Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.05.2009

Կանանց միջազգային ընկերական մրցաշար. Հայաստան – Ղազախստան 0:2

Մայիսի 16-ին կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կրեց իր երկրորդ պարտությունը: Երրորդ խաղային օրը Հայաստանի կանանց ընտրանին ուժերը չափեց Ղազախստանի հավաքականի հետ: Առաջին կեսում թիմերից և ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց արդյունքի հասնել, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում հյուրերը բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Բեգաիմ Կիրգիզբաևան: Ամբողջ երկրորդ կեսի ընթացքում Հայաստանի հավաքականը փորձում էր վերականգնել հավասարակշռությունը, սակայն Սամվել Ադամյանի թիմին դա այդպես էլ չհաջողվեց: Ավելին, վերջնամասում ղազախներն արագ հակագրոհ կազմակերպեցին, ինչի արդյունքում գնդակը երկրորդ անգամ հայտնվեց մեր ընտրանու դարպասում: Այս անգամ աչքի ընկավ Սաուլե Կարիբաևան: Ղազախստանի հավաքականը հաղթանակ տարավ 2:0 հաշվով և ապահովեց մրցաշարի երկրորդ տեղը: Հիշեցնենք, որ կանանց միջազգային ընկերական մրցաշարի հաղթող ճանաչվեց Էստոնիայի հավաքականը, որն անցկացրած երկու խաղում տարավ երկու հաղթանակ: Մրցաշարային աղյուսակն եզրափակեց Հայաստանի ազգային հավաքականը:

Հայաստան - Ղազախստան 0:2

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Կարոլինա Ռադզիկ-Յոհան (Լեհաստան)
Գոլերը` Բեգաիմ Կիրգիզբաևա, 49, Սաուլե Կարիբաևա, 90+1

Հայաստան` Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Արմինե Խաչատրյան, Սյուզաննա Սայադյան, Մարինե Կարապետյան, Լուսինե Հովհաննիսյան (Արմիմե Թադևոսյան, 68), Քրիստինե Մանգասարյան (Աննա Պետրոսյան, 75), Լիլիթ Կարապետյան, Վարդինե Խանզադյան, Մարիամ Ստեփանյան (Էլեոնորա Դավթյան, 60):

Ղազախստան` Իրինա Սարատովցևվա, Եկատերինա Կրասյուկովա, Բեգաիմ Կիրգիզբաևա (Եվգենիա Սամոսլեդովա, 83), Մարիա Յալովա, Վերոնիկա Մաքսիմենկո (Եկատերինա Յալովա, 23), Նադեժդա Ալյակինա (Յուլիա Կուրբանովա, 75), Ֆատիմա Իդիատուլինա, Սաուլե Կարիբաևա, Նատալիա Իվանովա, Այգերիմ Բիսեմբաևա, Մադինա Ժանատաևա:

Զգուշացում` Այգերիմ Բիսեմբաևա, 43

Խաղից հետո

Սամվել Ադամյան, Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Անչափ հիասթափված եմ: Թիմը չկատարեց իր առջև դրված խնդիրը: Թիմն ընկճված էր առաջին խաղից հետո: Մենք փորձեցինք շտկել դա, բայց արդյունքը բավարար չէր: Խաղացողները կորցրել են ինքնավստահությունը, և մենք պետք է աշխատենք, որպեսզի հաղթահարենք այդ արգելքը: Իհարկե, զգացնել տվեց նաև մեր երկու առաջատարի բացակայությունը: Էստոնիայի հավաքականն ավելի բարձրակարգ էր, քան Ղազախստանինը: Նրանք ավելի կարգապահ էին, լավ կազմակերպված: Ղազախների կազմում էլ որոշ խաղացողներ առանձնանում էին, և հենց նրանք վճռեցին այս հանդիպման ելքը: Այս մրցաշարը ես դիտարկում եմ` որպես Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարի նախապատրաստական փուլ: Մենք պետք է հետևություններ անենք և փորձենք մինչև այդ հանդիպումները շտկել այն բացերը, որոնք առկա են այսօր:

Բորիս Եմելին, Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Ծանր հանդիպում ստացվեց: Երկու թիմերի մոտ էլ հաղթելու ցանկությունը շատ մեծ էր: Երկկողմանի վտանգավոր գրոհներ կային: Մենք ավելի լավ օգտագործեցինք մեր հնարավորությունները: Փոխանցումների խոտանը զգացվում էր, բայց դա առաջին հերթին, ըստ իս, հաղթելու ցանկության հետևանքն էր: Համեմատելով Հայաստանի և Էստոնիայի թիմերին` կասեմ, որ Էստոնացիք շատ ավելի լավ էին պաշտպանվում և փորձում էին օգտագործել իրենց առաջատար Անաստասիա Մորկովկինայի լավագույն որակները: Հայաստանի հավաքականն ավելի շատ փորձում էր վերահսկել գնդակը: Տարբեր ոճեր են, և մեզ համար երկու մրցակիցների հետ էլ պայքարելը շատ դժվար էր: Երկրորդ տեղն այս մրցաշարում, որտեղ բոլոր թիմերն էլ գրեթե հավասար էին, ես համարում եմ դրական արդյունք:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel