01.10.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը չկարողացավ հաղթել Թուրքիային
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականն անցկացրեց իր վերջին` երրորդ հանդիպումը, Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների կանանց առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում: Երրորդ տուրում մեր թիմի մրցակիցը Թուրքիայի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականն էր, որը մինչ այդ հանդիպումը նույնպես ոչ մի միավոր չէր վաստակել այս մրցաշարում: Հայաստանի ընտրանին շատ ակտիվ սկսեց այդ հանդիպումը և արդեն 14-րդ րոպեին հարձակմանը միացած պաշտպան Անի Ղուկասյանը բացեց հաշիվը: Ճիշտ է, թուրքերին դեռ առաջին կեսում հաջողվեց նախ վերականգնել հավասարակշռությունը, իսկ այնուհետև էլ` առաջ անցնել: Ընդմիջման թիմերը գնացին Թուրքիայի նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի երկրորդ րոպեին Քրիստինե Մանգասարյանը խփում է մեր թիմի երկրորդ գնդակը, կրկին ոչ ոքի: Իսկ հանդիպման վերջնամասում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով և հանդիպումն ավարտեցին 3:3 հաշվով: Հայաստանի կազմում իր երկրորդ գնդակը խփեց Քրիստինե Մանգասարյանը:
Խմբի մյուս մրցավեճում Ավստրիան 5:1 հաշվով առավելության հասավ տանտերերի` Լեհաստանի ընտրանու նկատմամբ ու ճանաչվեց խմբի հաղթող:
Այս խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է`
1.Ավստրիա (9 միավոր), 2.Լեհաստան (6 միավոր), 3.Հայաստան (1 միավոր), 4.Թուրքիա (1 միավոր):
Երկրորդ որակավորման փուլի ուղեգիր ձեռք բերեցին ավտրիացիներն ու լեհերը: