Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.09.2008

2010թ. Աշխարհի Գավաթ . Հայաստան – Թուրքիա 0:2

Սեպտեմբերի 6-ին մեկնարկեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլը: Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին խաղում Երևանի «Հրազդան» մարզադաշտում մրցեց Թուրքիայի ազգային ընտրանու հետ: Հետաքրքրությունն այս խաղի նկատմամբ ավելի քան մեծ էր: Բավական է միայն նշել, որ հանդիպմանը ներկա էին երկու երկրների նախագահները, շուրջ 300 լրագրող և մի շարք բարձրաստիճան ֆուտբոլային պաշտոնյաներ:
Առաջին կեսն անցավ հավասար պայքարում և երկու թիմն էլ արդյունքի հասնելու սակավաթիվ հնարավորություն ունեցավ: Խաղակեսի ավարտից 10-ը րոպե առաջ վնասվածք ստացավ մեր թիմի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Նրան փոխարինեց Ռոմիկ Խաչատրյանը, ով տեղ զբաղեցրեց հենակետային գոտում, իսկ Արարատ Առաքելյանը տեղափոխվեց պաշտպանության կենտրոն: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը կարծիք հայտնեց, որ վերջնական բացասական արդյունքի պատճառներից մեկը գուցեև հենց այդ փոփոխությունն էր:
Ինչևէ, երկրորդ կեսի 15-րդ րոպեին թուրքերին հաջողվեց բացել հաշիվը: Մեր տուգանայինում բոլորից արագ կողմնորոշվեց Տունջայ Շանլին, ում հարվածից հետո Ռոման Բերեզովսկին անզոր էր փրկել դրությունը: Բաց թողած գոլից հետո մեր տղաները նետվեցին առաջ` փորձելով շտկել իրավիճակը, բայց 78-րդ րոպեին ստիպված էին երկրորդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Այս անգամ աչքի ընկավ «Ֆեներբահչեի» հարձակվող Սեմիհ Շենթուրքը: 0:2` Հայաստանի հավաքականը կրեց իր առաջին պարտությունն այս մրցաշարում, սակայն մենք հավատում ենք, որ լավագույն օրերը դեռ առջևում են:

Յան Պոուլսեն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ`


Շնորհակալ եմ ֆուտբոլիստներից ու երկրպագուներից: Նրանք արեցին ամեն ինչ` դրական արդյունքի հասնելու համար: Բայց սա ֆուտբոլ է: Եկեք լինենք օբյեկտիվ ու ասենք, որ այս օր հաղթեց այս պահի դրությամբ ուժեղագույնը: Մեր տղաները շատ աշխատեցին, սակայն, եթե միայն հնչեցնենք այն ակումբների անունները, որտեց հանդես են գալիս թուրք ֆուբոլիստները, պարզ է դառնում, թե նրանք որքան ուժեղ են: Առաջին կեսում մենք մրցակցին չէինք զիջում, ընդմիջումից հետո էլ մարտական տրամադրվածությամբ դուրս եկանք խաղադաշտ, բայց, բաց թողած գոլից հետո, ինչ-որ բան փոխվեց: Խանգարեց նաև Ռոբերտ Արզումանյանի վնասվածքը: Ինչևէ, սա ընդամենը մեկ խաղ է: Համոզված եմ, որ մենք հետևություններ կանենք ու հետագայում լավ արդյունքների կհասնենք:
Ինչ վերաբերում է Իսպանիայի ընտրանուն, ապա պարզապես չմոռանանք, որ մեր մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Ֆաթիհ Թերիմ, Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ`

Մինչև սկսեմ պատասխանել լրագրողների հարցերին, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հյուրընկալող կողմին` հիանալի ընդունելության համար: Մի քանի օր առաջ իմ ծննդյան տարեդարձն էր և այսօր ֆուտբոլիստներն ինձ հիանալի նվեր մատուցեցին: Շատ դժվար է հաջողված Եվրո-2008-ից հետո կրկին համախմբվել և միանգամից արժանի խաղ ցուցադրել: Անհամբեր սպասում ենք պատասխան հանդիպմանը:

ՀԱՅԱՍՏԱՆ
- Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան. Ռոբերտ Արզումանյան (Ռոմիկ Խաչատրյան, 35), Ալեքսանդր Թադեւոսյան, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան, Աղվան Մկրտչյան, Լեւոն Պաչաջյան, Համլետ Մխիթարյան (Ռոբերտ Զեբելյան, 65), Արտավազդ Քարամյան, Էդգար Մանուչարյան (Արման Քարամյան, 76)

ԹՈՒՐՔԻԱ
- Վոլկան Դեմիրել, Սերվետ Չետին, Գյոքհան Զան, Հական Բալտա, Էմրե Բելոզօղլու, Գյոքհան Գյոնուլ, Մեհմետ Աուրելիո, Արդա Թուրան, Սեմիհ Շենթուրք (Գյոքհան Ունալ, 82), Թունջայ Շանլի (Այհան Ակման, 66), Մեվլյուտ Էրդինչ (Կազիմ Կազիմ, 55)

Գոլերը`
Թունջայ Շանլի, 60, Սեմիհ Շենթուրք, 78

Զգուշացումներ`
Համլետ Մխիթարյան, 58, Գյոքհան Զան, 70

Գլխավոր մրցավար`
Թոմ Հենինգ Օվրեբո (Նորվեգիա)։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel