Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.06.2009

Էդուարդ Ղազարյան. «ՖԻՖԱ-ի 59-րդ կոնգրեսում քննարկվեցին ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ»

2009 թվականի հունիսի 2-ից 3-ը Բահամյան կղզիների Նասաու քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի թվով 59-րդ կոնգրեսը: Հայաստանն այդ միջոցառմանը ներկայացնում էին ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը: ՀՖՖ պաշտոնական կայքի ներկայացուցիչը հանդիպեց ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանին` պարզաբանելու, թե ինչպիսի որոշումներ կայացվեցին ՖԻՖԱ-ի 59-րդ կոնգրեսի ժամանակ:



- Պարոն Ղազարյան, ընդհանուր առմամբ ինչ էր իրենից ներկայացնում ՖԻՖԱ-ի հերթական կոնգրեսը:

- Ինչպես հայտնի է հունիսի 2-ից 3-ը Բահամյան կղզիների Նասաու քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի 59-րդ կոնգրեսը: Այն մի քանի առումներով տարբերվում և առանձնանում էր նախորդներից: Նախ և առաջ, անցած կոնգրեսը հոբելյանական էր, քանի որ այս տարի լրացավ ՖԻՖԱ-ի ստեղծման 105 ամյակը: Պետք է ասեմ, որ այսօր ՖԻՖԱ-ին անդամագրված է 208 երկիր, որոնցից 205-ը ներկա էին 59-րդ կոնգրեսին: Անգոլան, Լիբանանը և Եմենը չէին ժամանել: Նիստը վարում էր ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:
Այս կոնգրեսում քննարկման դրվեցին ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, որոնք ուղված են ֆուտբոլի զարգացմանը: Բացի այդ, հետաքրքիր տեղեկություններ տրվեց մի շարք գիտնական-պրոֆեսորների ուսումնասիրությունների` կապված ֆուտբոլիստների առողջության հետ:
Բլատերն իր զեկույցում կանգ առավ երեք պրոբլեմների վրա: Նա նշեց, որ այն մեծ ֆուտբոլային ընտանիքը, որը կոչվում է ՖԻՖԱ, պետք է այս պրոբլեմների իրականացման համար լինի համերաշխ, միաձույլ, և բոլոր ֆեդերացիաներն իրենց անելիքները պետք է ունենան:

- Դուք նշեցիք, որ այս կոնգրեսին առանձնացվեց երեք խնդիր: Որոնք են դրանք, և որքանով դրանք կարող են էապես նպաստել ֆուտբոլի զարգացմանը:

- ՖԻՖԱ-ի նախագահն առանձնացրեց երեք խնդիր: Դրանք են` ֆուտբոլի պաշտպանությունը, ֆուտբոլիստի պաշտպանությունը և երրորդ խնդիրը, որը նա ձևակերպեց, կառավարման համակարգի զարգացումն ու հետագա կատարելագործումն է: Նախ խոսենք ֆուտբոլի պաշտպանության մասին: Այստեղ առաջնահերթ խնդիրը ֆուտբոլի` այնպիսի չարիքներից ձերբազատվելն է, ինչպիսիք են կոռուպցիան, որը նախ և առաջ կապվում է մրցավարների հետ, բռնությունները և դոպինգը: Եվ ֆուտբոլային ընտանիքը պետք է անի հնարավորինս ` այդ ուղղությամբ պատժամիջոցները խստացնելու նպատակով:

Խոսք գնաց արդար մրցավարության մասին: Կոռուպցիայի հետ առնչվող հանգամանքի մասին ես արդեն նշեցի, բայց այդ նպատակով Բլատերը, ով ներկայացնում էր Պլատինիի գաղափարախոսությունը, նշեց, որ պետք է լրացուցիչ գործիքներ ձևավորվեն, որոնք կապահովեն արդար մրցավարությունը: Հնարավոր է մոտ ժամանակներս իրականացվի արդեն 5 մրցավարի գաղափարը: Այսօր առկա երեք մրցավարներին կմիանան երկուսը, որոնք դաշտում չեն լինի, այլ կտեղակայվեն դարպասների հետևում: ՈՒԵՖԱ-ում արդեն փորձարկվել է այս գաղափարը, որը արդարացվել է, և այժմ կա խնդիր շարունակելու դրա զարգացումը:

Կցանկանայի մի քանի խոսք ասել ֆուտբոլիստների պաշտպանության մասին: Խոսքը վերաբերում է անչափահասների տեղափոխություններին: Գիտեք, որ միջազագային տեղափոխություններ թույլատրվում են միայն 18 տարեկանը լրանալուց հետո, սակայն կան մի շարք բացառություններ: 16-ից 18-ն տարեկանն ընկած տիրույթում էլ տեղափոխություններ իրականացվում են: Այդ բացառություններից մեկն այն է, եթե ֆուտբոլիստի ծնողները տեղափոխվում են այլ երկիր մշտական բնակության: Այս տեսանկյունից սահմանված կանոնագարգը պետք է խստացվի, և յուրաքանչյուր հարց ՖԻՖԱ-ի համապատասխան ենթակոմիտեում պետք է քննարկման առարկա դառնա: Ավելի համակարգված դարձնելու համար, որպեսզի ՖԻՖԱ-ն կարողանա պաշտպան կանգնել անչափահաս ֆուտբոլիստին, պետք է յուրաքանչյուր ֆուտբոլիստ գրանցված լինի իր երկրի ֆեդերացիայում: Հակառակ դեպքում իրականացնել այդ գործընթացը հնարավոր չի լինի: Բլատերը կոչ արեց ֆեդերացիաներին այդ հարցերին առավելագույն ուշադրություն դարձնել:

Խոսվեց նաև 6+5 բանաձևի մասին (լեգեոներների թվի սահմանափակում): Սիդնեյում կայացած անցած կոնգրեսին այդ հարցը կրկին դրվել էր քննարկման: Գաղափարական առումով ընդհանուր առմամբ բոլոր ֆեդերացիաները դրական են վերաբերվում դրան: Այստեղ խոսքը գնում է ազգային դեմքը պահպանելու մասին: Այսօր, եթե վերցնենք եվրոպական երկրները, 6+5 բանաձևի փոխարեն հաճախ գործում է 8+3-ը: Սոցիալական անարդարություն է նաև առաջանում` հաշվի առնելով ակումբների ոչ հավասարազոր ֆինանսական պայմանները: Փաստորեն, այստեղ խոսքը գնում է նաև ոչ այդքան հարուստ ակումբների շահերը պաշտպանելու,. մեծ հաշվով, ֆուտբոլի ինքնավարության հարցի մասին: Ի՞նչ պրոբլեմ է ծագել: Այն հիմնականում կապված է ՈՒԵՖԱ-ի հետ: Գործող իրավական դաշտում կան սահմանափակումներ, որոնք մարդու իրավունքների ազատ տեղաշարժի հետ են կապվում, և որոնք հակասության մեջ են մտնում այս ձևաչափի հետ, ի վերջո, հակասություններ են առաջանում ազգային օրենքների, ազգային ֆեդերացիաների և ՖԻՖԱ-ի միջև: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ստեղծվել է շատ լավ իրավաբանների աշխատախումբ, որոնք փորձում են փոփոխությունների հասնել այդ ուղղությամբ: Նպատակն այն է, որ հաշվի առնվի սպորտի, մասնավորապես ֆուտբոլի առանձնահատկությունը; Կոնգրեսը նորից հավանություն տվեց այս գաղափարին` ֆուտբոլի ազգային դեմքի պահպանության առումով: Պետք է մասնագիտական առումով իրավական դաշտն այնպես համակարգել, որպեսզի ոչ մի պրոբլեմներ չառաջանան, և այն չհակասի օրենսդրական ակտերին:

Նաև ստեղծվել է ակումբային ֆուտբոլի կոմիտե, մշակվել են ակումբների հետ կապված կառավարման գլոբալ պրոբլեմներին առնչվող համակարգեր, որոնք կոչվում են` նախազգուշացման, տրանսֆերների, արտոնագրման, ՖԻՖԱ-ի հետ կոնֆլիկտների համակարգեր: Նախորդ հարցերն այս կամ այն կերպ առնչվում էին այս համակարգերի հետ: Այդ ուղությամբ հետևողական աշխատանք է տարվում:

- Այժմ սպորտում արդիական են մարզիկների` դոպինգ օգտագործելու խնդիրները: Արդյոք այն մեծ տարածում ունի ֆուտբոլում, ինչպես մի շարք այլ մարզաձևերում, և այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում միջազգային ֆուտբոլային կառույցների կողմից:

- Ինչ վերաբերում է դոպինգին, ապա կոդեքսը վերջնականապես հաստավել է: Մենք որոշակի աշխատանքներ այդ ուղղությամբ կատարել ենք, թարգմանել ենք այն, շրջաբերական նամակով ուղարկել Բարձրագույն խմբի բոլոր ակումբներին, սեմինար ենք կազմակերպել, ներկայացրել այն դեղամիջոցների ցանկը, որոնք չեն թույլատրվում օգտագործել; Բայց կոնգրեսի ժամանակ մի անչափ հետաքրքիր օրինակ բերվեց: 1994-2009 թթ. ֆուտբոլիստների հետ կապված անցկացվել է 6000 թեսթ, որի վրա ծախսվել է 3 մլն դոլար, իսկ արդյունքում հայտնաբերվել է մեկ-երկու հոգի, ովքեր օգտագործել են դոպինգ: Փաստորեն, այս թեսթերի արդյունքները խոսում են այն մասին, որ դոպինգի կիրառումը մեծ տարածում չի գտել ֆուտբոլում:
Քանի որ խոսք գնաց ՖԻՖԱ-ի կողմից ծախսվող գումարների մասին, ապա բոլորիս համար ուրախությունով պետք է նշեմ, որ ընդհանուր ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ՖԻՖԱ-ն լուրջ խնդիրենրի առաջ կանգնած չէ և շատ համաչափ հաղթահարում է դժվարությունները: Նաև մեծ հույսեր են կապվում 2010 ՀԱՀ-ում կայանալիք Աշխարհի Գավաթի հետ:

Իսկ վերջում կցանկանայի խոսել նաև մի բժշկական զեկույցի մասին: Կրկին ստեղծվել է աշխատախումբ, որը մի շարք, փորձարկումներ է արել, պիլոտային ծրագրեր է իրականացրել և շարունակում է զարգացնել իր գաղափարախոսությունը: Գլխավոր թեզն այն է, որ մասսայական ֆուտբոլը նպաստում է առողջությանը, ավելի քան մյուս մարզաձևերը: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ցանկացած մարդ, շաբաթը երկու անգամ 45 րոպե ֆուտբոլ խաղալով, էապես նվազեցնում է մի շարք տարածված հիվանդությունների հավանականությունը: Ֆուտբոլը նոր խորագիր է առաջ քաշում` «ֆուտբոլն առողջության համար»: Եվ դա շատ համահունչ է ՀՖՖ-ի ձեռնարկած միջոցառումների հետ: Ինչպես հատնի է, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի երրորդ դասաժամը տրամադրվել է ֆուտբոլին, հրատարակվել է դասագիրք: Այսինքն, մեր երկրում ֆուտբոլի մասսայականացումը հանրակրթական դպրոցներում համահունչ է ՖԻՖԱ-ի եզրահանգման հետ: Մեզ առողջ սերունդ է անհրաժեշտ, և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզադաշտերի ստեղծումը ամբողջ Հանրապետությունում, այս բոլորը նպատակաղուղղված է ֆուտբոլի մասսայականացմանը, և այս կտրվածքով մենք նպաստում ենք նաև նոր սերնդի առողջությանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel