Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.12.2010

Վարդան Մինասյան.«Եթե հաղթենք Ռուսաստանին, ապա դա սենսացիա չեմ համարի»

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ամփոփեց մրցաշրջանի արդյունքները, այդ թվում նաև անդրադարձավ ազգային հավաքականին վերաբերվող հարցերին:

Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 9-ին Կիպրոսում ընկերական հանդիպում է անցկացնելու Վրաստանի ընտրանու հետ։ Վարդան Մինասյանը նշեց, որ փետրվարի սկզբին ազգային թիմը ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացնելու, սակայն դեռ մրցակիցը հայտնի չէ։

«Ընկերական հանդիպումներում հաջող հանդես գալը հոգեբանորեն կարևոր է, թեև միայն արդյունքի վրա չենք կենտրոնանալու»,- ասաց Վարդան Մինասյանը:

Մարտի 26-ին Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք ընտրական հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ցանկանում է տեսնել, թե ինչ վիճակում են թեկնածուները, ինչպես նաև նորեկները, ովքեր կարող են համալրել երկրի գլխավոր թիմը։

Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է հաղթել Ռուսաստանին, Վարդան Մինասյանը տվեց հետևյալ պատասխանը. «Եթե վերցնենք վիճակագրությունը, ապա Ռուսաստանը 0:1 հաշվով պարտվեց Սլովակիային, իսկ մենք 3:1 հաշվով հաղթեցինք սլովակներին, այնպես որ ամեն ինչ հնարավոր է: Ընդհանրապես շատ կարևոր է, թե ինչ վիճակում է գտնվում թիմը հենց խաղի օրը, և եթե մեզ հաջողվի հաղթել Ռուսաստանի հավաքականին, ապա ես դա սենսացիա չեմ համարի»:

«Մենք որոշեցինք սերնդափոխություն կատարել քանի որ զգացվում էր, որ նախկին կազմի ֆուտբոլիստները արդեն ստիմուլ չունեին խաղալու, մոտիվացիայի պակաս էր զգացվում: Մենք 9-10 հոգի հրավիրեցինք երիտասարդական հավաքականից, որոնց հիման վրա ստեղծում ենք թիմի կորիզը: Ինձ թվում է, որ արդեն հիմնական կազմի ձևավորման աշխատանքները մասամաբ իրականացել են»:

«Սելեկցիոն աշխատանքները ընթանում են: Ես կցանկանայի նշել հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի անունը, ով լավ տպավորություն թողեց ինձ վրա «Այաքսի» վերջին խաղում: Եթե ես կարծում էի, որ Արազը երիտասարդական հավաքականին կարող է օգտակար լինել, ապա այժմ գտնում եմ, որ նա ազգային հավաքականն էլ կարող է ուժեղացնել»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel