Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.10.2008

Ռուբեն Հայրապետյան. «Հակված չեմ ամբողջ մեղքը գցել մարզչի վրա»

    Հոկտեմբերի 30-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:

    Նախ ներկայացվեց ՀՖՖ նոր տարբերանշանի մի քանի տարբերակ, որոնց միջև և պետք է կատարվի ընտրությունը: Տարբերակները քննարկվեցին մամուլի-ասուլիսին ներկա գտնվող լրագրողների հետ: Հնչեցին կարծիքներ, որոշ առաջարկներ:ՀՖՖ նոր տարբերանշանը կհաստատվի առաջիկայում կայանալիք ՀՖՖ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ: Ի դեպ ՀՖՖ նոր տարբերանշանը կօգտագործվի միայն ադմինիստրատիվ նպատակներով, իսկ Հայաստանի ազգային հավաքականների մարզահագուստի վրա պատկերված կլինի Հայաստանի Հանրապետության զինանշանը:

    Այնուհետև ՀՖՖ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին:
    Այն հարցին, թե 4 անհաջող ելույթներից հետո ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Իհարկե ես դժգոհ եմ հավաքականի ելույթներից, սակայն հակված չեմ ամբողջ մեղքը գցել գլխավոր մարզչի վրա: Այս հարցին եկեք նայենք այլ տեսանկյունից: Պայքարո°ւմ էին ֆուտբոլիստները խաղադաշտում, թե` ո°չ: Դժգոհ եմ գրեթե բոլոր խաղացողներից: Կարող եմ, նույնիսկ հնչեցնել այն մարդկանց անունները, ովքեր պայքարում էին խաղադաշտում. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան և Արթուր Ոսկանյան: Մյուսները դժգույն տպավորություն թողեցին: Նրանց համար ստեղծվել էին բոլոր պայմանները` սկսած հավաքներից, վերջացրած հյուրանոցներով: Ի°նչ կարող է անել մարզիչը այն պարագայում, երբ ֆուտբոլիստները պարզապես վատ ֆունկցիոնալ վիճակում են գտնվում: Մարզիչն իր տրամադրության տակ ունենում է ընդամենը 4 օր: Ինչպե°ս կարելի է այդ ժամանակահատվածում վերականգնել ֆիզիկական պատրաստվածությունը: Նրանք պարզապես պատրաստ չէին խաղալ: Ինձ ճիշտ հասկացեք. Չեմ ասում, թե ցանկություն չունեին, քանզի այն ֆուտբոլիստը, ով չի ցանկանա ներդնել իր ողջ ուժերն ընտրանու հանդիպումներում պարզապես չի հրավիրվի ազգային հավաքական: Ֆուտբոլիստների մոտ չէր ստացվում: Անհնար է, օրինակ, որ Լևոն Պաչաջյանը ցանկություն չունենա խաղալ, պարզապես նա վատ մարզավիճակում էր գտնվում: Եվ այն պարագայում, երբ հավաքականի շատ անդամներ ֆունկցիոնալ պատրաստ չեն, ի°նչ կարող է անել Պաուլսենը: Այնպես որ, գլխավոր մարզչին կարելի է յուրաքանչյուր պահին ազատել աշխատանքից, սակայն դրա համար պետք է ունենալ իրական պատճառներ: Հավաքականի հաջորդ խաղերում կհայտնվեն ավելի ու ավելի շատ երիտասարդներ: Իմ կարծիքն այն է, որ թող պարտվեն երիտասարդները, բայց փորձ ձեռք բերեն»:

    Ռուբեն Հայրապետյանը անդրադարձավ նաև մեր մյուս տարիքային հավաքականների ելույթներին` գնահատելով այն անբավարար, սակայն նաև նշեց, որ այս թվականներին ծնված երեխաներից չի կարելի մեծ ակնկալիքներ ունենալ. «Տեսեք, թե որ տարիներին են նրանք սովորել ֆուտբոլային այբուբենը, մարզվել: Այդ ժամանակ նույնիսկ խաղադաշտեր չկային և մեղադրել այս երեխաներին այդքան էլ ճիշտ չէ: Եթե, այս հավաքականներից մեկ կամ երկու ֆուտբոլիստ ունենանք, ովքեր հետագայում կհայտնվեն ազգային ընտրանու կազմում, ես անչափ գոհ կլինեմ: Այլ հարց է արդեն մյուս տարիքային խմբերում: Սկսած 1993 թվականին ծնված երեխաներից` բոլորը արտակարգ պայմաններում են մարզվել, որտեղ չի եղել թե մարզադաշտերի, թե հավաքների և թե սնունդի խնդիրներ: Բացի այդ, մեկ այլ լուրջ խնդիր է նաև այն աստղային հիվանդությունը, որով տառապում են շատ հայ ֆուտբոլիստներ: Հերիք է երիտասարդը մեկ անգամ ընդգրկվի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, սկսում են խնդիրները: Նրանք արդեն կարծում են, որ արժանի են խաղալ «Բարսելոնայի» կամ «Յուվենտուսի» նման ակումբներում, այսինքն սկսում են տառապել աստղային հիվանդությամբ»:

    Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես նախագահը կմեկնաբանի Արկադի Անդրիասյանի` վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված քննադատական հարցազրույցին, նա պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել յուրաքանչյուրի ասածը, սակայն կանդրադառնամ մեկ հարցի. Արկադի Անդրիասյանը պահանջում էր իմ հրաժարականը: Նախ ասեմ, որ ՀՖՖ նախագահի աթոռից կառչած չեմ և, եթե տեսնեմ, որ հասարակությունը պահանջում է իմ հրաժարականը, նույն պահին դիմում կգրեմ և կհեռանամ իմ զբաղեցրած պաշտոնից: Ուղղակի պետք է հասկանալ մեկ բան. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չպետք է դուրս գա խաղադաշտ: Եթե կան բողոքներ կազմակերպչական աշխատանքների, հավաքականների համար պայմաններ ստեղծելու, ներքին առաջնության խնդիրների հետ կապված կամ այլ ֆինանսական ու տնտեսական հարցերի շուրջ, ես պատրաստ եմ լսել, բայց մեղադրել ՀՖՖ նախագահին ազգային հավաքականի պարտություններում, ճիշտ չէ: Նորից եմ կրկնում, եթե ես տեսնեմ, որ հասարակությունը պահանջում է իմ հրաժարականը, անհապաղ կհեռանամ»:

    Լրագրողները անդրադարձան նաև այն խնդրին, որ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունում հանդես է գալիս ընդամենը 8 ակումբ, և այդ փոքր թիվը չի կարող նպատսել հայկական ֆուտբոլի զարգացմանը. «Սա իրոք մեծ խնդիր է: Ընդամենը 8 ակումբ ունենք: Առաջին խումբ ընդհանրապես չունենք, քանզի այն վերածվել է փոխարինողների առաջնության: Գործարարները կամ չեն ցանկանում կամ էլ հնարավորություն չունեն նոր ակումբներ հիմնադրել, սակայն մոտ ժամանակներս արդեն հնարավոր է, որ 1 կամ 2 ակումբ ավելանա, ինչը ստեղծված իրավիճակում կարևոր է»:

    Վերջում Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներից ու լքեց մամուլի-ասուլիսների դահլիճը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel