25.10.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց իսպանացիներին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Իսպանիայում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին այս անգամ մրցեց տանտերերի` իսպանացիների հետ, ու ցավոք 0:2 հաշվով պարտություն կրեց:
Խմբի մյուս խաղում Անգլիայի հավաքականը 7:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ: Երկրորդ տուրից հետո վաստակած 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են իսպանացիները: Երկրորդ տեղում ընթանում է Անգլիայի հավաքականը (4 միավոր), Հայաստանը` երրորդն է (1 միավոր), իսկ եզրափակում են մրցաշարային աղյուսակը էստոնացիները, որոնք միավորներ դեռ չեն վաստակել:
Վերջին` երրորդ տուրում, Հայաստանը կմրցի Էստոնիայի, իսկ Իսպանիան` Անգլիայի հետ: Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: