Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.03.2010

Բարձրագույն խմբի բոլոր ներկայացուցիչներին շնորհվեցին արտոնագրեր

Այսօր` մարտի 10-ին, ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, որի գումարման նպատակն էր որոշել, թե հայկական որ ակումբները կստանան “ազգային” արտոնագրեր` այդպիսով արժանանալով ՀՀ Բարձրագույն խմբի 2010թ-ի առաջնությանը մասնակցելու իրավունքին:

Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ Արմեն Ղամբարյանը: Նիստին ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մանուկյանը, անդամներ Խաչիկ Դանիելյանը եւ Հակոբ Համբարձումյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը, ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու Տիգրան Իսրաելյանը եւ բաժնի փորձագետները: Նրանք էլ կոմիտեի անդամների քննությանը ներկայացրին ակումբների գործերը:

2009/10թթ-երի դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում ակումբները ՀՖՖ Արտոնագրման բաժին են ներկայացրել իրենց փաստաթղթերը, որոնք վերաբերում են ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Ուղեցույցի ոչ-ֆինանսական չափանիշներին (այն է` մարզական, կադրային-վարչական, իրավական եւ ենթակառուցվածքային), որոնց հիման վրա անցկացվեցին անհրաժեշտ ստուգումներ Արտոնագրման բաժնի փորձագետների կողմից: Այնուհետեւ կազմվեց հաշվետվություն Արտոնագրման կոմիտեի համար: Ստուգումների արդյունքներն ավելի մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Ա. Ազարյանի կողմից:

Հիմնվելով այդ հաշվետվությունների վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի արտոնագրեր շնորհվեցին Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր 8 թիմերի մայր-ակումբներին: Դրանք են` «Փյունիկ», «Միկա», «Ուլիս», «Բանանց», «Գանձասար», «Շիրակ» եւ «Կիլիկիա» ՖԱ-ները, ինչպես նաեւ Բարձրագույն խմբի նորեկ «Էրեբունի-Դիլիջան» ՄԱ-ն: Սա նշանակում է, որ վերը նշված ակումբների 1-ին թիմերը կկարողանան մասնակցել Հայաստանի 2010թ-ի Բարձրագույն խմբի առաջնությանը:
Այնուամենայնիվ, «արտոնագրային» գործընթացն այսքանով չի ավարտվում: Մինչեւ ս.թ. ապրիլի 5-ը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնություն ունեցող ակումբները պետք է ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնեն նաեւ իրենց ֆինանսական փաստաթղթերը, որոնց քննության հիման վրա որոշում կկայացվի ակումբների` «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրի ճակատագրի վերաբերյալ:

 

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel