Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.05.2010

Ֆլեմինգ Սերիցլև. «Ես հպարտանում եմ այս թիմով»

Մայիսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումում: Տալլինից վերադառնալուց հետո, լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը`

- Մենք շատ լավ խաղացինք: Շատ դժվար խաղ էր: Գիտեինք, թե ինչպես են էստոնացիները խաղալու. այսինքն հիմնականում պաշտպանությունում, իսկ հարձակվելու են երկար փոխանցումներ կատարելով և գնդակը վերևով փոխանցելով մրցակցի տուգանային հրապարակ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` մենք ընտրել էինք երկու տարբերակ. առաջինը` դաշտի տերերին ստիպեինք առաջ շարժվել: Այլ կերպ ասած` մրցակցի պաշտպանության և կիսապաշտպանության միջև ազատ տարածք պետք է առաջացնեինք, որպեսզի սլացիկ գրոհներ կազմակերպեինք: Ունեինք նաև երկրորդ տարբերակը` ճնշման գործադրումը մրցակցի կիսադաշտում:
Հանդիպման մեկնարկից 10 րոպե անց պարզվեց, որ առաջին տարբերակը չի աշխատելու: Սկսեցինք կիրառել երկրորդ տարբերակը: Զավեն Բադոյանն ու Հենրիխ Մխիթարյանը ճնշում էին գործադրում կենտրոնական պաշտպանների վրա: Եզրերում նույն պարտականությունները կատարում էին Էդգար Մալաքյանը և Գևորգ Ղազարյանը: Քիչ թե շատ մեզ հաջողվեց իրականացնել երկրորդ տարբերակը:
Չափազանց վատ խաղադաշտի վրա մեր թիմը կարողացավ լավ խաղ ցուցադրել, եղան դրվագներ, երբ մեր ֆուտբոլիստները շատ գեղեցիկ խաղ ցույց տվեցին:
Սկսած Թուրքիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումից` մեր հավաքականը վերջապես խիզախություն է ձեռք բերել և պրեսինգ է կիրառում մրցակցի կիսադաշտում հենց արտագնա հանսդիպոմներում: Եվ այդ մարտավարության շնորհիվ վերջին 5 խաղում գոլային շատ հնարավորություններ ենք ստեղծել: Ով դիտել է Էստոնիայի հավաքականի հետ հանդիպումը, կհամաձայնվի ինձ հետ, որ վերջնական հաշիվն այնքան էլ չի համապատասխանում խաղադաշտում ծավալված իրադարձությունների պատկերը. մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել:
Ամենակարևորն այն է, որ թիմը ակնհայտորեն բարելավել է իր խաղը: Մենք այժմ ցուցադրում ենք ժամանակակից ֆուտբոլ` գործելով հարձակողական ոճով: Գնդակն ստանալուն պես այն փոխանցում ենք առաջ և սկսում հերթական գրոհը: Այսպես միշտ փորձում ենք մրցակցին հանել հավասարակշռությունից: Ես հպարտանում եմ այս թիմով: Ըստ իս` Հայաստանը նույնպես պետք է հպարտության զգացում ունենա, որ այսպիսի հավաքական ունի:

- Զավեն Բադոյանն առաջին հանդիպումն անցկացրեց երիտասարդական հավաքականի կազմում: Ինչպիսի՞ տպավորություն թողեց նրա խաղը:
- Ինչպես գիտեք, նա իր նորամուտը նշեց մեր հավաքականի կազմում, և պետք է ասեմ, որ նրա խաղը շատ լավ տպավորություն թողեց: Սովորաբար ֆուտբոլիստներն առանց համատեղ մարզումների շատ դժվար են ընտելանում թիմի խաղաոճին: Սակայն Զավենը տեխնիկական լավ պատրաստականության շնորհիվ շատ հեշտ ու արագ հաղթահարեց այդ արգելքը:

- Վրաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպումներով Հայաստանի հավաքականը կավարտի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Ծանո՞թ եք մրցակցի խաղին:
- Դիտել եմ Վրաստանի մինչև 21 տարեկանների թիմի մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները և կարող եմ ասել, որ շատ լավ հավաքական է: Վրաստանի երիտասարդական ընտրանին շատ լավ խաղ ցուցադրեց հատկապես թուրքերի հետ խաղում և հաղթեց 4:0 հաշվով: Աչքի են ընկնում երկու ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաև Ժանո Անանիձեն: Տեխնիկապես շատ լավ պատրաստված խաղացող է և տակտիկապես շատ գրագետ է գործում: Ունենալով այդպիսի տեխնիկա` չի չարաշահում անհատական խաղը: Գիտի, թե երբ պետք է փոխանցի գնդակը և երբ խաբս տա: Հասկանում եմ, որ Վրաստանի հավաքականի հետ հանդիպումները յուրահատուկ են լինելու այն բանի համար, որ մեր հարևանն է: Նույնն էլ կատարվում է իմ երկրում` Դանիայում, երբ մենք խաղում ենք Շվեդիայի ընտրանու հետ: Այդ թիմի հետ խաղերում ոչ թե պետք է ենթարկվենք մրցակցի խաղաոճին, այլ ձգտենք ցուցադրել մեր ֆուտբոլը: Նման կարգի հանդիպումներում նաև կրքերը կարող են բորբոքվել: Չպետք է ենթարկվենք սադրանքներին, այլ պետք է խաղանք մեր ֆուտբոլը: Ես վստահ եմ, որ մեր ֆուտբոլիստները սադրանքների չեն ենթարկվի:

- Գնահատեք Հայաստանի հավաքականի հնարավորությունները ընտրական ընթացիկ փուլում:
- Մեզ համար ընտրական մրցաշարի սկիզբը շատ ծանր ստացվեց: Խաղացանկը բարենպաստ չէր, քանի որ մեկնարկային 4 խաղում մեր մրցակիցները խմբի ընդգծված առաջատարներն էին: Բացի այդ, Հայաստանի հավաքականն ընտրական փուլն սկսում էր նոր գլխավոր մարզչով և սռանց ստուգողական հանդիպումների, մինչդեռ մեր հիմնական մրցակիցները ընկերական 4 խաղ էին անցկացրել: Իհարկե, դեռ հնարավորություններ ունենք` գրավելու երկրորդ տեղը: Ամեն ինչ կանենք` այդ խնդիրը լուծելու համար: Իհարկե, հեշտ չի լինի, քանի որ միավորների հավասարության դեպքում առավելություն կստանան մրցակիցները, քանի որ առերես հանդիպումներում մենք զիջել ենք և Շվեյցարիայի և Թուրքիայի հավաքականներին:

Հայկական ակումբներում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք մոտ ապագայում կարող են ուժեղացնել Հայաստանի երիտասարդական հավաքականը
«Վերջերս կայացած «Բանանց»-«Միկա» խաղում լավ տպավորություն թողեց Վալտեր Պողոսյանը։ Նա լավ հատկանիշներ ունի, արագ է, և ես տեսնում եմ, որ նա առաջընթաց է ապրում։ Երիտասարդական հավաքականի վերջին հանդիպումներին մասնակցում են նրանք, ովքեր արագություն ունեն և լավ են պատրաստված տեխնիկապես:
19 տարեկանների հավաքականում ևս կան ֆուտբոլիստներ, որոնք մոտ ապագայում կարող են ուժեղացնել երիտասարդականը։ «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է ուժեղ ֆուտբոլիստ դառնա: «Բանանցի» ֆուտբոլիստներից լավ տվյալներ ունեն Գրիշա Խաչատրյանը և Արմեն Զաքարյանը։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel