Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.06.2009

Պարզաբանում ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի կողմից

Ինչպես հայտնի է, 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ 21 տարեկանների ընտրանին հունիսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Թուրքիայի իր հասակակիցների հետ: Այս հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ երկրպագուների շրջանակներում: Թե ինչպես են ընթանում Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, ՀՖՖ պաշտոնական կայքը փորձեց պարզաբանել ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից:

- Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում խաղից առաջ տիրող մթնոլորտը:

- Առաջին հերթին, ցանկանում եմ նշել, որ գալիք հանդիպումը վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր հավաքականների մակարդակով 5-րդն է Հայաստանի և Թուրքիայի միջև: Մենք երեք անգամ Թուրքիայի տարբեր հավաքականներին ընդունել ենք մեր հայրենիքում, և, ըստ ստացված արձագանքի, բարձր մակարդակով ենք կազմակերպել և անցկացրել վերը նշված բոլոր հանդիպումները: Ինչ վերաբերում է այս խաղից առաջ տիրող մթնոլորտին, ապա ասեմ, որ, ի տարբերություն անցած հանդիպումների, այժմ լարվածությունը շատ ավելի քիչ է: Դա պայմանավորված է նրանով, որ մենք այս մակարդակի հանդիպումներ կազմակերպելու բավական փորձ ենք ձեռք բերել: Ամեն դեպքում, հավատացնում եմ, որ այս անգամ ևս ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպվելու:

- Եթե խոսեցիք կազմակերպչական աշխատանքների մասին, ապա կցանկանայինք, որ անդրադառնայիք նաև Հայաստան – Թուրքիա Մ 21 տարեկանների հանդիպման նախապատրաստական փուլին:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործում է մեկ սկզբունքով. անկախ նրանից, թե որ հավաքականն է մեզ հյուրընկալվում, մենք փորձում ենք լավագույնս կազմակերպել խաղին առընչվող ամբողջ նախապատրաստական գործընթացը: Եվ այս խաղը բացառություն չէ: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերն անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև թիմերի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ` հանդիպումը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով:

- Այս անգամ Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման մուտքը լինելու է տոմսերով: Ինչո՞վ է դա պայմանավորված:


- Շատ տեղին հարցադրում է, քանզի միանգամից կցանկանայի փարատել ամենատարբեր ասեկոսեները: Ըստ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնակարգային պահանջների` միջազգային մրցելույթները չի թույլատրվում կազմակերպել առանց տոմսերի վաճառքի: Իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միշտ առաջնորդվել և առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. խաղը կազմակերպել հանդիսատեսի համար և ստեղծել լավագույն պայմաններ` աջակցելու մեր հավաքական թիմերին ամենատարբեր միջազգային մրցելույթներում, որը, ինչպես հայտնի է, հաջող ելույթի ամենամեծ գրավականներից մեկն է: Ամեն դեպքում, կցանկանամ նշել, որ միջազգային կառույցների կանոնակարգային պահանջների ոտնահարման պարագայում կիրառվում են խստագույն պատժամիջոցներ: Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ 2008 թվականի օգոստոսին կայացած Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների խաղից հետո, երբ ՀՖՖ-ն այդ խաղի համար սահմանել էր ազատ մուտք, միջազգային ֆուտբոլային կառույցների կողմից մեզ ներկայացվեց բավական խիստ զգուշացում հետագայում պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Այդ է պատճառը, որ մենք այս խաղի համար կազմակերպել ենք տոմսերի վաճառք և ավելացնել, որ սահմանվել են հնարավոր մատչելի գներ` երկրպագուների մուտքը մարզադաշտ խրախուսելու նպատակով:
Օգտվելով առիթից` կոչ եմ անում մարզասերներին գալ մարզադաշտ և իրենց ակտիվ աջակցությամբ նպաստել մեր թիմի հաղթանակին, ինչպես որ դա արվեց անցյալ օգոստոսին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel