Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.09.2012

«Հրազդանի» նոր լուսային համակարգն ու տեսաէկրանները փորձարկվեցին

«Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ նոր լուսային համակարգի եւ մեծ տեսաէկրանների փորձարկումն ու տեստավորումը, որի աշխատանքներին հետեւում էր նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, նոր լուսային համակարգը եւ մեծ տեսաէկրանները, որոնք «Հրազդան» մարզադաշտում տեղադրվել են արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, հրավիրված մասնագետների, ծրագրավորողների մասնակցությամբ, միանգամայն համապատասխանեցված են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին: Դրանք համապատասխանեցված են նաեւ ֆուտբոլային միջազգային հանդիպումների հեռուստահեռարձակման բոլոր չափորոշիչներին, որոնք ընդունված են եւ պահանջվում են հեռարձակող ընկերությունների կողմից: Փորձարկման ընթացքում տեսաէկրաններին տրվեց ուղիղ հեռարձակման տեսապատկերը, որն ուղղակի հիացրեց ներկաներին: Լուսային նոր համակարգը մեծ հնարավորություններ է ընձեռում նաեւ ֆոտոլրագրողների համար, ովքեր կարող են ստանալ բարձր որակյալ պատկեր: Զրուցելով լրագրողների հետ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ «Հրազդան» մարզադաշտում կատարվել է մեծ ծավալի աշխատանք, բայց դեռ բավականաչափ աշխատանք կա կատարելու առաջիկայում, որոնք նաեւ մատնանշվել են միջազգային ֆուտբոլային գերատեսչությունների տեսչական խմբերի կողմից: ՀՖՖ նախագահը նշեց, որ ՀՀ նախագահը նույնպես, ով վերջերս այցելել էր մարզադաշտ` ծանոթանալու աշխատանքների ընթացքին, հանձնարարել է, որպեսզի «Հրազդան» մարզադաշտն ունենա ամբողջական ծածկ եւ տեղեկացրեց, որ արդեն տրվել են հանձնարարականներ ճարտարապետական խմբերին, որպեսզի մշակվի համապատասխան նախագիծ, որը կպահպանի նաեւ «Հրազդանի» ճարտարապետական տեսքը: ՀՖՖ նախագահը նշեց, որ աշխարհի կատարյալ մարզադաշտերի նման «Հրազդան» ունենալու համար առաջիկա տարիներին մինչեւ քսան միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ կարվեն, իսկ Իտալիա-Հայաստան հանդիպմանը «Հրազդանը» կլինի ամբողջովին պատրաստ եւ համապատասխան այն չափորոշիչներին, որոնք ընդունված են: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականը նույնպես պատրաստ է, կատարվել է նախապատրաստական մեծ աշխատանք, տեղի են ունեցել ընկերական հանդիպումներ եւ կոչ արեց մեր ֆուտբոլի երկրպագուներին, որ «Հրազդանը» միշտ պահեն լեփ լեցուն եւ ոգեւորեն մեր ազգային հավաքականին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel