Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.12.2008

Տեղի ունեցավ Հայաստանի 17-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի 17-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը վարում էր սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Ողջույնի խոսքից հետո հանդիսատեսին ցուցադրվեց 2008 թվականի ֆուտբոլային ամփոփիչ տեսահոլովակը:

Այնուհետև սկսվեց բուն մրցանակաբաշխության արարողությունը:

Առաջինը չեմպիոնի գավաթը, ոսկե մեդալներն ու պատվոգրերը հանձնվեցին 2008 թվականի ֆուտզալի առաջնության չեմպիոն «Պոլիտեխնիկ» թիմին: Պարգևատրվեցին նաև առաջնության լավագույն ռմբարկու Կարեն Միքայելյանը («Պոլիտեխնիկ») և լավագույն ֆուտբոլիստ Գրիգոր Կապուկրանյանը («Թալ-Գրիգ»): Եղավ նաև անհատական մրցանակ. «Թալ-Գրիգ» ֆուտզալային ակումբը, հայտնելով իր խորին շնորհակալությունը, մրցանակ շնորհեց «90րոպե» պարբերականին` որպես 2008 թվականի ֆուտզալի առաջնությունը լավագույնս լուսաբանող լրատվամիջոց:

Այսքանով մրցանակաբաշխության ֆուտզալին վերաբերող մասն ավարտվեց և Առաջին խմբի առաջնության չեմպիոնի գավաթն ու ոսկե մեդալները ստանալու համար բեմ հրավիրվեցին «Շենգավիթ» թիմի ֆուտբոլիստները:

Այնուհետև մեծարվեցին արդեն ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության բրոնզե, արծաթե և ոսկե մեդալակիրները: Առաջնության չեմպիոն «Փյունիկ» թիմին ոսկե մեդալներն ու չեմպիոնական գավաթը հանձնեց ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Արարողության ընթացքում շնորհվեցին նաև մրցանակներ տարբեր նոմինացիաներում: Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ») ճանաչվեց 2008 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Առաջնության լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելիին («Արարատ»), ով դարձել էր 17 գոլի հեղինակ, հանձնվեց «ոսկե խաղակոշիկը»: Տարբեր ընկերություններ և լրատվամիջոցներ շնորհեցին անհատական մրցանակներ: Ֆուտբոլի ազգային առաջնության գլխավոր հովանավոր` «ՍԹԱՐ» ընկերությունը «տարվա լավագույն գոլ» նոմինացիայում մրցանակ շնորհեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Տիգրան Ոսկնյանին` Սուպերգավաթի խաղարկությունում խփած հաղթական գնդակի համար: Հայաստանի հավաքականների տեխնիկական հովանավոր` «Hummel» ընկերությունը, «տարվա լավագույն լեգիոներ» նոմինացիայում մրցանակ հանձնեց «Արարատի» բրազիլացի հարձակվող Մարկոսին: «Հայկական Զարգացման Բանկը» տարվա ընթացքում ամենամեծ վերելք ապրած ֆուտբոլիստ ճանաչեց փյունիկցի Հենրիխ Մխիթարյանին («Փյունիկ»): Հայաստանի հավաքականի հովանավոր «VEGA» ընկերությունը մրցանակ էր սահմանել տարվա լավագույն մրցավարի համար, որը դարձավ Արարատ Ճաղարյանը: «Telecom» ընկերությունը մրցանակներ հանձնեց լավագույն մրցավարին ու ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոն` «Փյունիկի» ֆուտբոլիստներին: «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը «տարվա բացահայտում» նոմինացիայում հուշանվերներ շնորհեց Ալբերտ Թադևոսյանին և Էդգար Մալաքյանին (երկուսն էլ` «Փյունիկ»): «Պրոֆֆուտբոլ» շաբաթաթերթը տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչեց Ալբերտ Թադևոսյանին: «ՏոտալՖուտբոլ» պարբերականը «տարվա իրադարձություն» նոմինացիայում նշեց Կառլեն Մկրտչյանի («Փյունիկ») և Հենրիխ Մխիթարյանի գոլերը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Թուրքիայի երիտասարդական ընտրանու դարպասը: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով մեր թիմի հաղթանակով:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ավարտին խոսքը տրամադրվեց ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով նախ շնորհավորեց բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, իսկ այնուհետև անհատական պարգևներ հանձնեց «Ֆուտբոլ+», «90րոպե», «Ֆուտբոլ365» և «Պրոֆֆուտբոլ» պարբերականներին` 2008 թվականին հայկական ֆուտբոլը լավագույնս լուսաբանելու համար: Իսկ ամենավերջում ՀՖՖ Նախագահը «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենա շնորհեց Սարգիս Հովսեփյանին` Հայաստանի ազգային հավաքականի կազմում 100-րդ խաղն անցկացնելու կապակցությամբ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel