14.02.2008
"Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի ներկայացուցիչները կժամանեն Երևան
2008 թվականի փետրվարի 17-ից 19-ը Երևան են ժամանելու "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի հարավկովկասյան տարածաշրջանի համակարգող Վալերի Չոլարիան, CCPA (Cross Culture Project Association) Միջմշակութային Ծրագրերի Ասոցիացիայի տնօրեն Անդերս Լևինսենը և "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի հարավկովկասյան երկրների վերահսկող Հենինգ Կուրլանդը։
Այցի նպատակն է` հանդիպումն և ֆուտբոլի մասսայականության պետական աջակցության քննարկումը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ։
2003 թ. ի վեր մասսայական ֆուտբոլը մեծ զարգացում է ապրել Հայաստանում։
Մասսայական ֆուտբոլի զարգացումը, առաջին հերթին, կապված է "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի հետ, որն առաջին անգամ փորձնական ձևով անց է կացվել 2003թ. օգոստոսին Հայաստանի երկու դպրոցներում` "Փյունիկ" և "Բանանց"։ Յուրաքանչյուր դպրոց ընդգրկեց 192 երեխա / աղջիկ, տղա /, 12 մարզիչ և 2 լիդեր-ղեկավար։
2004 թ. մասսայական ֆուտբոլը նոր ծաղկում ապրեց, քանզի այն սկսեց ընդգրկել նաև Հայաստանի մի շարք մարզեր։ Օրինակ` "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագիրն անցկացվեց 8 դպրոցներում, որոնցից 2-ը մայրաքաղաքի, իսկ մնացած 6-ը` մարզերի: Այդ տարի վերջինիս մասնակցեցին 8-12 տարեկան թվով 1600 երեխա / տղա-աղջիկ /։ ՀՖՖ-ի կողմից 120 մարզիչ վերապատրաստման ուղարկվեցին Վրաստան։
2005 թ. "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագիրն ընդգրկեց արդեն 15 դպրոց` ներառելով 3000 երեխա, 225 մարզիչ / լիդեր, ինստրուկտոր /։
2005 թ. վերջին ՀՖՖ-ն սկսեց իրագործել մասսայական ֆուտբոլի մի նոր ծրագիր` "Ֆուտբոլն առանց սահմանների"։ Ծրագիրն անց է կացվում Հայաստանի հանրակրթական դպրոցներում 3-5-րդ դասարանի երեխաների համար։ Յուրաքանչյուր դպրոցին ՀՖՖ-ն տրամադրում է 5-ական գնդակ և այլ մարզական գույք։
Առ այսօր ծրագիրն ընդգրկել է շուրջ 350 հանրակրթական դպրոց` որպես նվիրատվություն, տրամադրվել է ավելի քան 1750 գնդակ։
2006 թ. "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագիրն ընդգրկեց 10, իսկ 2007 թ արդեն 15 դպրոց։
Ի դեպ նշենք, որ այս բոլոր ծրագրերն իրականացվել են Միջմշակութային Ծրագրերի Ասոցիացիայի (CCPA) ու Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ուժերով։