13.10.2010
ԵՎՐՈ-2012. Հայաստան-Անդորրա 4:0
Հոկտեմբերի 12-ին նոր էջ գրվեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը տոնեց ամենախոշոր հաղթանակը իր պատմության մեջ, իսկ Գևորգ Ղազարյանը գրանցեց իր հաշվին հավաքականի 100-րդ գոլը:
Սլովակիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո, գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ եթե մեր ֆուտբոլիստները նույն տրամադրվածությամբ և ոճով անցկացնեն նաև այս հանդիպումը, ապա հաղթանակը համեստ Անդորրայի նկատմամբ կասկած չի հարուցի:
Հինգ րոպե պահանջվեց մեր տղաներին, որպեսզի անդորրացիները առաջին անգամ գնդակը հանեն ցանցից: Գևորգ Ղազարյանը, ստանալով գնդակը հարձակման ձախ եզրում, տեղաշարժվեց դեպի կենտրոն և դիպուկ հեռահար հարվածով գրավեց Գոմեսի պաշտպանած դարպասը: 16-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը ձեռբազատվեց պաշտպանի հսկողությունից, մեն մենակ դուրս եկավ դարպասպահի արջև և հարվածեց: Գոմեսին հաջողվեց հետ մղել գնդակը, բայց այն եկավ ուղիղ Մխիթարյանի մոտ, ով էլ կրկնապատկեց հաշիվը:
Երրորդ գոլը իրեն սպասեցնել չտվեց: Սարգիս Հովսեփյանը իր կիսադաշտից ձեռնարկեց անհատական անցում և հասնելով մինչև անկյունային հարվածի նշակետը, փոխանցում կատարեց տուգանային հրապարակ ուղիղ Մովսիսյանի վրա, ով երրորդ անգամ ստիպեց հյուրերին խաղը սկսել դաշտի կենտրոնից:
Երկրորդ խակակեսի սկզբում գնդակը չորրորդ անգամ հայտնվեց Անդորրայի ընտրանու դարպասում: Մարկոս Պիզելին հեռահար հարվածով գրավեց հյուրերի դարպասը, որից հետո խաղն ընթացավ ավելի հանգիստ հունով: Ունենալով գոլ խփելու ևս մի քանի հնարավորություն Հայաստանի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով և հանգրվանեց 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբի երրորդ հորիզոնականում:
Լուսանկարները` HAKBER/TOTALFOOTBALL