Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.05.2009

Ֆլեմինգ Սերիցլև. «Որևէ մրցաշարի չեմ մասնակցում առանց հաղթանակ տոնելու ձգտման»

Մայիսի 29-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի մամուլի-ասուլիսը: Դանիացի մասնագետը նախ հրապարակեց Հայաստանի Մ 21 տարեկանների ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների կազմը, ովքեր նախապատրաստվելու են 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հունիսի 5-ին և 9-ին կայանալիք Շվեյցարիայի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների հետ հանդիպումներին, իսկ այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ես արդեն երեք ամսից ավել հետևում եմ Հայաստանի առաջնության բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումներին և ուսումնասիրում եմ Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր թեկնածուների խաղը: Արդեն բավական լավ պատկերացում եմ կազմել նրանց հնարավորությունների մասին: Առաջին հերթին, ցանկանում եմ նշել, որ մենք մի շարք բարձրակարգ կիսապաշտպաններ ունենք, և ես շատ դժվար ընտրության առջև եմ կանգնած: Իհարկե, կցանկանայի, որ մենք ունենայինք այդպիսի մրցակցություն նաև մյուս դիրքերում: Այդուհանդերձ, մենք ունենք շատ մարտական կազմ:

Կցանկանամ նաև փոքր-ինչ մեկնաբանել իմ ընտրությունը: Սկսեմ արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներից: Ասեմ, որ, ճիշտ է, մենք 4 ֆուտբոլիստ ենք արտերկրից հրավիրել ուսումնա-մարզական հավաքի, բայց նրանցից ոչ բոլորը կկարողանան օգնել մեր թիմին առաջիկա երկու հանդիպումներին, քանզի առկա են որոշակի փաստաթղթային խնդիրներ: Կիսապաշտպանությունում հանդես եկող Լևոն Հայրապետյանը, ով հանդես է գալիս «Համբուրգի» երիտասարդական թիմում, վերջերս է ապաքինվել վնասվածքից և քիչ է հանդես եկել իր թիմի կազմում, այդուհանդերձ, ես Լևոնին հրավիրել եմ հավաքական` ծանոթանալու նրա որակներին և այժմ դժվարանում եմ ասել, թե արդյոք նա կընդգրկվի մեր կազմում: Բելգիական «Բրյուգեի» երկրորդ թիմում հանդես եկող Մասիս Ոսկանյանը նույնպես երկար ժամանակ վնասվածք ուներ: Այժմ նա կազմ և պատրաստ է, և մենք առաջին անգամ նրան հրավիրեցինք հավաքական: Ոսկանյանը չի կարողանա մասնակցել գալիք երկու հանդիպումներին, քանզի դեռ փաստաթղթային խնդիրենր կան: Ամեն դեպքում ես հրավիրել եմ նրան` հավաքի ժամանակ անձամբ ծանոթանալու նրա խաղային որակներին: Հրաչ Յագանի հարցն այլ հարթության վրա է: Այժմ Ֆուտբոլի ֆեդերացիան անում է ամեն ինչ` լուծելու նրա բոլոր փաստաթղթային խնդիրերը, որպեսզի հասցնենք նրան հայտավորել Շվեյցարիայի և Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումներին, բայց ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված: Հրաչը շատ լավ ֆուտբոլիստ է, խաղում է բելգիական «Ստանդարդ» ակումբում, որը օրերս հռչակվեց իր երկրի չեմպիոն, իսկ Յագանը առաջնությունում մի քանի հանդիպումների մասնակցեց: Եթե հասցնենք, ապա Հրաչին անպայման կհայտավորենք գալիք երկու խաղերին: Եվ վերջում Բելառուսի առաջնության բացահայտ առաջատար «ԲԱՏԵ»-ում հանդես եկող Հովհաննես Գոհարյանի մասին: Գոհարյանը հաճախակի միայն փոխարինման է դուրս գալիս և դեռ չունի իր մշտական տեղը թիմի մեկնարկային կազմում: Ամեն դեպքում, նա լավ հարձակվող է և հրավիրվել է հավաքական:

Ինչ վերաբերում է Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա նրանց մասին ընդհանուր դրույթներով կխոսեմ: Մենք պատրաստվում ենք ստեղծել ամուր և միասնական թիմ: Միասնականությունը մեր կարգախոսն է. մենք պարտվում և հաղթում ենք միասին: Սա շատ կարևոր որակ է, հատկապես Հայաստանի նման փոքր հանրապետության համար: Ինքս փոքր պետությունից եմ: Ճիշտ է, Դանիայում եղել են մեծ վարպետներ, բայց մենք մեր բոլոր հաջողություններին հասել ենք միասնականության շնորհիվ: Մենք կարող ենք ունենալ լուրջ նվաճումներ` միայն հանդես գալով` որպես միասնական թիմ: Հայաստանի ցանկացած հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստ առաջին հերթին պետք է հպարտ լինի, որ կրում է իր երկրի հավաքականի մարզաշապիկը, քանզի հարյուր հազարավոր այլ երիտասադրներ երազում են այդ մասին»:

Սերիցլևն անդրադարձավ նաև 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստանի ընտրանու մրցակիցներին. «Ինչպես հայտնի է, մեր մրցակիցներն են Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականները: Մենք արդեն առաջիկա հանդիպումներում բարդ մրցակիցներ ենք ունենալու: Ըստ դասակարգման աղյուսակի` Թուրքիան և Շվեյցարիան առաջին երկու զամբյուղներում էին հայնտվել, և հենց նրանց հետ խաղերով մենք կսկսենք այս մրցաշարը: Սակայն վախենալու ոչինչ չկա: Ես ուսումնասիրել եմ Թուրքիայի հավաքականի խաղը, ներկա եմ գտնվել մարտին Ստամբուլում կայացած Թուրքիայի – Դանիա երիտասարդական հավաքականների մրցավեճին: Իհարկե նրանք լավ թիմ ունեն: Համեմատելով նախորդ տարվա հետ, երբ Հայաստանը փայլուն հաղթանակ տարավ 2:1 հաշվով, ապա նրանց կազմից բացակայում է ընդամենը երեք ֆուտբոլիստ, իսկ մեր կազմից` 6: Այնուամենայնիվ, ես արդեն Ձեզ եմ հարցնում` ինչո՞ւ մենք չենք կարող կրկնել անցած տարվա հաջողությունը: Ինչ վերաբերում է Շվեյցարիայի ընտրանուն, ապա նրանք մեր թիմի պես ունեն շատ լավ միջին գիծ: Նրանց կազմում կան ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս նաև ազգային հավաքականում: Բայց ես մեկ անգամ էլ եմ կրկնում, որ մենք չպետք է որևէ մեկից վախենանք»

Լրագրողների այն հարցին, թե ինչ խնդիր է դրվել Հայաստանի երիտասարդական հավաքականի առջև, Ֆլեմինգ Սերիցլևը պատասխանեց. «Հայաստանի յուրաքանչյուր տարիքային սահմանափակմամբ հավաքականի գլխավոր նպատակը` պատրաստել ֆուտբոլիստներ ազգային ընտրանու համար: Երկրորդը` մենք ամեն առանձին վերցրած խաղին նախապատրաստվելու ենք յուրովի` հաղթելու ակնկալիքով: Իսկ վերջում ավելացնեմ, որ ես որևէ հանդիպման կամ մրցաշարի չեմ մասնակցում առանց հաղթանակ տոնելու ձգտման»

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel