Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.06.2008

Յան Պոուլսեն. «Հայկական ֆուտբոլը փայլուն ապագա է ունենալու»

Հունիսի 13-ին «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի և թիմի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի համատեղ մամուլի ասուլիսը` կապված Հայաստանի հավաքականի վերջին ելույթների հետ:
Մայիսի 28-ին ու Հունիսի 1-ին Հայաստանի ընտրանին երկու ընկերական հանդիպում անցկացրեց համապատասխանաբար` Մոլդովայի ու Հունաստանի հավաքականների հետ և երկու խաղն էլ ոչ ոքի ավարտեց: Պոուլսենը, ընդհանուր առմամբ, գոհ էր իր թիմի ելույթներից ու նշեց, որ այսպիսի ընկերական մրցավեճերը իրեն շանս են ընձեռում ավելի լավ ծանոթանալ ընտրանու անդամների հնարավորություններին. «Փետրվարին մենք մասնակցեցինք Մալթայի միջազգային ընկերական մրցաշարին: Այնուհետև` ընկերական խաղերում հանդիպեցինք Ղազախստանի, Մոլդովայի ու Հունաստանի հետ: Ես աստիճանաբար ծանոթանում եմ բոլոր խաղացողների հնարավորություններին, և օգոստոսի 20-ին կայանալիք մեր վերջին ընկերական խաղից հետո կկարողանամ ընտրել այն ֆուտբոլիստներին ովքեր կնախապատրաստվեն 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի ու Իսպանիայի հետ մրցավեճերին, որոնք տեղի կունենան գալիք սեպտեմբերին»:
Պոուսլենն անդրադարձավ նաև հայկական ֆուտբոլի ապագային. «Այժմ շատ ուշադրություն է դարձվում ազգային ընտրանուն, բայց կարևոր եմ համարում նաև մասայական ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը: Պետք է ավելացնել ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունում հանդես եկող թիմերի քանակը, դա ֆուտբոլիստներ ընտրելու ավելի մեծ հնարավորություն կտա: Իչևէ, անելիքները շատ են, սակայն համոզված եմ, որ հայկական ֆուտբոլը փայլուն ապագա է ունենալու»:
Լրագրողների այն հարցին, թե ինչո±ւ զորեղ Հունաստանի ընտրանու դեմ մեր թիմն ավելի լավ հանդես եկավ, քան ոչ այդքան բարձր կարգ ունեցող Մոլդովայի հետ, Պոուլսենը պատասխանեց. «Բոլոր մարզիչների գլխացավանքն է` ինչու է թիմը մեկ լավ հանդես գալիս, իսկ մեկ էլ` վատ: Հարցրեք Ռոբերտո Դոնադոնիին` ինչո±ւ Իտալիան պարտվեց Հոլանդիային 0:3 հաշվով: Գլխավորը` գտնել ոսկե միջինը, այլ ոչ թե` մեկ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել, մեկ` ցածրակարգ:»
Բնականաբար լրատվամիջոցների ներկայացուցիչները չէին կարող չհարցնել նաև օրերս ընթացող Եվրո-2008-ի մասին. «Եվրոպայի առաջնությունն արդարացնում է սպասելիքները: Տեսեք, թե ինչպիսի ֆուտբոլ են խաղում նույն Շվեյցարիան կամ Ավստրիան: Եզրափակիչում հանդես գալու լավ շանսեր ունեն Իսպանիան ու Պորտուգալիան: Պետք չէ մոռանալ նաև Հոլանդիային ու Խորվաթիային: Իհարկե, ես մեծ ուշադրությամբ եմ հետևում իսպանացիների ու թուրքերի մասնակցությամբ հանդիպումներին, քանզի շուտով մեր թիմը դիմակայելու է հենց այդ հավաքականներին: Առայժմ նրանք լավ տպավորություն են թողնում ու, բնականաբար, մեզ շատ դժվար է լինելու գալիք մրցավեճերում: Զորեղ են նաև Բելգիան ու Բոսնիան: Մենք ծանր խմբում ենք հայտնվել, բայց կասեմ նաև այն, որ յուրաքանչյուր խաղում ունենք հնարավորություններ»:
Այս հարցին պատասխանեց նաև Ռոբերտ Արզումանյանը, ով նույնպես նախապատվությունը տվեց իսպանացիներին: Իսկ, ահա այն հարցին, թե ինչպես են ընթանում նրա գործերը դանիական «Ռանդերս» ակումբում, Ռոբերտն այսպիսի կարծիք հայտնեց. «Սկզբնամասում ես չէի խաղում, բայց այժմ ունեմ իմ մշտական տեղը թիմի մեկնարկային կազմում: Եվրոպական ֆուտբոլն իրոք լրիվ այլ մակարդակի է, բայց համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստները կարող են հանդես գալ եվրոպական առաջնություններում: Ըստ իս, հայ խաղացողները եվրոպացիներին, մեծ հաշվով, շատ չեն զիջում»

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel