Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.05.2009

Առնո Սարգսյան. «Արարատն» իր համաձայնությունն է հայտնել Արտոնագրման կոմիտեի որոշման հետ»

Մայիսի 13-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հրավիրել էր մամուլի ասուլիս, որում հայտարարվեց, թե իբրև «Արարատ» ՖԱ-ն չի խախտել արտոնագրային գործընթացի ո´չ որևէ ժամանակացույց, ո´չ էլ որևէ ֆինանսական չափանիշ, որի համար կարող է զրկվել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունքից: Իրավիճակը պարզաբանելու համար ՀՖՖ պաշտոնական կայքը հանդիպեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, ինչպես կպարզաբանեք «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների այն հայտարարությունը, թե ակումբը չի խախտել որևէ ժամանակացույց և ֆինանսական չափանիշ:

- Ի պատասխան «Արարատի» ղեկավարության Ձեզ հայտնի անձանց հայտարարությունների, չէի ցանկանա երկար ճառեր արտասանել, այլ ընդամենը ուզում եմ, որ Ձեր ընթերցողները ծանոթանային «Արարատ» ՖԱ-ի ս.թ. մայիսի 13-ին ներկայացրած գրության հետ, որը նրանք անվանել են Արտոնագրման կոմիտեի որոշման բողոքարկում: Սակայն ընթերցողների դատին եմ թողնում որոշել, թե արդյոք այն կարելի է բողոքարկում անվանել` հաշվի առնելով այն հագնամանքը, որ նամակը ստորագրած ակումբի նախագահն իր լիովին համաձայնությունն է հայտնում Արտոնագրման կոմիտեի որոշման հետ: Կարծում եմ, որ այդ նամակը պարզապաբանում է ամեն ինչ: Ի դեպ նշեմ, որ այն ներկայացվել է ՀՖՖ վերը նշված ասուլիսից ընդամենը մեկ ժամ առաջ:

Ինչ վերաբերում է վերջնաժամկետների խախտմանը, ապա, առաջին հերթին, ուզում եմ նշել, որ որոշ դեպքերում դա ՈՒԵՖԱ-ի կողմից դիտվում է` որպես ակումբների Արտոնագրման համակարգի ավելի կոպիտ խախտում, քան թերի փաստաթղթեր ներկայացնելը: Իրականում ինչ է տեղի ունեցել: Չխախտելով փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը` «Արարատը» ՖԱ-ն ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել նամակ, որում ընդամենը նշված է, որ ակումբը նոր սկսել է շտկել այն խախտումները, որոնք հայտնաբերվել էին ակումբի աուդիտորների և ՀՖՖ Արտոնագրման բաժնի փորձագետների կողմից դեռ քննության նախնական փուլում: Այդ փաստաթուղթն իրենից ներկայացնում է ընդամենը դիմում ՀՀ Իրավաբանական անձանց պետռեգիստր: Այսինքն` ակումբը խախտել է հայտնաբերված թերությունների շտկման վերջնաժամկետը, և դժվար է պատկերացնել, որ հայտարարություն անողները չեն գիտակցում նշված փաստը:
Այդ փաստաթղթի պատճեն ներկայացնում ենք ընթերցողներին:

- Նույն ասուլիսի ժամանակ «Արարատ» ՖԱ-ի ղեկավարները զարմանք էին հայտնել այն հարցի հետ կապված, որ «Միկա» ֆուտբոլային ակումբը նույնպես անցել է Արտոնագրման գործընթացը, և դա այն պարագայում, երբ «Միկան» չէր նվաճել եվրագավաթներին մասնակցելու ուղեգիր:

- Դա կարող է զարմանք առաջացնել միայն ներկա ժամանակների ֆուտբոլային գործառույթներից շատ հեռու մարդկանց մոտ: Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե «Միկա» ակումբը ներգրավվել էր արտոնագրային այդ գործընթացին «Արարատի» ճակատագիրը նախապես կանխորոշված լինելու պատճառով, ասեմ որ, սա արտոնագրման համակարգի պարզագույն պահանջ է, որի մասին տեղյակ են արտոնագրման բոլոր թեկնածուները, այդ թվում նաև «Արարատ» ակումբը: Ըստ նշված պահանջի` յուրաքանչյուր թեկնածու, ով դեռևս հնարավորություն ունի որակակավորվելու եվրագավաթների խաղարկությանը, արդեն փետրվարի սկզբից իրավասու է սկսել նախապատրաստական աշխատանքները և ՀՖՖ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր: Այդ մասին հատուկ շրջաբերական նամակով տեղեկացվում են բոլոր ակումբները: Ավելին, այդ աշխատանքներին ներգրավվել էին թե´ «Միկա» և թե´ «Ուլիս» ակումբները, և միայն Գավաթի խաղարկության հայտնի զարգացման արդյունքում` հետագայում վերջինս կասեցրեց իր մասնակցությունն այդ աշխատանքներին: Ինչ վերաբերում է «Միկա»-ին, ապա ակումբը ներկայացրեց փաստաթղթերն ամբողջությամբ, իսկ ըստ արտոնագրման պահանջների` անկախ որակավորման փաստից, եթե ներկայացված են փաստաթղթերը, արտոնագրման մարմինն ուղղակի պարտավոր է քննել գործը և տալ եզրակացություն:
Բացի դրանից, ուզում եմ Ձեզ հիշեցնել նաև 2004 թվականի դեպքը, երբ «Միկա»-ն ՈՒԵՖԱ-ի Արդար Խաղի մրցակցության արդյունքում իրավունք ստացավ հանդես գալ ոչ թե ՈՒԵՖԱ-ի Ինտերտոտոյի Գավաթի, այլ ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությունում, իսկ Ինտերտոտոյի Գավաթի ուղեգրին արժանացած «Կոտայքը» արտոնագրված չէր, և Հայաստանը կորցրեց իր տեղն այդ մրցաշարում: Հաշվի առնելով վերը նշված տխուր միջադեպը` այդ ժամանակվանից ՀՖՖ-ն սկսեց հորդորել իր ակումբներին ակտիվորեն մասնակցել ՀՖՖ ակումբների Արտոնագրման համակարգի գործընթացներին, իսկ ակումբների Արտոնագրման ազգային մակարդակով կիրառումից հետո (2007/08 թթ. մրցաշրջան) մասնակցել նաև ֆինանսական չափանիշի կատարման աշխատանքներին: Ավելացնեմ միայն, որ ՀՀ Բարձրագույն խմբի յուրաքանչյուր ակումբ կարող է մասնակցել արտանագրային գործընթացին:
Կրկնում եմ, որ վերը նշվածից ոչ թե տեղյակ են, այլ ուղղակի պարտավոր են տեղյակ լինել բոլոր թեկնածուները: Սա է համակարգի պահանջը թե´ արտոնագրողի և թե´ արտոնագրման թեկնածուների համար, և որի ապացույցն են բազմաթիվ շրջաբերականները, ժողովները, սեմինարները, հանդիպումները և քննարկումները: Իսկ ահա թե ինչու են «Արարատ» ՖԱ-ի ղեկավարները փորձում անտեղյակ ձևանալ` թողնում եմ ընթերցողների դատին:

Խմբ.` ինչպես տեսնում ենք «Արարատ» ֆուտբոլային ակումբը կրկին անգամ փորձում է խեղաթյուրել փաստերը` դրանք ներկայացնելով իրեն ցանկալի ձևով, սեփական «մեղքերը» բարդել ֆեդերացիային և ներկայանալ «զոհի» կարգավիճակով: Զարմանալի է, որ շատ հաճախ դա արվում է պարզագույն ստի և կեղծիքի միջոցով:
Այդ տեսանկյունից, չցանկանալով մանրամասն մեկնաբանել «Արարատ» ֆուտբոլային ակումբի` մայիսի 13-ին կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հնչած տարբեր թյուր մեղադրանքները` անդրադառնանք միայն նրան, թե իբրև «դեռևս 8 տարի առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել էր «Արարատ» ՖԱ-ի նախագահ Հրաչ Կապրիելյանին աշխատանքից հեռացնել այն ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին»: Բոլորին է հայտնի, որ Ռուբեն Հայրապետյանը 8 տարի առաջ, այսինքն` 2001 թվականին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէր և չէր կարող ի պաշտոնե նման առաջարկ անել:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel