Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.06.2009

Կարծիքներ Շվեյցարիայի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների հետ հանդիպումներից առաջ

Արտակ Դաշյան, կիսապաշտպան («Բանանց»)

Բոլորս լավ տրամադրությամբ ուղևորվում ենք Շվեյցարիա: Ունենք մեկ նպատակ` հաղթել մրցակցին: Որոշակի պատկերացում մեր առաջիկա մրցակցի մասին ունենք: Գիտենք, որ հաճախ օգտագործում են 4-4-2 խաղային մոդելը: Տեղեկություններ ունենք նաև նրանց առաջատարների մասին: Թուրքիան նույնպես լավ թիմ է, բայց անցած տարի մեր երիտասարդականն ապացուցել է, որ կարող է հաղթել այդ թիմին: Համեմատել այս հավաքականներին դժվարանում եմ: Միգուցե խաղերից հետո կկարողանամ: Աշխատել մեր գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի հետ ինձ շատ է դուր գալիս: Մի փոքր լեզվի խնդիր կա, սակայն ամենակարևորն այն է, որ մենք խոսում ենք ընդհանուր ֆուտբոլային լեզվով: Ի՞նչ ակնկալիքներ ունեմ գալիք երկու մրցավեճերից: Ասեմ այսպես. իհարկե, մենք ձգետլու ենք վաստակել 6 միավոր, բայց եթե կարողանանք ձեռք բերել չորսը, նույնպես դժգոհ չեմ լինի: Այդուհանդերձ, մենք ձգտելու ենք հաղթել գալիք երկու խաղերում:

Կառլեն Մկրտչյան, կիսապաշտպան («Փյունիկ»)

Շվեյցարիայի հետ խաղով մենք մեկնարկում ենք այս ընտրական փուլում, այնպես որ շատ կարևոր է հաջող սկսել: Որոշակի տեղեկություններ ունենք մեր մրցակիցների մասին, և, ըստ իս, լավ ենք պատրաստվել առաջիկա հանդիպումներին: Կրկնում եմ, շատ կարևոր է հաջող մեկնարկել, ինչից հետո մենք հանդիպելու ենք Թուրքիային. այդ խաղն ավելի մեծ նշանակություն ունի ինձ համար: Հոգեբանական լավ մթնոլորտ է տիրում: Մենք մարտական թիմ ունենք: Այժմ շատ են երիտասարդները, բայց կարծում եմ` այս ընտրական փուլում մենք հաջող ենք հանդես գալու: Առաջին երկու խաղերից ակնկալում եմ առնվազն 4 միավոր, սակայն ձգտելու եմ երկու հաղթանակ տանել գալիք հանդիպումներում: Մենք անցած տարի կարողացանք հաղթել թուրքերին և համոզված եմ, որ թիմային և կարգապահ խաղի շնորհիվ հնարավոր է հաղթել նաև այս անգամ: Անհնարին ոչինչ չկա: Կարևորը լինել ինքնավստահ և պատրաստ լինել հոգեբանորեն:

Հովհաննես Գոհարյան, հարձակվող (ԲԱՏԵ, Բելառուս)

Բոլորս ունենք միայն մեկ նպատակ` հաղթել: Բացի այդ, բոլորս էլ գիտակցում ենք, որ այսօր կարող ենք ռեալ պայքարել ընտրական փուլը հաղթահարելու համար: Ճիշտ է, մեր առջև առայժմ այդպիսի խնդիր դրված չէ, բայց մենք` տղաներս, հասկանում ենք, որ այսօր կարելի է ձգտել պայքարել հաջորդ փուլ անցնելու համար: Մենք ուղևորվում ենք Շվեյցարիա միայն հաղթանակի հետևից: Ակնկալիքներս այս երկու խաղերից շատ մեծ են: Ես ցանկանում եմ, որպեսզի առաջիկա երկու խաղում մենք այնպիսի պաշար ստեղծենք, որ կարողանանք լավատեսորեն նայել դեպի ապագա: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հարգենք մեր մրցակիցներին: Հակառակորդները շատ ուժեղ են: Այնպես որ լավ խաղով, շեշտում եմ` լավ խաղով ոչ ոքին Շվեյցարիայի հետ, և հաղթանակը տանը Թուրքիայի նկատմամբ, այդքան էլ վատ սկիզբ չի լինի: Հավաքականում տիրող մթնոլորտը փայլուն է: Բոլորը շատ են ջանում մարզումների ժամանակ, բոլորը իսկական պրոֆեսիոնալներ են:
Ինչ վերաբերում է իմ տեղափոխմանը բելառուսական «ԲԱՏԵ», ապա ասեմ, որ ես շատ գոհ եմ: Շատ ուժեղ թիմ է, որն իր առջև լուրջ խնդիրներ է դնում: Ճիշտ է, առայժմ չեմ կարողանում շատ խաղալ, բայց միևնույն է ինձ այնտեղ վստահում են: Մարզչի հետ անընդհատ զրուցում ենք, և նա շեշտում է, որ ինձ հետ մեծ հույսեր է կապում: Որոշ ժամանակ առաջ, ես մոտեցա նրան և խնդրեցի ավելի շատ խաղային պրակտիկա ունենալու համար ժամանակ առ ժամանակ խաղամ երկրորդ թիմի կազմում: Նա ինձ ասաց. «Ոչ, դու հիմնական թիմի խաղացող ես, և ես լուրջ նպատակներ ունեմ քեզ հետ կապված»: Իհարկե, ինձ այժմ ավելի շատ խաղային ժամանակ է անհրաժեշտ, բայց ես այժմ սպասում եմ իմ հնարավորությանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel