Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.12.2012

Հենրիխ Մխիթարյանը կրկին Լեռնային Ղարաբաղում. ՀՖՖ նախագահը կարևորեց բարեգործությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հերթական անգամ բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ: Արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի ունեցող այցի նպատակն էր ամանորի նախաշեմին օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտանիքներ Հենրիխ Մխիթարյանից ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ:

Հանդիպման ընթացքում ազատամարտիկները նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Հենրիխ Մխիթարյանին: Այն հարցին, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանը ցանկություն չունի տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ, մեր կիսապաշտպանը պատասխանեց, որ, հնարավոր է, այդ տեղափոխությունը մի օր կայանա, բայց առայժմ ինքը "Շախտյորի" ֆուտբոլիստ է և չի մտածում այլ թիմ տեղափոխվելու մասին: Հարցին անդրադարձավ նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ ինքն էլ ցանկություն ունի, որպեսզի Հենրիխը հանդես գա ավելի բարձրակարգ թիմում, սակայն նա պրոֆեսիոնալ է, ունի գործող պայմանագիր և առնվազն մինչև մայիս հաստատ կմնա "Շախտյորում":

Ազատամարտիկներից մեկը հարցրեց, թե Հենրիխ Մխիթարյանն ինչպես է վերաբերում այն դրվագներին, երբ իրեն խաղի ժամանակ հարվածում են: Մխիթարյանը նշեց, որ խաղի ընթացքում տեղի ունեցող բախումները ֆուտբոլի բաղկացուցիչ մասն են կազմում:

Պատասխանելով, թե ով է, իր կարծիքով, այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, Մխիթարյանը տվեց Անդրես Ինիեստայի անունը՝ պատճառաբանելով, որ չնայած Մեսսին և Ռոնալդուն նույնպես անչափ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, բայց Ինիեստան այս տարի ավելի մեծ նվաճումների է հասել:

Հնչեց հարց Մխիթարյանի ամենագեղեցիկ գոլի մասին: Մեր կիսապաշտպանը նշեց, որ ակումբի կազմում ամենագեղեցիկ գոլը խփել է "Կրիվբասի", իսկ հավաքականի կազմում՝ Մակեդոնիայի հավաքականի դարպասը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նույնպես կարծիք հայտնեց այդ մասին՝ նշելով, որ ամենագեղեցիկը Մխիթարյանի՝ Լիտվայի հավաքականի դարպասը խփած գնդակն էր, քանի որ այն գեղեցիկ կոմբինացիայի արդյունք էր:

Ներկաները նաև անդրադարձան Հենրիխ Մխիթարյանի մարդկային հատկանիշներին՝ հիշելով անցած մրցաշրջանի այն դրվագը, երբ Մխիթարյանը կարող էր ինքը գրավել մրցակցի դարպասը, բայց նախընտրեց փոխանցում կատարել իր խաղընկերոջը՝ Սելեզնյովին՝ օգնելով նրան դառնալ առաջնության լավագույն ռմբարկու:

Հանդիպումից հետո ներկաները լուսանկարվեցին Հենրիխ Մխիթարյանի հետ, ինչպես նաև ստացան նրա ստորագրությամբ գնդակներ և մարզաշապիկներ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel