածական օնլայն մոդուլ, երեք սեմինար-հանդիպում, մեկ խաղի այցելություն (ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի շրջանակներում) և չորս չորսշաբաթյա ուսուցողական օնլայն մոդուլներ, որոնք պատրաստվել են գիտական փորձագետների կողմիցՙ ՈՒԵՖԱ-ի պրակտիկ մասնագետների հետ համատեղ: Ծրագրի բոլոր նշված փուլերը հաջողությամբ ավարտելու դեպքումՙ մասնակիցները կարող են մասնակցել ավարտական քննությանը, որը հնարավորություն կընձեռի արժանանալու IDHEAP-ի կողմից շնորհվող ֆուտբոլի կառավարման դիպլոմին:
ՈՒԵՖԱ –ի DFM ութամսյա ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց 2011թ. սեպտեմբերին, իսկ ավարտական քննությունը եւ դիպլոմների շնորհման արարողությունը տեղի ունեցան ս/թ մայիսի 10-ին եւ 11-ին համապատասխանաբար: ՀՖՖ-ն ներկայացնում էին միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանը եւ նախկին ՀՖՖ լիցենզավորման բաժնի պետ Առնո Սարգսյանը, որը ներկայիս ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի գծով պատասխանատուն է:
ՈՒԵՖԱ-ի CFM ծրագրի երկրորդ թողարկման մասնակից էր ՀՖՖ մասսայական բաժնի աշխատակցուհի Լալա Երիցյանը:
DFM դիպլոմների եւ CFM վկայականների շնորհման պատվավոր արարողությունը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գրասենյակում: ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոն ողջունեց բոլոր շրջանավարտներին, որից հետո IDHEAP-ի դեկան պրոֆեսոր Ժան-Լու Շապելեն եւ ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրերի համակարգող Թոմաս Ժյունոն շրջանավարտներին շնորհեցին վկայականներն ու դիպլոմները:
Ի լրումն, 2010 թ.-ի սեպտեմբեր ամսին մեկնարկեց նաև ՈԻԵՖԱ-ի կրթական բարձրագույն ծրագիրըՙ MESGO-ն, որը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մագիստրոսի կոչում Եվրոպական սպորտի կառավարման ոլորտում: Ծրագիրն ուղղված է վերլուծելու Եվրոպական սպորտի կառավարման ոլորտում առկա եւ գալիք կարեւորագույն խնդիրները: MESGO-ի շրջանակներում ՀՖՖ-ն ներկայացրեց առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel