Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.12.2008

ՀՖՖ թիվ 6 հերթական ժողով

2008 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ԻԱՄ թիվ 6 հերթական ժողովը: Ժողովի օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`

1. Ընդհանուր ժողովի իրավազորության հաստատում
2. Հաշվիչ հանձնաժողովի և քարտուղարության ընտրություն
3. Օրակարգի հաստատում
4. Նախորդ ընդհանուր ժողովի արձանագրության հաստատում
5. ՀՖՖ Նախագահի հաշվետվություն
6. 01.11.2006թ.–01.11.2008.թ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություն և հաշվեկշռի հաստատում
7. Աուդիտորական զեկույց
8. Գործադիր կոմիտեի անդամ` Ա. Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկում
9. Գործադիր կոմիտեի կազմում նոր անդամի ընտրություն
10. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կազմում անդամագրվելու համար «Ուլիս» ֆուտբոլային ակումբի դիմումի քնարկում
11. Այլ հարցեր

Ընդհանուր ժողովի իրավազորության, օրակարգի, նախորդ ընդհանուր ժողովի արձանագրության հաստատումից, և հաշվիչ հանձնաժողովի և քարտուղարության ընտրությունից հետո, հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ստորև ներկայացնում ենք հաշվետվության ամբողջական տեքստը:

Համաժողովի հարգելի պատվիրակներ
Հարգարժան հյուրեր
Տիկնայք եւ պարոնայք

Ըստ իս` մեր այսօրվա ժողովի գլխավոր նպատակն է ապահովել մեր քաղաքականության եւ ծրագրերի շարունակելիությունը` դրանով նպաստելով մեր ‎ֆուտբոլի աստիճանական զարգացմանը։
Ուզում եմ փաստել, որ մենք հավատարիմ ենք մնում մեր քաղաքականությանը և շարունակում ենք առաջ շարժվել այն ճանապարհով, որի մասին ես խոսել եմ դեռևս 6 տարի առաջ, երբ ստանձնեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Այն ժամանակ որպես հայկական ‎ֆուտբոլի զարգացման գերակա ուղղություններ նշեցի մանկապատանեկան ֆուտբոլի հեռանկարային զարգացումը, ֆուտբոլի առաջընթացին ուղղված ֆինանսական ներդրումների ապահովումը, ‎‎դրամական շարժերի լիարժեք վերահսկումը եւ թափանցիկությունը, ներֆուտբոլային կյանքի կանոնակարգումն ու կարգապահությունը, առկա ֆուտբոլային ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավումն ու նորի կառուցումը, ֆուտբոլային ինտելեկտուալ ինֆրակառուցվածքի բարելավումը, այսինքն` առկա ֆուտբոլային մասնագետների կատարելագործումն ու կրթումը և նոր, կարող ուժերի ներգրավումը, մասսայական ֆուտբոլի զարգացումը կամ ֆուտբոլի մասսայականացումը, ֆուտբոլային գույքային բազայի բարելավումը, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը և այլն։
Ահա սրանք էին մեր ֆուտբոլը տարիների ընթացքում մրցունակ եւ մեզ` միջազգային ֆուտբոլային ընտանիքի լիարժեք անդամ դարձնելու հիմնական ուղղությունները։ Այս առումով շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ չնայած հասկանալի բարդություններին ու դժվարություններին, պետք է շարունակական մնանք և առաջնորդվենք դեռևս 6 տարի առաջ որդեգրած սկզբունքներով:
Սկսեմ մասսայական ֆուտբոլի զարգացման գործընթացից: Մասսայական ֆուտբոլի զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վարած սկզբունքային քաղաքականություններից մեկն է: Հայաստանում այս ոլորտի զարգացման հիմնադիր տարեթիվ կարելի է համարել 2003 թվականը: Մշակվել էր և մինչ օրս իրականացվում է նախադեպը չունեցող հսկայածավալ ծրագիր` Հայաստանում մասսայական ֆուտբոլի զարգացման նպատակով: Եվ քանի որ նախորդ տարեկան հաշվետվություններում մանրամասն ներկայացրել եմ այդ մասին, ապա պետք է նշեմ, որ միայն 2006/2008 թվականներին անցկացրել ենք 608 մասսայական ֆուտբոլային միջոցառումներ, որոնց մասնակցել են ընդհանուր հաշվարկով 96.000 երեխաներ, մարզիչներ, սիրողական մարզիկներ, ուսանողներ, վետերաններ, քաղաքական գործիչներ, լրագրողներ և այլն: Ավելի կոնկրետ` 160 մրցաշարեր 70.000 մասնակիցներով, 400 հանրակրթական դպրոցներ 16.000 մասնակիցներով, 48 “Զվարճալի դպրոցներ” 10.000 մասնակիցներով և այլն: Նույն ժամանակահատվածում կրթվել են մոտ 700 մարզիչ-ինստրուկտորներ, որոնք ստացել են միջազգային “C“ արտոնագրի չափորոշիչների համապատասխան հավաստագրեր և իրավունք են ստացել աշխատելու 8-ից 12 տարեկան երեխաների հետ: Ավելորդ չեմ համարում նշել, որ նշված միջոցառումները փաստաթղթավորվել են ամբողջությամբ, իսկ նրանց գերակշռող մեծամասնությունն էլ տեսա կամ ֆոտո ձայնագրվել և արխիվացվել է:
Միջոցառումների անցկացումն ուղեկցվել է նաև գույքի նվիրաբերությամբ, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 70 մլն դրամ:
Կարծում եմ թվերը բավական խոսուն են, և, եթե դրան ավելացնենք նաև այն, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան մասսայական ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված 10 “լավագույն միջոցառում” նոմինացիաների մրցույթում հաղթող է ճանաչվել 5-ում, այսինքն ուղիղ կեսում`ապա պատկերը ավելի լիարժեք կդառնա:
Այս առումով կցանկանայի անպայման նշել մեր հետ համագործակցած կազմակերպություններին, և, առիթից օգտվելով` հայտնել խորին երախտագիտությունս Սպորտի և երիտասարդության հարցերի, Գիտության և կրթության նախարարություններին, «Կոկա Կոլա», “Վիվասել-Էմտեէս”, “Հայռուսգազարդ”, դանիական “Սիսիպիէյ” ընկերություններին և այլն:
Շարունակելով մասսայական ֆուտբոլի թեման` կցանկանայի խոսել նաև մեր նոր ծրագրի մասին, որի ուղղությամբ արդեն իսկ բավական մեծ աշխատանքներ են տարվել: Խոսքը «ֆուտբոլը» հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում ներառելու մասին է: Ծրագիրը համատեղ է Սպորտի և երիտասարդության հարցերի, Գիտության և կրթության նախարարությունների հետ, համաձայն որի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ապահովի ուսումնամեթոդական գրականությունը, ուսուցիչների վերապատրաստումը և հանրակրթական դպրոցներին ապահովի անհրաժեշտ մարզական գույքով: Կարող եմ արդեն իսկ փաստել, որ այսօր առկա է Գիտության և կրթության նախարարի հրամանը` հանրապետության 440 դպրոցներում ծրագրի փորձնական ներդրման մասին: Այդ հիմքով մշակել ենք ժամանակացույց Հունվար-Փետրվար ամիսներին ուսուցիչներին վերապատրաստելու ուղղությամբ, ՀՖՖ կողմից մշակվել և ուղարկվել է տպագրության մեթոդական ձեռնարկը և նախատեսում ենք մինչև հաջորդ տարվա Մարտ ամիս` ավարտել դասագրքի խմբագրումն ու տպագրությունը: Կարծում եմ սա կարող է շատ լուրջ խթան հանդիսանալ թե սպորտի ընդհանրապես և թե ֆուտբոլի, մասնավորապես, զարգացմանը և մասսայականացմանը:
Անցած բոլոր տարիներին իմ ուշադրության կենտրոնում են եղել նաեւ հայկական ‎ֆուտբոլի մրցավարական եւ տեսչական կառույցները: Այժմ հաջողությամբ իրագործվում է «հեռանկարային մրցավարների վարպետության բարձրացման ծրագիրը», որի արդյունքում մեր մրցավարական կորպուսը համալրվել է խոստումնալից երիտասարդներով: Նրանց 90 տոկոսը մինչև 30 տարեկան տղաներ են:
2007/2008 թվականներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լայնածավալ աշխատանքներ է տարել նաև ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոնվենցիային միանալու ուղղությամբ: Առայժմ նշված կոնվենցիայի անդամ է ընդամենը 12 եվրոպական ֆուտբոլային ասոցիացիա: Սույն թվականի դեկտեմբերին, այսինքն ընդամենը մի քանի օր առաջ, ստուգման և ծանոթանալու առաքելությամբ Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ, Հունգարիայի Մրցավարական կոմիտեի անդամ Շանդոր Պիլերի խոսքերով Հայաստանը լիովին պատրաստ է անդամակցել այդ կոնվենցիային և դա, կարծում եմ, վառ ապացույցն է նրա, որ մեր ֆեդերացիայում աշխատանքներն այդ ուղղությամբ ճիշտ հիմքերի վրա են դրված: Իսկ եթե խոսեմ ընդհանուր առմամբ, ապա, չնայած որ առաջընթացն այստեղ ակընհայտ է, բայց միևնույնն է, դեռ հեռու է իմ պահանջները բավարարելուց և հետագայում էլ պահելու եմ իմ խիստ վերահսկողության և ուշադրության կենտրոնում:
Եվս մի կարեւոր ոլորտ, որտեղ Հայաստանի ‎ֆուտբոլի ֆեդերացիան, որպես ֆուտբոլային քաղաքականություն իրականացնող կառույց արձանագրել է լուրջ առաջխաղացում` արտոնագրման ոլորտն է։ Հենց արտոնագրման համակարգում է թաքնված այն զարգացման ճանապարհը, որով պետք է անցնի մեր ֆուտբոլը` համապատասխանելու եվրոպական ֆուտբոլային չափորոշիչներին, քայլելու եվրոպական ֆուտբոլի զարգացումների հետ։
Ինչպես դուք տեղյակ եք, սկսած 2003 թվականից ՀՖՖ-ն իրականացնում է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգի դրույթները: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում համակարգում գրանցվել են շոշափելի ձեռքբերումներ: 2007 թվականի հոկտեմբերին ՈՒԵՖԱ-ի կողմից ազգային ասոցիացիաներում ստուգումներ իրականացնելու լիազորված շվեյցարական «Էս-Ջի-Էս» ընկերության աուդիտի արդյունքում ՀՖՖ Արտոնագրման բաժնին շնորհվեց թվով 2-րդ հավաստագիրը, որը հաստատեց մատուցվող ծառայությունների համապատասխանելիությունը միջազգային ստանդարտներին: Եվ ստուգումների խստությունն ու լրջությունը փաստելու համար ավելորդ չեմ համարի նշել, որ նմանատիպ ստուգումների արդյունքում ձախողվել են շատ ավելի ֆուտբոլային առումով մեծ և հարուստ ավանդույթներ ունեցող ֆեդերացիաներ:
Վերջերս իր եզրագծին մոտեցած արտոնագրային մրցաշրջանը հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ արտոնագիրն անհրաժեշտ էր ոչ միայն ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի մասնակից ակումբների, այլև ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների համար: Սրանով ՀՖՖ ղեկավարությունը զգալիորեն լայնացրեց ակումբների արտոնագրման համակարգի սահմանները` հնարավորինս տարածելով ֆուտբոլային եվրաչափանիշները հայկական ֆուտբոլում:
Ցավոք սրտի, որոշ ակումբների կողմից նկատվում է անպատասխանատու վերաբերմունք արտոնագրային պահանջների նկատմամբ: Եվ այդ առումով կցանկանայի ընդգծել, որ ՀՖՖ ղեկավարության կողմից Արտոնագրման բաժնին տրվել են հստակ հրահանգներ` խստորեն կասեցնել նման դրսևորումները եւ կիրառել օրենքով սահմանված համապատասխան պատժամիջոցներ: Սա, իհարկե, չի նշանակում, որ ակումբներին չեն տրամադրվի անհրաժեշտ խորհրդատվականներն ու օժանդակությունը` արտոնագրային պահանջների իրականացման ոլորտում:
Գալիք 1-2 տարիների ընթացքում ՀՖՖ-ն նախատեսում է իրականացնել հետեւյալ ծրագրերն ակումբների արտոնագրման շրջանակներում`
- հավաստագրում ըստ ծառայությունների մատուցման որակի ԻՍՈ-9001-2000 միջազգային ստանդարտի;
- պահանջների խստացում; մասնավորապես դա վերաբերում է մարզչական որակավորումներին վերաբերող խնդիրներին, ինչը թույլ կտա մարզչական գործունեությամբ զբաղվել միայն այն մասնագետներին, ովքեր կանցնեն ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի կողմից անցկացվող մարզիչների որակավորման դասընթացներ;
- լիակատար 1-ին լիգայի ստեղծման պարագայում` նոր թիմերի մայր-ակումբների ներգրավում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգ:
Այժմ կուզենայի անդրադառնալ թերևս իմ համար ամենակարևոր խնդրին` ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավմանը և մեր ապագա ծրագրերին: Ինչպես ձեզ հայտնի է, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ենթակառուցվածքային ամենամեծ նախագիծը դա հավաքական թիմերի
տեխնիկական կենտրոն, մանկապատանեկան մարզադպրոց-ինտերնատի կառուցումն է: Եվ այդ առումով կցանկանայի ձեզ տեղեկացնել թե ինչպիսին է գործերի ընթացքն այսօր:
Նախ կուզենայի ձեզ հիշեցնել, որ համալիրը բաղկացած կլինի 12 խաղադաշտերից, որոնցից 4-ը մեծ` ՖԻՖԱ ստանդարտների համապատասխան և մեկը արհեստական խոտածածկով, 8-ը փոքր` մարզումային, որոնք ապահովված կլինեն խաղադաշտերի նշված քանակին համապատասխան ինֆրակառուցվածքով /հանդերձարաններ, սանիտարական հանգույցներ և այլն/, 150 պատանիների համար նախատեսված ինտերնատ-համալիրից` իր ողջ անհրաժեշտ ինֆրակառուցվածքով /հյուրանոց, լսարաններ և այլն/, հավաքական թիմերի համար բարձրակարգ հյուրանոցային համալիրից` 60 մահճակալներով, ֆուտզալի միջազգային ստանդարտներին համապատասխան ծածկած մարզադահլիճից` 2000 նստատեղերով, ծածկած լողավազանից, վերականգնողական կենտրոնից, թենիսի կորտերից և այլն:
Ապա, իհարկե կցանկանայի ձեզ տեղեկացնել թե վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացումներն ինչպիսի ազդեցություն են ունեցել մեր այս ծրագրի ընթացքի վրա: Դեռևս 2006թ. սկզբին, երբ ավարտեցինք համալիրի նախագծային-նախահաշվային աշխատանքները, շինարարության բյուջեն հաշվարկվել էր մոտ 2,4 միլիարդ դրամ կամ մոտ 5,5 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն բոլորիս քաջ հայտնի դրամի արժևորման, շինանյութի և աշխատուժի տևական թանկացման արդյունքում` համալիրի շինարարությունը կանգնեց լուրջ խնդիրների առջև, քանզի արդեն 2007թ կեսերին արված մոտավոր հաշվարկներով այն կազմում էր մոտ 13 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2008 թ դրությամբ՝ մոտ 17 միլիոն ԱՄՆ դոլար։ Իսկ ինչպես ձեզ հայտնի է, ծրագիրը պետք է համաֆինանսավորվեր ՈՒԵՖԱ-ի կողմից – մոտ 1 միլիոն 900 հազար դոլարի չափով, ՖԻՖԱ-ի կողմից – արհեստական խաղադաշտի տեսքով` 400 հազար դոլարի չափով և ՀՖՖ կողմից 400 հազար դոլարի չափով:
Այսօր արդեն մշակել ենք ծրագիրն հաջողությամբ և ժամանակին ավարտելու համալիր ծրագիր և, համենայնդեպս կա լավատեսություն, իսկ աշախատանքներն էլ առավել մեծ ծավալներով շարունակվելու են։
Շարունակելով ենթակառուցվածքների թեման, կցանկանայի նշել վերջին երեք տարիների ընթացքում ՀՖՖ-ՈՒԵՖԱ համատեղ միջոցներով Հայաստանի ժողովրդին նվիրաբերված 43 «Փոքր դաշտերի» մասին, որը լուրջ խթան է ֆուտբոլի մասսայականացման գործում և ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ նկատվում է որոշակի հետաքրքրություն տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնես շրջանակների մոտ` նման «Փոքր դաշտեր» կառուցելու ուղղությամբ:
Առավել կարևոր ձեռքբերում եմ համարում «Հրազդան» մարզադաշտի վերակառուցումը, «Միկա» և «Բանանց» մարզահամալիրների կառուցումը, «Արնար» մարզադաշտի կառուցումը, որոնց այս կամ այն չափով մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի ‎ֆուտբոլի ֆեդերացիան: Առանձին պետք է նշեմ «Հանրապետական» մարզադաշտի վերանորոգման-վերակառուցման աշխատանքների մասին: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ-ն կատարել է շուրջ 460 մլն. դրամի չափով ներդրումներ, որի արդյունքում այժմ ունենք ամենաբարձր որակի խաղադաշտ, նոր բարձրակարգ սպասարկման սրահ, նոր վիդեոէկրաններ
բարեկարգվել է մարզադաշտի հարակից տարածքը և դեռ շարունակվում են մուտքի-ելքի անվտանգության ինֆրակառուցվածքի բարեփոխման աշխատանքները:
Այստեղ հարկ եմ համարում անդրադառնալ ևս մեկ ուրախալի փաստի: Խոսքը Հայաստանի կառավարության աջակցության մասին է: Վերոնշյալ 460 մլն. դրամի չափով կատարված ներդրումներից 150 միլիոնը հատկացվել է կառավարության կողմից: Եվ եթե համեմատենք նախորդ տարիների վիճակագրության հետ, ապա այստեղ լուրջ առաջընթաց կա։ Իհարկե, աջակցություն նախորդ տարիներին էլ է եղել. մեկ դեպքում 25 մլն. դրամի, իսկ մյուս դեպքում՝ 50 մլն. դրամի չափով, սակայն անզեն աչքով երևում է, որ այս տարի գումարը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ պետությունը թիկունք է կանգնում ֆուտբոլին:
Անդրադառնալով ֆուտբոլի գույքային բարելավմանն ուղղված աշխատանքներին, պետք է նշեմ միայն թվեր, որոնք, կարծում եմ արդեն շատ բան են ասում: Միայն վերջին երկու տարիների ընթացքում ձեռք բերվել, անհատույց ստացվել և բաշխվել է մեր ֆուտբոլային ընտանիքի անդամներին շուրջ 310 միլիոն դրամ արժողությամբ մարզական գույք, հանդերձանք և հիմնական միջոցներ:
Լուրջ ձեռքբերում եմ համարում նաեւ մարզիչների կրթական և որակավորման համակարգի ներդրումը հայկական ֆուտբոլում, որի մասին նույնպես բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու։ Անդամագրվելով մարզիչների որակավորման փոխադարձ ճանաչման միջազգային կոնվենցիային, մենք առանց շեղվելու իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ աշխատանքները և այժմ իրավունք ենք ստացել շնորհել «B» և «A» կարգի մարզչական արտոնագրեր: Արդեն իսկ 17 ակումբների ներկայացուցիչներ և մի քանիսն անհատական նախաձեռնությամբ, ընդհանուր առմամբ 136 մարզիչներ, մասնակցել են մարզչական դասընթացներին, իսկ նրանցից 102-ը ստացել են «B» կարգի արտոնագրեր: Մենք ունենք նաև 7 մարզիչներ, ովքեր արժանացել են «A» կարգի արտոնագրերի, և ովքեր միաժամանակ հանդիսանում են ՀՖՖ մարզչական ինստրուկտորներ:
Իմ ելույթների ժամանակ բազմաթիվ անգամ նշել եմ, որ հայկական ‎ֆուտբոլի զարգացման առաջնայնություններից է ֆուտբոլի առաջընթացին ուղղված ֆինանսական ներդրումների ապահովումը: Կրկին կխոսեմ թվերի լեզվով: Միայն վերջին երկու տարիների ընթացքում կարողացել ենք ապահովել չորս միլիարդ դրամի ներդրումներ հայկական ֆուտբոլում, իսկ ընդհանուր առմամբ, սկսած իմ պաշտոնավարման սկզբից` այդ թիվը գերազանցում է յոթ միլիարդ դրամը և դա դեռ այն պարագայում, երբ մենք ունեցել ենք բավական անհաջող վիճակահանություններ: Իսկ այս տարի մեզ նույնիսկ հաջողվեց կենտրոնացված մարկետինգային քաղաքականության շնորհիվ միջոցներ վաստակել նաև ակումբների համար, որն էլ ամբողջությամբ բաժանվեց ակումբների միջև: Ճիշտ է, դրանք առայժմ բավական համեստ թվեր են, բայց ես կարևորում եմ հատկապես գործընթացի սկիզբը և հուսով եմ, որ դրանք ոչ հեռու ապագայում կլինեն բավական խոսուն թվեր:
Խոսելով ֆինանսական ներդրումների մասին, չեմ կարող չանդրադառնալ մեր գործընկերներին` Վիվա Սելլ և Սթար ընկերություններին, որոնցից մեկը ստանձնեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի, իսկ մյուսը` ֆուտբոլի ազգային առաջնության գլխավոր հովանավորի դերը: Շնորհակալություն:
Մի կարևոր հանգամանք, որին ես կցանկանայի դարձնել առաձնձնակի ուշադրություն: Առաջին անգամ պատմության ընթացքում մենք հյուրընկալեցինք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության երկրորդ որակավորման փուլի
(էլիտ-ռաունդի) հանդիպումները: Երևան և Աբովյան քաղաքներում մենք անցկացրեցինք մրցաշար, որին, Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանուց զատ, մասնակցեցին նաև Իսպանիայի, Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականները: Այստեղ հատկանշական է այն, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կամ Թուրքիայի տարածքում մրցեցին Հայաստանի և Թուրքիայի հավաքական թիմերը: Նշված մրցաշարի կազմակերպումն ու անցկացումը համապատասխանում էր միջազգային բոլոր չափանիշներին և բարձր գնահատականի արժանացավ ոչ միայն մասնակից երկրների, այլև ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակված հատուկ պատվիրակների կողմից:
Հայաստանի ազգային հավաքականի մասին, գիտակցաբար, ուզում եմ խոսել ելույթիս վերջում։ Անցած երկու տարիների ընթացքում մենք ապրեցինք և ուրախություն և հիասթափություն` կապված մեր ազգային ընտրանու ելույթների հետ: 2006 թվականի աշնանը Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնեց շոտլանդացի մասնագետ, երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդը և այդ աշնանը մեր հավաքականը անբավարար հանդես եկավ: Դա տվեց երկար խորհելու ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու առիթներ: Եվ արդեն 2007 թվականին մենք լրիվ այլ` կերպարանափոխված, ազգային ընտրանի տեսանք: Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում մեր հավաքականը կարողացավ երկու անըդնմեջ հաղթանակ տոնել պաշտոնական մրցաշարում: Այնուհետև մեր ընտրանին փայլուն հանդես եկավ նաև Պորտուգալիայի ու Սերբիայի հետ մրցավեճերում: Չնայած, մեր տղաները չկարողացան հաղթել, այնուամենայնիվ, այդ ելույթները մեծ արձագանք ունեցան ամբողջ մայրցամաքում: Ցավոք, Պորտուգալիայի հետ երևանյան մրցավեճից մի քանի օր հետո կյանքից ժամանակից շուտ հեռացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը:
2008 թվականի հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր կնքեց դանիացի մասնագետ Յան Պոուլսենի հետ, ով միջազգային ասպարեզում աշխատելու հսկայական փորձ և հեղինակություն ունի: Տարեսկզբին մենք մի շարք ընկերական խաղեր կազմակերպեցինք և ունեցանք ուրախանալու լուրջ առիթներ: Անցկացրած 6 ընկերական մրցավեճում Հայաստանի հավաքականը տարավ 3 հաղթանակ, երկու հանդիպում ավարտեց ոչ ոքի և կրեց ընդամենը մեկ պարտություն: Սակայն տարվա երկրորդ կեսին մենք խորը հիասթափություն ապրեցինք: Ճակատագրի հեգնանքով, 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականը ոչ միայն հայտնվեց Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի, ու երրորդ մրցանակակիր Թուրքիայի հավաքականների հետ միևնույն խմբում, այլև շատ անհաջող խաղացանկի արժանացավ: Այս տարի մենք ընդամենը մեկ պաշտոնական հանդիպում ենք անցկացնել սեփական հարկի տակ, իսկ մրցակիցը` Թուրքիան էր: Բոլորդ գիտեք, թե ինչպիսի քաղաքականացված ու շիկացած մթնոլորտում անցավ այս հանդիպումը: Իսկ այնուհետև ստիպված էինք երեք անգամ խաղալ հյուրընկալվելիս: Ինչ-որ տեղ այս իրավիճակն ինձ հիշեցնում է 2006 թվականը, երբ մենք նույնպես անհաջող մեկնարկ ունեցանք, սակայն, հետո բոլորդ եք հիշում, թե որքան կերպարանափոխվեց Հայաստանի ընտրանին:
Այո, մեզ դեռեւս չի հաջողվել ստեղծել կայուն հավաքական, որը կկարողանա միևնույն հաջողությամբ հանդես գալ ուժեղագույն թիմերի հետ պայքարում։ Բայց ես հակված չեմ փնտրել մեղավորներ։ Իմ գործունեության տարիներին մենք որդեգրել ենք մոտեցումներ, որի միջոցով Հայաստանի հավաքականը քայլ առ քայլ կարող ենք
դարձնել մեր երազանքների հավաքականը եւ այդ քաղաքականությունն իրականացրել ու իրականացնելու ենք առանց շեղվելու։ Մենք կարողացել ենք հավաքականում ներարկել մտածողության ու մոտեցումների նոր որակներ։ Գնալով համարձակ որոշումների` կարողացել ենք հասնել նրան, որ այսօր ազգային հավաքականում հանդես են գալիս բազմաթիվ երիտասարդ ‎ֆուտբոլիստներ, որոնց վրա արդեն իսկ կարելի է հույս դնել։ Պահպանելով առողջ սերնդափոխության սկզբունքները` կարողացել ենք պահպանել վետերանների եւ երիտասարդների այն օպտիմալ հարաբերակցությունը, որը կարող է ապահովել ազգային հավաքականի առաջընթացը։ Զարգացման այս փուլում Հայաստան ենք հրավիրել մի տեխնիկական տնօրենի, ով իր գործի մասնագետն է, մեզ է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքական թիմերի զարգացման համալիր ծրագիր եւ մենք ընդունել ենք այն։ Ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծել է հանձնախումբ, որը զբաղվում է հայազգի այն ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելով, ովքեր տարբեր պատճառներով այժմ ապրում են մեր երկրի սահմաններից դուրս, սակայն կարող են օգտագար լինել մեր ազգային հավաքականին: Շուտով մենք բոլորս կհամոզվենք ու ականատեսը կլինենք կատարված քայլերի մտածված, հեռանկարային և շարունակական լինելուն:
Ավարտելով խոսքս, կցանկանայի նշել նաև ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրված բարձր գնահատականների մասին, որոնց ՀՖՖ-ն արժանացել է լավ կազմակերպվածության ու “ռիսկային և բարդ” գնահատված խաղերը լավագույնս կազմակերպելու համար:
Եվ վերջում, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հաշվետու ժամանակաշրջանում մեր կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը համբերատար ունկնդրելու համար: Անհնար է, եւ ժամանակն էլ չի թույլատրում մեր կատարած աշխատանքներին անդրադառնալ բոլոր մանրամասնություններով: Ես փորձեցի խոսել հիմնական ուղղությունների, սկզբունքային, ծրագրային մոտեցումների մասին:
Կրկին ուզում եմ նշել, որ մեր այսօրվա համաժողովի գլխավոր խնդիրը պետք է լինի մեր քաղաքականության եւ մեր ծրագրերի շարունակելիության ապահովումը:

Շնորհակալություն ուշադրության համար:


Այնուհետև ելույթ ունեցավ ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ով ներկայացրեց 01.11.2006թ.–01.11.2008.թ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունն ու հաշվեկշիռը, որի մանրամասները կհրապարակվեն մոտ օրերս:

Գործադիր տնօրենի ելույթից հետո տեղի ունեցավ կադրային փոփոխություն Գործադիր կոմիտեի կազմում: Դադարեցվեցին Գործադիր կոմիտեի անդամ Արամ Սիմոնյանի լիազորությունները: ՀՖՖ Նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեի կազմում ընդգրկվեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Ժողովի վերջում «Ուլիս» ֆուտբոլային ակումբն անդամագրվեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կազմում:

Ժողովն եզրափակեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը, ով իր ելույթում նշեց ֆուտբոլ մարզաձևի կարևորություն ու առաջնայինությունը մեր երկրում:

Անկախ աուդիտորի եզրակացություն

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel