Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.09.2009

Եվրոպայի Մ 21 տարեկանների առաջնություն. Հայաստան – Շվեյցարիա` 1:3

Սեպտեմբերի 4-ին Երևանի «Միկա» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականն իր երրորդ հանդիպումն անցկացրեց 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում: Այս անգամ մեր թիմի մրցակիցը Շվեյցարիայի երիտասարդական ընտրանին էր: Արդեն հանդիպման սկզբնամասում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ. արդյունքի հասավ Խավյեր Խոխշտրասերը: Սակայն մեր թիմին շատ արագ հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը. անկյունայինի խաղարկման արդյունքում գնդակը բաժին հասավ Հիրաչ Յագանին, և վերջինս հեռվից կատարած հարվածով այն ուղարկեց մրցակցի դարպասը: Այնուամենայնիվ, շվեյցարացիները դեռ մինչև ընդմիջում կարողացան ևս երկու անգամ գրավել Գևորգ Պրազյանի դարպասը: Առաջին դեպքում աչքի ընկավ Ջոնաթան Ռոսինին, իսկ երկրորդում` Ֆրանկ Ֆելտշերը: Չնայած նրան, որ երկրորդ կեսում երկու թիմերն էլ արդյունքի հասնելու հնարավորություններ ստեղծեցին, փոփոխություն մտցնել հաշվի մեջ այդպես էլ չկարողացան: Արդյունքում` Հայաստանի երիտասարդականը պարտվեց 1:3 հաշվով:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՇՎԵՅՑԱՐԻԱ 1:3 (1:3)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար`
Լեոնտիոս Տրատու (Կիպրոս)

Գոլերը` Հիրաչ Յագան, 11; Խավյեր Խոխշտրասեր, 4, Ջոնաթան Ռոսինի, 36, Ֆրանկ Ֆելտշեր, 40

ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Պրազյան, Արտակ Եդիգարյան (Հովհաննես Համբարձումյան, 46), Արտաշես Առաքելյան, Վարանթ Բեզդիկյան (Կառլեն Մկրտչյան, 73), Արտակ Անդրիկյան, Դավիթ Մանոյան, Արթուր Յուսպաշյան, Մասիս Ոսկանյան, Հիրաչ Յագան, Գևորգ Ղազարյան (Արտակ Ալեքսանյան, 59), Ալբերտ Թադևոսյան

Պահեստայիններ` Էդվարդ Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան, Նարեկ Դավթյան, Գրիշա Խաչատրյան

Գլխավոր մարզիչ` Ֆլեմինգ Սերիցլև

ՇՎԵՅՑԱՐԻԱ` Յան Սոմեր, Գաետանո Բերարդի, Ֆիլիպ Կոխ, Ջոնաթան Ռոսինի (Ռոլֆ Ֆելտշեր, 83), Ֆրանսուա Աֆոլտեր, Դանիել Պավլովիչ, Ֆրանկ Ֆելտշեր, Խավյեր Խոխշտրասեր, Ալեսանդրո Կյարոկի (Մարիո Գավրանովիչ, 81), Մորենո Կոստանցո (Սիմոնե Գրիպո, 69), Ադրիան Նիկչի

Պահեստայիններ` Ջեյսոն Լյուտվայլեր, Միկել Մորգանելա, Ադիլսոն Տավարես, Օրհան Մուստաֆի

Գլխավոր մարզիչ` Պյերլուիջի Տամի

Զգուշացումներ` Դանիել Պավլովիչ, 90, Արտակ Ալեքսանյան, 90+1





Խաղից հետո.


Ֆլեմինգ Սերիցլև, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

«Մեր խաղը պաշտպանությունում դեռ կաղում է: Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել և փորձել բարելավել խաղն այդ գծում, դեռ շատ անելիքներ ունենք: Ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ֆուտբոլիստներից, քանզի նրանք մինչև վերջ պայքարեցին դաշտում: Գտնում եմ, որ նրանք արեցին իրենց ուժերի առավելագույնը:

Հավաքականի մարզիչներն ընդամենը մի քանի օր են ունենում շտկումներ անելու համար: Իհարկե, դա շատ կարճ ժամանակ է: Այս ուսումնամարզական հավաքի ժամանակ մենք շեշտը դրել էինք պաշտպանական գծում թերությունները շտկելու վրա, սակայն մեզ չհաջողվեց լիովին հասնել մեր նպատակին:

Ինչ վերաբերում է արտասահմանից հրավիրված ֆուտբոլիստներին, ապա կասեմ, որ Հիրաչ Յագանի և Մասիս Ոսկանյանի խաղից ես գոհ եմ, չնայած գիտեմ, որ Մասիսը կարող է շատ ավելի լավ գործել: Ցավոք, Լևոն Հայրապետյանը վնասվածք ստացավ մարզումներից մեկի ժամանակ: Եթե չլիներ այդ վնասվածքը, նա նույնպես կընդգրկվեր մեկնարկային կազմում: Վարանթ Բեզդիկյանը վատ չխաղաց, բայց նա առայժմ իր լավագույն մարզավիճակում չի գտնվում:
Ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնենք պաշտպանության վրա: Միայն քիչ գոլ բաց թողնելու դեպքում, մենք կարող ենք հասնել հաջողության»:

Պյերլուիջի Տամի, Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

«Այս հանդիպումը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մենք պարտվել էինք Էստոնիային սեփական հարկի տակ, և նահանջելու տեղ այլևս չունեինք: Ես գիտեի, որ Հայաստանի հավաքականի կազմում հանդես չեն գա երեք առանցքային ֆուտբոլիստներ, սակայն պետք է նշեմ, որ մեր թիմի կազմում ևս կային կորուստներ: Մասնավորապես, չորս ֆուտոբլիստի հրավիրվել են Շվեյցարիայի ազգային հավաքական, բացի այդ, երեք ֆուտբոլիստ վնասվածք ուներ: Այնպես որ, մինչխաղային հնարավորությունները ես գնահատում էի հավասար: Ես գոհ եմ մեր թիմի այսօրվա ելույթից:
Ի համեմատություն առաջին հանդիպման, կարող եմ ասել, որ շատ տարբեր էին այս մրցավեճերի երկրորդ խաղակեսները: Եթե Շվեյցարիայում մենք վատ խաղացինք, ապա այստեղ` Երևանում, անհամեմատ ավելի լավ հանդես եկանք»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel