Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.11.2012

Կանանց ֆուտբոլի գծով ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների այցը Հայաստան

Նոյեմբերի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ֆուտբոլային հետաքրքիր միջոցառում, որին ներկա էին հյուրեր` ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման մենեջեր Էմիլի Շոն և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ, ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Հեյկե Ուլրիխը:

Միջոցառմանը մասնակցում էին աղջիկների մանկապատանեկան տարիքի 5 թիմեր: 2 թիմով ներկայացված էր Երևանը (մարզիչ` Լիաննա Հայրապետյան), մեկական թիմերով` Արթիկը (մարզիչ`Գագիկ Ստեփանյան), Էջմիածինը (մարզիչ` Նունե Եսաֆյան) և Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղը (մարզիչ` Սոկրատ Հարությունյան): Խաղադաշտը բաժանվել էր մի քանի մասի, որոնցից յուրաքանչյուրի վրա երեխաները կատարում էին տարբեր վարժություններ`գնդակի վարում, արագացումներ, պայքար հարձակվողի և պաշտպանի միջև, գլխով հարվածներ և այլն: Որոշակի ժամանակահատվածում իրականացնելով վերոնշյալ վարժությունները` թիմերը փոխում էին իրենց դիրքերը խաղադաշտում այնպես, որ բոլոր թիմերը կարողանան իրականացնել բոլոր վարժությունները հերթով: Միջոցառման վերջում աղջիկները, կրկին բաժանվելով մի քանի խմբերի, մրցակցեցին, այսպես կոչված, «Bonbon cup»- ի ձևաչափով. կարճ տարածության վրա փոխանցումներ կատարելով` աղջիկները փորձում էին գրավել մրցակից թիմի` սովորականից ավելի փոքր չափերի դարպասները: Սրա շնորհիվ աղջիկները ձեռք են բերում սահմանափակ տարածության մեջ և փոքր ժամանակահատվածում արագ կողմնորոշվելու հատկություն: Միջոցառումն անցավ հաճելի մթնոլորտում և բարձր մակարդակի կազմակերպվածությամբ:

Միջոցառման նպատակների և նշանակության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցեց ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժնի պետ, «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի համակարգող Մարինա Թաշչյանի հետ. «Միջոցառումը կազմակերպել ենք ՈՒԵՖԱ-ից ժամանած մեր հյուրերի համար: Նրանք եկել են` տեսնելու, թե ինչպես է ընթանում կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում: Կցանկանայի նշել, որ կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում նոր աճ է սկսել ապրել: Մինչ այդ ունեցել ենք մինչև 17, 19 տարեկանների և ազգային հավաքականներ, որոնցից հրաժարվել ենք և որոնք այս տարի չեն մասնակցի Եվրոպայի առաջնություններին, քանի որ որոշեցինք, որ ավելի ճիշտ է կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում սկսել ավելի փոքր տարիքի խմբերից: Այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք ակտիվ պարապմունքներ անցկացնող 5 թիմ` 2-ը Երևանում, մեկական`Արթիկում, Արարատի և Արմավիրի շրջաններում: Քանի որ թիմերի մի մասը ժամանում է մարզերից, դժվար է պարբերաբար կազմակերպել համատեղ միջոցառումներ: Այդուհանդերձ, ցանկալի կլինի, որպեսզի թե´ Երևանում, թե´մարզերում ֆուտբոլով զբաղվող կանանց թիվը հետագայում ավելանա»:

Միջոցառմանը նվիրված տեսանյութը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel